ԱԳՆ խոսնակ. Մինչ օրս ՄԽ բոլոր առաջարկությունները Բաքուն մերժել է

ԱԳՆ խոսնակ. Մինչ օրս ՄԽ բոլոր առաջարկությունները Բաքուն մերժել է

PanARMENIAN.Net - Ադրբեջանը փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելուն ուղղված իր կողմից հորինած գաղափարները ներկայացնել որպես համանախագահների առաջարկություններ: Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամլո խսնակ Տիգրան Բալայանը՝ PanARMENIAN.Net -ին մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, թե իբր Հայաստանը մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ Բաքվի հորդորով Երևանում արված ինչ-որ առաջարկներ՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։

Ըստ Բալայանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առաջարկները ներկայացված են այդ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ղեկավարների հինգ հայտնի հայտարարություններում։ Ինչպես բազմիցս նշել ենք, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը պատրաստ է այդ առաջարկությունների հիման վրա շարունակել հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունները։

Դրա համար առաջին հերթին, ինչպես իրենց հայտարարություններում ընդգծել են եռանախագահ երկրների ղեկավարները, հարկավոր է արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռք բերումը, որից հետո հնարավոր կլինի սկսել խաղաղության պայմանագրի մշակումը։

«Համանախագահները տարածաշրջան իրենց այցելության արդյունքների մասին այսօր հրապարակված հայտարարության մեջ տեղեկացնում են, որ կողմերին են ներկայացրել հրադադարի ամրապնդմանն ուղղված առաջարկներ։ Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է այդ առաջարկություններն ընդունել։ Մինչ այսօր այդ կարգի բոլոր առաջարկությունները Բաքվի կողմից մերժվել են»,-ասել է Բալայանը:

Ավելի վաղ Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հայտարարել էր, թե համանախագահները, սատարելով Ադրբեջանի նախաձեռնությանը, առաջարկել են ձեռնամուխ լինել գործընթացին. «Բոլորն են հասկանում, որ հակամարտությունը չի կարող հավերժ լինել: Այս իրավիճակի շարունակությունը դժվարություններ է ստեղծում և վտանգում է խաղաղ պայմանագրի կնքումը: Մենք պետք է ավարտենք աշխատանքը խաղաղ պայմանագրի վրա վեց ամսում կամ մեկ տարում: Այս առաջարկը քննարկվել է համանախագահների հետ, որոնք այս ուղերձով մեկնեցին Երևան: Իմ տեղեկություններով, Հայաստանի ղեկավարությունը մերժել է այդ ժամանակացույցը: Ես արդեն զրուցել եմ ամերիկացի համանախագահի հետ, որը հայտնել է ինձ, որ Հայաստանի ղեկավարությունը մերժել է առաջարկը՝ դեմ լինելեվ ցանկացած աշխատանքային խմբի մասին ու խաղաղ պայմանագրի վրա աշխատելու առաջակին: Համանախագահները, հավանաբար, որոշելու են, թե ինչպես պետք է աշխատել այս ուղղությամբ: Մենք պետք է ձեռնամուխ լինենք այդ աշխատանքին և որքան շուտ, այնքան լավ: Դա շահավետ է այդ թվում նաև Հայաստանի համար: Ադրբեջանն արդեն ընդունել է աշխատանքային խումբ ստեղծելու ու խաղաղ պայմանագրի վրա աշխատելու առաջարկը: Այժմ համանախագահները պետք է որոշեն, թե ինչպես պետք է խոսեն Հայաստանի հետ»:

Տարածաշրջան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների վերջին այցի հիմնական նպատակն էր կողմերին կոչ անել խստորեն պահպանել հրադադարը՝ հունվարին բռնության վտանգավոր աճից հետո: Այդ մասին ասված է միջնորդների հայտարարությունում:

Նշելով, որ փետրվարի 16-19-ը այցի ընթացքում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ու արտգործնախարարների, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների» հետ, Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն փոխանցում են, որ հանդիպումների ժամանակ կողմերը հաստատել են իրենց նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նախագահները նաև համաձայնել են ուսումնասիրել համանախագահների առաջարկները, որոնք կարող են ամրապնդել հրադադարը, ասված է հայտարարությունում:

Միջնորդները հայտնում են նաև, որ նախագահների և արտգործնախարարների հետ քննարկել են կարգավորման ուղղությամբ հաջորդ քայլերը, ինչպես նաև այս տարի ավելի ուշ ակնկալվող նախագահական հանդիպման նախապատրաստման հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---