Դիվերսիայի փորձ և գնդակոծություններ. Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին լարված էր

Դիվերսիայի փորձ և գնդակոծություններ. Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին լարված էր

PanARMENIAN.Net - Հունվարի լույս 22-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, բայց հետ մղվել: Կորուստներ ու վիրավորներ հայկական կողմը չունի, ասել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ սահմանին իրավիճակը լարված էր:

Նա հայտնել է, որ հակառակորդը գիշերն արձակվել է մոտ 200 կրակոց: Ադրբեջանական կողմը դադարեցրել է գնդակոծությունը միայն ՀՀ ԶՈւ հակահարվածը ստանալով:

Հունվարի 21-ին, Բերդի տարածաշրջանի սահմանագոտում ադրբեջանական դիպուկահարի գնդակից պայմանագրային զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնել է Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը։ Զինծառայողը Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ 34-ամյա Արման Ռաշիդի Ուդումյանն է: Հունվարի 17-ին Տավուշի սահմանամերձ Ոսկեվան գյուղում հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը: Զինծառայողը զոհվել է Ոսկեվանի սահմանագոտում:

Հակառակորդը տարեսկզբից շարունակում է լարված պահել իրադրությունն առաջնագծում։ Հունվարի 11-ին մարզի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ էին ձեռնարկել: Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել և կասեցվել էր: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել էին: Հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը մնացել էր միջդիրքային տարածքում, բայց ավելի ուշ հայկական կողմը թույլատրել էր տարհանել այն: Փոխհրաձգության ընթացքում զոհվել էր նաև տարածքում գտնվող 80-ամյա հովիվ Սերյոժա Սարգսյանը:

Հունվարի 1-ից ի վեր հակառակորդը պարբերաբար կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, հունվարի 7-ի կեսօրին ԴՇԿ տեսակի զենքով՝ Բարեկամավան գյուղի ուղղությամբ, նույնը տեղի է ունեցել նաև հունվարի 6-ին: Գնդակները կպել են գյուղի եկեղեցուն և այլ շինությունների:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---