Brent տեսակի նավթի գինը 60 դոլարից պակաս է. Ակնկալվում է հետագա նվազում

Brent տեսակի նավթի գինը 60 դոլարից պակաս է. Ակնկալվում է հետագա նվազում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները Լոնդոնի բորսայի սակարկություններում նվազել են 2 տոկոսով՝ հասնելով 59,86 դոլարի մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0,50 տոկոսով, մինչև 55,93 դոլար մեկ բարելի դիմաց, գրում է Reuters գործակալությունը:

Նավթի համաշխարհային գների անկումը կապված է այն մտավախության հետ, որ ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արտադրողները կարող են ավելացնել նավթի արդյունահանումը: Դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում նավթի արդյունահանման ծավալը երկրում հասավ օրական 9,12 մլն բարելի: Քանի որ ՕՊԵԿ անդամ երկրները հրաժարվեցին նվազեցնել արդյունահանումը, նավթի գինը շարունակում է նվազել: Bloomberg-ի հարցմանը մասնակցած 17 փորձագետները կանխատեսում են գնանկում մինչև 50 դոլար: Հունիսիսց «սև ոսկին» արդեն կորցրել է իր արժեքի 47 տոկոսը՝ Brent տեսակի նավթի ամենաբարձր գինը եղել է 115 դոլար:

Նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձեցին պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց:

Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից:

Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---