Խախտումներ ունեցող միգրանտներին 10 տարով կարտաքսեն Ռուսաստանից

Խախտումներ ունեցող միգրանտներին 10 տարով կարտաքսեն Ռուսաստանից

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդուման երկրորդ ընթերցմամբ օինագիծ է ընդունել, որով 10 տարով արգելվում է խախտումներ ունեցող ներգաղթյալների մուտքը Ռուսաստան:

Խոսքն այն միգրանտների մասին է, որոնք ՌԴ-ում նախկին կացության ժամանակ մեկ տարուց ավելի են եղել երկրում և նշված ժամկետը սպառվելուն պես չեն մեկնել երկրից կամ չեն երկարացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, հայտնում է «Ռոսբալտը»:

Գործող օրենքով 3 տարով արգելվում է այն օտարերկրացիների մուտքը, որոնք իրենց նախորդ կացության ժամանակ երկրում եղել են 90 օրից ավելի և չեն լքել Ռուսաստանի սահմանները 30 օրվա ընթացքում ժամանակավոր կացության ժամկետը սպառվելուց հետո:

Դեկտեմբերի 11-ին ՌԴ կառավարությունը Պետդումայի քննարկմանը ներկայացրեց Հայաստանի հետ միմյանց տարածքում երկու պետությունների քաղաքացիներին կացության փոխադարձ կարգավիճակի մասին համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը: Համապատասխան որոշումը հրապարակվել է նախարարների կաբինետի կայքում: Ինչպես ասվում է փաստաթղթին կից տեղեկանքում, նախատեսվում է «Հայաստանի տարածքում ժամանակավոր գտնվող ՌԴ քաղաքացիներին, և Ռուսաստանի տարածքում ժամանակավոր գտվող ՀՀ քաղաքացիներին ազատել պետության լիազոր մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (կացության վայրում հաշվառման կանգնելու) պարտականությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

2014-ի հուլիսին Սոչիում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվեց ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր: Փաստաթղթի ստորագրմանը ներկա են եղել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանների կողմից համաձայնագրերի վավերացումից հետո աշխատանքային միգրանտները ՌԴ-ում կստանան նույն իրավունքները, ինչ Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիները:

Դեկտեմբերի 10-ին ՌԴ Պետդուման վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում: Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը վավերացրեց ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը:

ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստանում աշխատելու ընթացակարգերը զգալիորեն հեշտացվելու են: Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը` անդրադառնալով 2015-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագրին: Նա նշել է, որ օրինական արտագնա աշխատողների համար այլևս լրացուցիչ փաստաթղթերի կարիք չի լինի. միայն ՀՀ քաղաքացու անձնագիր և աշխատանքային պայմանագիր:

«Եթե մարդը գնում է ուսուցման համար, ուսուցման հիմքով պետք է Ռուսաստանում կամ Ղազախստանում մնա, անշուշտ, այս մասին հավաստող փաստաթուղթ է պետք, եթե մարդը ուզում է գնալ աշխատելու, միայն աշխատանքի պայմանագիրը բավարար է, այլևս պետք չէ աշխատելու համար լրացուցիչ համաձայնություն, թույլատվություն ձեռք բերել»,- ասել է Եգանյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---