ԼՂՀ ԱԳՆ. Բաքուն կրկին փորձում է աղավաղել ղարաբաղյան հակամարտության էությունը

PanARMENIAN.Net - «Ափսոսանք է հարուցում այն փաստը, որ պաշտոնական Բաքուն չի հրաժարվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը կրոնական բնույթ վերագրելու փորձերից այն դեպքում, երբ հակամարտության հիմքում նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայ բնակչության հիմնարար իրավունքների ոտնահարումն է եւ այն, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում ճանաչել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-ասվում է ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ «Կովկասյան հանգույց» պորտալին` վերջերս Բաքվում կայացած Իսլամական կոնֆերանսի կազմակերպության համաժողովի ընդունած ամփոփիչ հռչակագրի վերաբերյալ:



«ԻԿԿ արտգործնախարարների 33-րդ նիստում ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձել է աղավաղել հակամարտության էությունը, ներկայացնելով Ադրբեջանը որպես զոհ: Այն դեպքում, երբ հենց Ադրբեջանը, որն ի վիճակի չեղավ լուծել խնդիրը իրավական շրջանակներում, գնաց զինված ագրեսիայի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Եվ հենց պաշտոնական Բաքուն է, որ սիստեմատիկաբար անտեսելով ռազմական գործողությունները դադարեցնելու եւ հաղորդակցության միջոցները ապաշրջափակելու ՄԱԿ-ի ԱԽ բոլոր կոչերը, փորձում էր ուժային ճանապարհով լուծել խնդիրը: Պաշտոնական Բաքվին հաջողվեց ԻԿԿ ամփոփիչ փաստաթղթում ընդգրկել ադրբեջանական քարոզչության մաշված շտամպերը: Նման մոտեցումը միայն հեռացնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հեռանակարները: Միեւնույն ժամանակ ԼՂՀ ԱԳՆ-ն գոհունակությամբ նշում է, որ չնայած Ադրբեջանում ուժգնացող ռազմատենչ ճարտասանությանը, ԻԿԿ-ն իր հստակ դիրքորոշումն է հայտնել հակամարտությունը խաղաղ կերպով կարգավորելու անհրաժեշտության մասին»,-ասվում է ԱԳՆ մեկնաբանության մեջ, հաղորդում է «Դե-Ֆակտո» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---