Reporters Without Borders. Թուրքիայում ձերբակալված լրագրողներն անհապաղ պետք է ազատ արձակվեն

Reporters Without Borders. Թուրքիայում ձերբակալված լրագրողներն անհապաղ պետք է ազատ արձակվեն

PanARMENIAN.Net - «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչ Յոհան Բիրը վերջին 2 օրում Թուրքիայում սկիզբ առած լրագրողների ձերբակալությանների վերաբերյալ հայտարարություն է տարածել:

Zaman-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Դատապարտում ենք Թուրքիայում ընդդիմադիր ձայների հանդեպ գնալով ահագնացող ճնշումը: Ձերբակալված լրագրողներն անհապաղ պետք է ազատ արձակվեն»:

Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ հոդվածներ գրող լրագրողները սպառնալիքների են ենթարկվում, իսկ սկանդալը, որին անմիջական առնչություն ունեն Թուրքիայի նախկին կառավարության անդամները, վերածվել է տաբուի:

Թերթը հիշեցրել է նաև, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած մամուլի ազատության վերաբերյալ զեկույցում 180 երկրի շարքում Թուրքիան զբաղեցնում է 154-րդ հորիզոնականը, մեջբերում է Ermenihaber-ը:

Դեկտեմբերի 14-ի վաղ առավոտյան ոստիկանությունը միաժամանակյա օպերացիա է իրականացրել երկրի 13 նահանգում և բերման ենթարկել ավելի քան 3 տասնյակ մարդու: Ձերբակալվածների մեջ են հայտնի Zaman ընդդիմադիր պարբերականի խմբագրական խորհրդի ղեկավար Էքրեմ Դումանլըն, ինչպես նաև մոտ 2 տասնյակ լրագորղ: Ձերբակալվածները մեղադրվում են «Իշխանությունը զավթելու, զինված ահաբեկչական կազմակերպություն հիմնելու, ղեկավարելու, անդամակցելու, խարդախություն և զրպարտություն անելու մասին» հոդվածի հատկանիշներով: Նշվում է, որ լրատվամիջոցները կապ ունեն ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ևս անդրադարձել է ոստիկանական օպերացիային:Թուրքիայի երիտասարդ գործարարների միության կազմակերպած ծրագրին մասնակցելիս` Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Թուրքիան սրընթաց արագությամբ գնում է դեպի բռնատիրական կառավարում:

«Մամուլի ազատությունից ենք խոսում: Անազատ մամուլի երկրում ժոողովուրդն էլ ազատ չէ: Դուք չեք կարողանում օգտվել տեղեկացված լինելու ձեր իրավունքից: Առավոտ գիշերով կգան ձեռ դուռը կթակեն, բերման կենթարկեն, ցուցմունք կվերցնեն ձեզնից»,- ասել է ընդդիմադիր առաջնորդը:

Դատապարտելով իշխանությունների կողմից բանեցվող ճնշումը մարդկանց խոսքի ազատության և ազատ արտահայտվելու իրավունքի վրա` Քըլըչդարօղլուն հիշեցրել է Թուրքիայում ժողովրդավարության բացակայությա մասին.«Եթե իշխանությանը քննադատես, հաջորդ օրը դուռդ կթակեն հարկային տեսուչները: Սրա անունը ժողովրդավարություն չէ»:

Գյուլենն ամենաազդեցիկ իմամներից մեկն է ժամանակակից աշխարհում, որը հանդես է գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության օգտին և դեմ է երկրի միջամտությանը Սիրիայի պատերազմին: Նա հանդես է գալիս նաև քրիստոնյաների, մահմեդականների և հուդայականների միջկրոնական երկխոսության օգտին: Այդ հայացքները հակասում են Էրդողանի ծրագրերին, որը զգալիորեն սառել է ԵՄ հանդեպ, սատարում է Ասադի դեմ կռվող գրոհայիններին, արագ տեմպերով իսլամականացնում է Թուրքիան և սատարում պաղեստինցիներին: Համարվում է, որ հենց Գյուլենն էր նախաձեռնել մեծ քաղաքական ու կոռուպցիոն սկանդալը, որը ցնցեց Թուրքիայի քաղաքական համակարգը «ընտրական» 2014 թվականին:

Գյուլենի գլխավորած նուրսիստների շարժումը կրոնական կազմակերպություն է, որը մասնագետները համարում են «թուրքական կրոնական աղանդ», «ծայրահեղական կազմակերպություն», «պանթուրքիստական», ինչպես նաև «պանիսլամիստական» կամ «քրդական ծայրահեղական» կազմակերպություն: Կազմակերպությունը ստեղծվել է Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմից հետո ազգությամբ քուրդ, հայտնի աստվածաբան, Ղուրանի մեկնաբան, վահաբբիզմի հակառակորդ Սաիդ Նուրսիի կողմից: Այսօր նուրսիստների համայնքի համախառն կապիտալը հասնում է 80 մլրդ դոլարի:

Կարդացեք նաև՝Թուրքիայում իշխանությունը զավթելու կասկածանքով մոտ 20 լրագրող է ձերբակալվել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---