ԶԼՄ-ներ. Ղազախստանը փորձում է խափանել Մոսկվայի «աշխարհաքաղաքական ռևանշը»՝ դեմ լինելով նաև միասնական արժույթին

ԶԼՄ-ներ. Ղազախստանը փորձում է խափանել Մոսկվայի «աշխարհաքաղաքական ռևանշը»՝ դեմ լինելով նաև միասնական արժույթին

PanARMENIAN.Net - Տարաձայնությունները Եվրասիական տնտեսական միության շրջանակում առկա էին ստեղծման պահից, քանի որ եթե Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկում էր կազմակերպությունը որպես իրավահավասար գործընկերների միություն, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ի դեմս դաշինքի տեսնում է ռուսական գերիշխանության վերականգնման գործիք և ՌԴ գերազանցության ցուցադրում ներքին լսարանի առջև՝ մարող տնտեսական բարգավաճման ֆոնին:

Ինչպես գրում է The Diplomat-ը, Ղազախստանը (ավելի նվազ ջանքերով նաև Բելառուսը, Հայաստանն ու Ղրղզստանը) անում է ամեն ինչ խափանելու համար Մոսկվայի աշխարհաքաղաքական ռևանշի փորձը՝ ձախողելով պաշտպանական միասնական քաղաքականության ջանքերը կամ միության շրջանակում եվրասիական խորհրդարանի գաղափարը:

Այդպիսի դիմակայության վերջին օրինակը տարաձայնություններն էին ԵՏՄ միասնական արժույթի շուրջ: Ինչպես նախկինում միասնական անձնագրերի ներմուծման հարցում, այժմ էլ Ղազախստանը դեմ է այս նախաձեռնությանը, գրում է պարբերականը: Կրկին ու կրկիան անգամ ՌԴ պաշտոնյաները հայտարարում են միասնական արժույթի անհրաժեշտության մասին, իսկ Ղազախստանի պաշտոնյաները հայտարարում են, որ նույնիսկ պաշտոնական բանավեճ այս հարցի շուրջ չի եղել: «Ռուսաստանի պաշտոնյաներն, այնուամենայնիվ, կարծես, չեն հասկանում այդ ակնարկները և տրամադրված են շարունակելու ԵՏՄ շրջանակում միասնական արժույթ ունենալու գաղափարի լոբբինգը»:

Ռուսաստանի Ազգային վճարային խորհրդի նախագահ Ալեքսանդր Մուռիչովը վերջերս կրկին հայտարարեց «Իզվեստիա» թերթին, որ միասնական արժույթի ստեղծումը գործնականում որոշված հարց է: Բացի այդ, նա խոսեց դոլարի և եվրոյի արգելման և միասնական վճարային համակարգի ստեղծման մասին, ինչն ապագայում թույլ կտա արագ անցնել միասնական արժույթի: Դաշնության խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի անդամ Եվգենի Տարլոն նույնպես սատարեց դոլարն ու եվրոն արգելելու գաղափարին:

Ղազախստանի պատասխանը կոշտ էր. Ձեռներեցների ազգային պալատը հայտարարեց, որ ԵՏՄ մասին պայմանագիրը չի ենթադրում, որ անդամները պետք է հրաժարվեն օտար երկրների արժույթներից մասնակից երկրների ներկայացուցիչների միջև գործարքներում: Մեկնաբանեց իրավիճակը նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ հայտարարելով, թե չի նախատեսվում հրաժարավել դոլարից ու եվրոյից:

Միասնական արժույթի ներմուծման հավանականությունն ավելի մեծ կլիներ, եթե այն միայն Ռուսաստանն առաջ չտաներ, և եթե չլինել Ղազախստանի դիմադրությունը: Այս միտումը դժվար թե փոխվի տեսանելի հեռանկարում: Բացի այդ, ռուբլու հետ մեկտեղ թուլանում է նաև ղազախական տենգեն: «Հնարավոր է, որ Ռուսաստանը կապի միասնական արժույթի առաջարկը «ԱՄՆ մոտալուտ փլուզման հետ», սակայն Ղազախստանը, հավանաբար, կգերադասի այդ ռիսկը մի երկրի տնտեսության հետ իր արժույթի կապվածությանը, որն ինքն իրեն ռեցեսիայի մեջ է քաշում»,-եզրակացնում է պարբերականը:

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարեց, որ Մինսկը դեմ չէ միասնական արժույթին, եթե թողարկման հարցում անդամ երկրները հավասարազոր լինեն, և որ էմիսիոն կենտրոնի անկախության հարցը քննարկվում է Եվրասիական տնտեսական միության անդամների կողմից: Իսկ ըստ ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովի գնահատականի, միասնական արժույթի ներմուծումն անխուսափելի է, թեև, հավանաբար, դրա համար 5-10 տարի կպահանջվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---