ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարացվի մինչև 2026 թվականը

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարացվի մինչև 2026 թվականը

PanARMENIAN.Net - Հայաստանն ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026թ.-ը երկարացնելու մասին միջկառավարական համաձայնագիր կստորագրի Ռուսաստանի հետ:

Այդ մասին, ինչպես հայտնում է ԱՌԿԱ գործակալոիթկունը, ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ:

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայ գործընկերոջ` Սերժ Սարգսյանի հետ ունեցած բանակցություններից հետո լրագրողներին հայտնել էր, որ Ռոսատոմը պայմանավորվել է հայ փորձագետների հետ` համատեղ աշխատել Հայկական ԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով, մինչև 2026թ.–ը երկարացնելու նախագծի իրականացման ուղղությամբ։

Հայկական ԱԷԿ-ը, որը տարածաշրջանի միակ ատոմակայանն է, տեղակայված է Երևանից 30 կմ դեպի հարավ: Այն շահագործման է հանձնվել 1980թ.-ին և գործունեությունը դադարեցրել է 1989թ.-ի մարտին` 1988թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո: ԱԷԿ-ը վերագործարկվել է 1995թ.-ի նոյեմբերին հանրապետությունում գրանցված սուր էներգետիկ ճգնաժամի պատճառով:

Նախատեսվում է նոր էներգաբլոկի կառուցում մինչև 1000 մՎտ հզորությամբ: Նախագծի արժեքը մոտ 5 մլրդ դոլար է և արգելակվում է ֆինանսավորման պակասի պատճառով: ՌԴ-ն պատրաստ է սարքավորումներ տրամադրել, որոնք կկազմեն կառուցման արժեքի 35-40 տոկոսը, մյուս միջոցները Հայաստանը պետք է հայթայթի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---