Անհանգիստ հարևանություն. Վրաստանը զե՞նք կգնի ԱՄՆ-ից

Անհանգիստ հարևանություն. Վրաստանը զե՞նք կգնի ԱՄՆ-ից

PanARMENIAN.Net - ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ Հոջեսը հաստատեց լրագրողներին այն տեղեկատվությունը, որ անցած շաբաթ ԱՄՆ և Վրաստանի ներկայացուցիչները բանակցել են վրացական կողմին զենք վաճառելու վերաբերյալ:

«Ես իրոք իրազեկ եմ զենքի գնման շուրջ խոսակցություններին, որոնք եղել են անցած շաբաթ Վաշինգտնում: Կարծում եմ, որ իմ կողմից աննպատակահարմար կլինի խոսել հանդիպման մասին, որը տեղի ունեցավ բարձր մակարդակում իմ երկրի և Վրաստանի ներկայացուցիչների միջև»,-ասել է գեներալ Հոջեսը Թբիլիսիում լրագրողներին:

«Ես նշանակվել եմ այս պաշտոնում մեկ շաբաթ առաջ, սա իմ առաջին պաշտոնական այցն է հրամանատարի պաշտոնում: Ըստ իս, դա վկայում է մեր ռազմավարական գործընկեր Վրաստանին ԱՄՆ հավատարմության մասին»,-հավելել է նա:

Անցած շաբաթ այցով ԱՄՆ-ում էր գտնվում, Վրաստանի ԶՈւ միացյալ շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ զենքի գնման մասին բանակցությունները պետք է շարունակվեն Վրաստանի ՊՆ նոր ղեկավար Մինդի Ջանելիձեի հետ, գրում է «Նեզավիսիմայա գազետնան»:

Հոկտեմբերին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարեց, որ ավարտվել են Վրաստանում ՆԱՏՕ-ի մարզչական կենտրոնի տեղակայման նախապատրաստական աշխատանքները: Ըստ վրացական ԶԼՄ-ների, ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը կարող է բացվել Վազիանիում Վրաստանի ՊՆ բրիգադի տարածքում: Վրաստանում նաև գործում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող լեռնային հրաձիգների ռազմակայանը Սաչխերեում: Վրաստանում ուսումնական կենտրոնի բացումը, որտեղ կնախապատրաստվեն դաշինքի զինծառայողները, նախատեսվում է ՆԱՏՕ-Վրաստան գործակցության փաթեթով, որն ընդունվել է 2014-ի սեպտեմբերին Ուելսում կայացած դաշինքի գագաթնաժողովում:

«Նոր փաթեթում կան նաև այլ նախաձեռնություններ, ինչպես օրինակ ռազմական դպրոցի կառուցում, որտեղ տարբեր երկրների ներկայացուցիչներ կպատրաստվեն, ինչպես նաև լոգիստիկ կենտրոնի հիմնում, որը կնպաստի մարզումների անցկացմանը, կընդունի և կուղարկի զինվորականներին»,-մեջբերում է վրաց նախարարին ՌԻԱ Նովոստին: Ընդ որում Ալասանիան նշել է, որ Վրաստանում նախագծերի իրականացման գործընթացը կղեկավարի և կվերահսկի ՆԱՏՕ-ի հատուկ խումբը:

Մոսկվան հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի շահերից բխող ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Վրաստանում սպառնալիք կստեղծի կայունությանն Անդրկովկասում: Ալասանիայի հայտարարության նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց Վրաստանի, Ռուաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի միջև ժնևյան բանակցությունների ընթացքի վերաբերյալ՝ մեկնաբանելով նաև ուսումնական կենտրոնի ստեղծման հնարավորությունը: «Ռուսական կողմից մտահոգություն հայտնվեց Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի շահերից բխող ռազմական ենթակառուցվածք տեղակայելու ծրագրերի մասին վրացական ԶԼՄ-ների հաղորդագրությունների կապակցությամբ: Նման գործողությունները սպառնալիք կստեղծեն Անդրկովկասի տարածաշրջանում ձևավորվող կայունության համար»,-մեջբերում է հաղորդագրությունը «Ամերիկայի ձայնը»: Նշվում է, որ Ուելսում ՆԱՏՕ-ի սեպտեմբերյան գագաթնաժողովում ընդունած որոշումները ՆԱՏՕ-ի և Վրաստանի հարաբերությունների խորացման վերաբերյալ, մտահոգում են Սուխումին ու Ցխինվալին, որոնք այդ առնչությամբ հայտարարել են Թբիլիսիի հետ ուժի չկիրառման մասին համաձայնագրերի ստորագրման «զգալիորեն աճած անհրաժեշտության մասին»:

Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել վրաց պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլիին, եթե համապատասխան ազդանշան լինի Վրաստանի կողմից:

Ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրումը հետաձգվում է, քանի որ Վրաստանը հրաժարվում է ճանաչել Ցխինվալն ու Սուխումը հակամարտության կողմ և պահանջում է Մոսկվայի ստորագրությունը: Իսկ Ռուսաստանը հայտարարում է, որ չի մասնակցում հակամարտությանը և պահանջում է փաստաթուղթը ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ:

Ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 2008թ. օգոստոսյան 5-օրյա պատերազմից հետո մի կողմից Վրաստանի և մյուս կողմից Հարավային Օսեթիայի, Աբխազիայի ու ՌԴ միջև:

Իրավիճակը վրաց-օսական հակամարտ գոտում կտրուկ սրվեց հուլիսին-օգոստոսի սկզբին: Ակտիվ մարտական գործողությունները սկսվեցին օգոստոսի լույս 8-ի գիշերը, երբ Վրաստանը զանգվածային գնդակոծության ենթարկեց Հարավային Օսեթիայի մայրաքաղաքը, որից հետո փորձեց զավթել Հարավային Օսեթիան: Օգոստոսի 8-ին Ռուսաստանի նախագահը հայտարարեց հակամարտության գոտում խաղաղության պարտադրման գործողություն սկսելու մասին: Տարածաշրջան ռուսական զորքեր մտան: Մի քանի օրում ռուսական զորքերը հարավօսական զինյալների հետ միասին դուրս մղեցին վրացական զորքերը Հարավային Օսեթիայից, ինչպես նաև Աբխազիայի Քոդորի կիրճից:

Մարտական գործողությունները շարունակվեցին մինչև օգոստոսի 12-ը: Օգոստոսի 14-16-ը Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Վրաստանի ու Ռուսաստանի նախագահները ստորագրեցին հակամարտության խաղաղ կարգավորման պլանը: 5-օրյա պատերազմը զգալի աշխարհաքաղաքական, տնտեսական ու այլ հետևանքներ ունեցավ: Օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը: Սեպտեմբերի 2-ին Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, արգելակվեց ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---