Թուրք ճարտարապետները կոչ են անում Հռոմի պապին բոյկոտել միջոցառումը «Էրդողանի պալատում»

Թուրք ճարտարապետները կոչ են անում Հռոմի պապին բոյկոտել միջոցառումը «Էրդողանի պալատում»

PanARMENIAN.Net - Թուրքիայի ճարտարապետների միությունը նամակ է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ կոչ անելով չմասնակցել միջոցառմանը Ակ Սարայ (Սպիտակ պալատ) նախագահական պալատում:

Ըստ Turkish Weekly-ի, ճարտարպետները Հռոմի պապին նամակ են հղել՝ թվարկելով բնապահպանական խախտումները, որ թույլ են տրվել պալատի կառուցման ժամանակ: Ճարտարապետները խնդրել են Հռոմի պապին «չօրինականացնել պալատը, որը կառուցվել է միջազգային նորմերի խախտմամբ՝ մասնակցելով այնտեղ կայանալիք արարողությանը»:

Միության ղեկավարներից մեկը՝ Թոզկան Կարակուլի Չանդանը հայտարարել է, որ կազմակերպիչները նման նամակներ են հղելու պալատում կայանալիք արարողության բոլոր ապագա հյուրերին, թույլ չտալու համար, որ միջոցառումն այնտեղ անցնի:

Պալատը կառուցվել է Աթաթուրքի անվան այսպես կոչված անտառտնտեսության գոտում, որտեղ ծառահատումներն ու շինարարությունն արգելված են: Սակայն 2012-ի գոտու տարածքը միտումնավոր փոքրացրին ապագա նախագահական պալատը կառուցելու համար, որը ժողովուրդը «Էրդողանի պալատ» է անվանում: Հսկայական համալիրն իր չափերով գերազանցում է Կրեմլի, Բուքինգեմյան պալատի կամ Սպիտակ տան տարածքները: Կառուցապատման նպատակով հարյուրավոր ծառեր են հատվել:

Առանձին սկանդալի առիթ հանդիսացավ պալատի արժեքը: Կառուցման համար ծախսվեց մոտ 600 մլն դոլար: Աղքատության շեմից ցածր է ապրում Թուրքիայի բնակչության 20 տոկոսը:

Հռոմի պապի այցը Թուրքիա նախատեսված է նոյեմբերի 28-ին: Ակնկալվում է, որ այցի ընթացքում նա կանդրադառնա բռնությանը Մերձավոր Արևելքում և քրիստոնյաների սպանություններին Սիրիայում և Իրաքում: Ֆրանցիսկոսին Թուրքիա է հրավիրել Կոստանդնուպոլսի պատրիարքը, որն ամռանն էր այցելել Վատիկան՝ ներկա գտնվելով Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների հետ Ֆրանցիսկոսի համատեղ աղոթքին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---