Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր

Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո: «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացել են հայաստանյան 118 թանգարան, որոնք բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն մայիսի 18-ին՝ ժամը 11:00-24:00-ն:

Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանն ընդառաջ՝ մայիսի 17-ին, Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել ասուլիս, որի բանախոսներից ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հայտնել է, որ 2023–ին թանգարաններ այցելել է 1,228,155 այցելելու, ինչը բավականին լավ արդյունք է։

Նախորդ տարի կազմակերպվել է ժամանակավոր 270 ցուցահանդես, գիտակրթական 2736 ծրագիր, թանգարանային 699 միջոցառում: Դպրոցական բաժանորդային ծրագրի շրջանակում թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ է այցելել 229,889 աշակերտ»:

Նա նշել է, որ թանգարանները պետք է բեռնաթափվեն վարչական աշխատանքներից և առավելագույնս ուշադրության կենտրոնում պահեն կրթական ծրագրերը:

Քոչարյանի տեղեկացմամբ՝ 2024 թվականի առաջին եռամսյակում թանգարանների այցելուների թիվը 161,725 է։

Քոչարյանը 2024 թ. համար առանձնացրել է 2 կարևոր ցուցադրության իրականացում. Ռուսական արվեստի թանգարանը Տրետյակովյան պատկերասրահում հունիսին կբացի ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի 125-ամյակին: Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրությունը, որտեղ կցուցադրվի Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը (Ք․ ա․ II-I դդ․):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---