Բրիտանացիների մեծ մասը կողմ է Եվրամիությունից դուրս գալուն

Բրիտանացիների մեծ մասը կողմ է Եվրամիությունից դուրս գալուն

PanARMENIAN.Net - Հարցմանը մասնակցած Մեծ Բրիտանիայի բնակիչների կեսից ավելին՝ 51 տոկոսը, կողմ է արտահայտվել Եվրամիության կազմից դուրս գալուն: Այդ են վկայում Հասարակական կարծիքի ամերիկյան ինստիտուտի (Գելափի ինստիտուտ) անցկացրած հարցման արդյունքները, հայտնում է Amurburg.ru-ն BBC-ի վրա հղումով:

Եվրամիության կազմից դուրս գալուն կողմ են հիմնականում միջին և ավագ սերնդի բրիտանացիները:

Միացյալ Թագավորությունն Արևմտյան Եվրոպայի միակ երկիրն է, որի բնակչության մեծ մասին չի գոհացնում իրենց պետության անդամակցությունը դաշինքին:

Մյուս արևմտաեվրոպական երկրների բնակիչները կողմ են, որ իրենց երկրները մնան ԵՄ կազմում: Ամենից շատ դաշինքում ցանկանում են մնալ Հունաստանի բնակիչները, ցույց է տվել հարցումը:

Գելափի ինստիտուտի հարցմանը մասնակցել է 12 հազար մարդ Արևմտյան Եվրոպայի 12 երկրից:

Հոկտեմբերի վերջում գերմանական Spiegel շաբաթաթերթը դաշնային կանցլերի գերատեսչությունում և ԳԴՀ ԱԳ նախարարությունում սեփական աղբյուրների վրա հղումով հայտարարեց, որ Անգելա Մերկելը այլևս չի պնդի, որ Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության կազմում, եթե Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը շարունակի ԵՄ երկրներից ներգաղթյալների հոսքի կրճատմանն ուղղված քաղաքականությունը:

Մինչ այդ Քեմերոնը հայտարարեց, որ մտադիր է 2017-ին հանրաքվե անցկացնել ԵՄ-ում անդամակցությունը պահպանելու վերաբերյալ: ԵՄ-ից դուրս գալու հավանականությունը լայնորեն քննարկվում է 2015-ին մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի շրջանակում: Պահպանողականները, փորձելով պահպանել իրեն ազդեցիկությունը, քննադատում են Եվրամիությունը:

Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այդ առիթով հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի նման քայլը կարող է պատմական սխալ հանդիսանալ ու մեծապես ազդել ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլ նաև ամբողջ Եվրոպայի ապագայի վրա:

«Բրիտանիան պատմական սխալ կգործի, եթե որոշի դուրս գալ ԵՄ-ից: Արդյունքում երկիրը կարող է չպահպանել զարգացման նույնիսկ առկա մակարդակը: Ես վստահ եմ, որ մեր ապագան Եվրոպայի բնակիչների հետագա մերձեցումն է: Իմ փորձից ելնելով, այն երկրները, որոնք օգտագործում են եվրոպական մակարդակը ազգային շահերի պաշտպանության համար, ավելի մեծ կշիռ ունեն աշխարհում»,-ասել է Բարոզուն:

Նա վստահություն է հայտնել, որ Եվրոպան պետք է զարգանա, որպես խաղաղության ու ժողովրդավարության նույն արժեքները կիսող քաղաքացիների միություն:

«Ուստի ես երբեք չեմ առարկել Բրիտանիայի ընտրությանը եվրոյի հարցում (Մեծ Բրիտանիայում պահպանվել է ազգային արժույթը՝ ֆունտ ստերլինգը): Ես երբեք չեմ պնդել, որ Բրիտանիան միանա Շենգենի գոտուն կամ բացի սահմանները»,-հավելել է Բարոզուն:

Եվրամիությանն անդամակցելու համար թեկնածու երկիրը պետք է համապատասխանի 1993 թվականին ընդունված Կոպենհագենի չափանիշներին, որոնք նախատեսում են ժողովրդավարական սկզբունքների պահպանում, մարդու իրավունքների ու ազատությունների պահպանում, ինչպես նաև իրավական պետության սկզբունքը: Այժմ թեկնածուի կարգավիճակ ունի 6 երկիր՝ Ալբանիան, Իսլանդիան, Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան ու Չերնոգորիան:

Մինչ օրս դեռ ոչ մի պետություն դուրս չի եկել Եվրամիության կազմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---