Սիդնեյում պատանդ են վերցվել սրճարանի աշխատակիցներն ու այցելուները. Ոմանց հաջողվել է փախչել (թարմացված)

Սիդնեյում պատանդ են վերցվել սրճարանի աշխատակիցներն ու այցելուները. Ոմանց հաջողվել է փախչել (թարմացված)

PanARMENIAN.Net - Արդեն մի քանի ժամ է, ինչ Սիդնեյի կենտրոնական մասում գտնվող Lindt սրճարանում անհայտ անձը պատանդ է պահում մոտ 30 մարդու: 5 պատանդներին հաջողվել է փախուստի դիմել, երեքը տղամարդ են, երկուսը՝ կին, բոլորը սրճարանի աշխատակիցներ են: ՌԻԱ Նովոստի գործակալությունը Sky News-ի Twitter- էջի վրա հղումով հայտնել է նաև վեցերորդ փախած պատանդի մասին, սակայն ոստիկանությունը դեռևս հաստատել է միայն 5-ի փախուստի փաստը: Որոշ տվյալներով այժմ շենքում մնում է առնվազն 15 մարդ:

Ինչպես հայտնել է St. Vincent հոսպիտալի ներկայացուցիչ Դևիդ Ֆակտորը, բուժհաստատություն է դիմել պատանդներից մեկը, նրա վիճակը կայուն է գնհատվում:

Ավելի վաղ ավստրալական հեռուստաալիքները փախուստի դիմած պատանդների վրա հղումով, հայտնեցին, թե ոճրագործը հեռախոսազրույց է պահանջում վարչապետ Էբբոթի հետ և պահանջում է սրճարան բերել ԻՊ դրոշը: Ինչպես հայտնել են նախկին պատանդները, ոճրագործն ասել է, որ սրճարանում երկու ռումբ է տեղադրված, ևս երկու պայթուցիկ կա սրճարանից դուրս: Սիդնեյի ոստիկանությունը մի քանի հաղորդագրություն ստացել էր ռումբերի մասին, բայց ոչ մեկը չհաստատվեց: Հանցագործները պատանդ են վեցրել Սիդնեյի կենտրոնում գտնվող Lindt սրճարանի աշխատակիցներին ու այցլուներին: Ենթադրվում է, որ նրանց թիվը կարող է հասնել 40-ի՝ 10 աշխատակից և մոտ 30 այցելու: Այդ մասին հայտարարել է Lindt ընկերության ավստրալական բաժնի նախագահ Սթիվ Լոունը, որի խոսքն է մեջբերում Reuters գործակալությունը:

Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանապետ Քեթրին Բերնը հայտնել էր լրագրողներին, որ ոստիկանության բանախոսները կապ են հաստատել հանցագործների հետ: Ըստ նրա, ոստիկանները «փորձում են պարզել նրանց դրդապատճառները»:

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, պատանդներն առնվազն 13-ն են, նրանց ստիպել են պատուհանից կախել արաբերեն գրությամբ դրոշը: Ծայրահեղականներն առնվազն երկուսն են, նրանք ունեն ուսապարկեր և գոտիներ, որոնք նման են «մահապարտների» գոտիներին»: Ոստիկանությունն այս տեղեկատվությունը չի հաստատում:

ԶԼՄ-ները հայտնել էին նաև դեպքի վայրից մի քանի հարյուր մետրի վրա գտնվող Սիդնեյի օպերային թատրոնի տարհանման մասին, որտեղ ինչ-որ անհայտ առարկա է հայտնաբերվել: Ազգային անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ է գումարել:

Ավստրալիայի իշխանությունները սեպտեմբերին պատմության մեջ առաջին անգամ հայտարարեցին ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ: Վարչապետ Թոնի Էբբոթն այն ժամանակ հայտարարեց, որ «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը հրահանգել է Ավստրալիայի իր հետևորդներին մի շարք «ցուցադրական սպանություններ» կատարել: Ահաբեկիչները պետք է պատահական ընտրությամբ որոշեն զոհին, փաթաթեին ԻՊ դրոշով և գլխատեն:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---