Դեկտեմբերի 9-ը Հայաստանում կլինի Բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր

Դեկտեմբերի 9-ը Հայաստանում կլինի Բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր

PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին կառավարությունը որոշում է ընդունել փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում և դեկտեմբերի 9-ը հռչակել Բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր:

Դեկտեմբերի 9-ի ընտրությունը պայմանավորված է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականին համապատասխան կոնվենցիայի ընդունմամբ:

Միաժամանակ հստակեցում է մտցվում, որ ապրիլի 24-ը հռչակվի ոչ թե բոլոր, այլ միայն Հայոց ցեղասպանության օր:

Օրինագծի հեղինակներն են երկու խմբակցությունների պատգամավորներ՝ Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Շիրակ Թորոսյանը (ՀՀԿ) և Ալեքսանդր Արզումանյանը, Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը («Ժառանգություն»):

Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և նրանից հետո (1912-1923 թվականներին) Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային տեղահանությունները, կոտորածները, նրանց տաժանակիր աշխատեցնելը և սեփականությունից զրկելը (գույքի բռնագրավում) բաղադրիչ մասերն են Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության` ուղղված հայ, հույն, ասորի, եզդի և այլ բնիկ ժողովուրդների դեմ:

«Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2,7 միլիոն հույն: Աղբյուրների և արխիվային փաստաթղթերի ուսումնասիրություններն ապացուցում են, որ 1912-1923 թվականներին զոհվել է ավելի քան 700.000 հույն` կոտորածների, ինչպես նաև բռնագաղթի, տաժանակիր աշխատանքների, սովի հետևանքով:

Երկու տարբեր առիթներով Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Օսմանյան կայսրության պոնտոսահույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը: 1994-ի փետրվարին միաձայն որոշում է կայացրել մայիսի 19-ը հայտարարել պոնտոսահույների ցեղասպանության հիշատակի օր, իսկ 1998-ին` սեպտեմբերի 14-ը որպես Փոքր Ասիայի համայն հույների ցեղասպանության հիշատակի օր:

Հունաստանի խորհրդարանը 1996-ի ապրիլի 25-ին բանաձև (2397/1996) է ընդունել` ապրիլի 24-ը ճանաչել որպես «Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության օր»: Իսկ բոլորովին վերջերս՝ 2014-ի սեպտեմբերի 9-ին, ընդունել է հայերի և պոնտացի հույների ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձև: 2010-ի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը (Ռիկստագ) ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև, որում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը ներկայացվում են, որպես ցեղասպանություն: Բանաձևում նշված է, որ Թուրքիայում իրականացվել են ինչպես հայերի, այնպես էլ ասորիների և պոնտացի հույների զանգվածային ջարդեր:

Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է, որ կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը: Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---