ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է

ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է

PanARMENIAN.Net - ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաստատել է, որ մայիսի 17–ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ քաղաքական խորհրդի 4 անդամներով հանդիպել են Բագրատ սրբազանին։

Հարցին, թե արդյո՞ք առաջին նախագահի ղեկավարած ուժն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոսի առաջնորդած շարժմանը, ՀԱԿ փոխնախագահը պատասխանել է, որ ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է, հայտնում է «Ազատությունը»։

«Այո, տեղի է ունեցել հանդիպում Բագրատ սրբազանի հետ և կարծիքների փոխանակում Հայաստանում ստեղծված իրավիճակի ու անվտանգության բնագավառում ճգնաժամի հաղթահարման ուղիների շուրջ։

Մենք գտնում ենք, որ ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է: Այդ կապակցությամբ մենք էլ ենք բարձրաձայնել մեր քննադատությունը և շարունակելու ենք ներկայացնել մեր տեսակետները: Մենք հետևում ենք զարգացումներին: Ակնկալում ենք, որ քաղաքական բոլոր գործընթացները լիովին կընթանան Սահմանադրության և օրենքների շրջանակներում: Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից և քաղաքական հետապնդումներից»,–ասել է Զուրաբյանը:

Մայիսի 16–ին Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ուղերձ է հղել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ու շեշտել` ՀՀ իշխանությունը պետք է հեռանա։ Բագրատ սրբազանը սահմանազատման հանձնաժողովների մայիսի 15–ի նիստը տխրահռչակ է անվանել և ընդգծել է, որ այն իրականացվել է մթության քողի տակ։Նա նշել է, որ ՀՀ իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից։ Նա հայտարարել է բոլոր քաղաքական ուժերի հետ առաջիկա հանդիպումների մասին։

«Կրկնում եմ այլընտրանք չկա կա՛մ այսօր, կա՛մ երբեք։ Պետք է ազատագրենք մեր հայրենիքը ստորացումից, պարտադրանքից և ծաղրանքից»,– ասել է սրբազանը։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---