Սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի

Սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի

PanARMENIAN.Net - Սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի: Այդ մասին մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: «Ես կարծում եմ աշնանը պատրաստ կլինի, բայց չեմ կարող կոնկրետ ասել՝ աշունը կլինի, թե 2016 թվականի գարնանը, դեռևս քննարկումներ չկան: Դա կլինի այն ժամանակ, երբ քննարկումները իրենց բովանդակային առումով արդեն նախապատրաստած լինեն Սահմանադրությունը շրջանառության մեջ դնելու»,- ասել է նա, մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Սահմանադրական բարեփոխումները հանրաքվեի կներկայացվեն, բայց նաև քննարկումները կշարունակվեն, որովհետև տարբեր մեկնություններ կան, տարբեր մոտեցումներ, թե կուսակցությունում, թե նաև այլ կուսակցություններում»,-հավելել է Սահակյանը:

2014-ի հոկտեմբերի 15-ին հրապարակվել էր ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ինչպես նաև՝ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) եզրակացությունը:

Եզրակացության ամփոփիչ հատվածում նշվում է, որ հայեցակարգի նախագիծը լավ և արժեքավոր հիմք է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխման կոնկրետ առաջարկությունների փաթեթի մշակման համար, որը կամրապնդի ժողովրդավարական սկզբունքները և անհրաժեշտ պայմաններ կհաստատի երկրում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարգումն ապահովելու համար: Այն հիմնված է երկրի իրավիճակի համապարփակ և հետևողական վերլուծության վրա:

Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ Սահմանադրական բարեփոխումների հիմնական դրական միտումն այն է, որ տվյալ փոփոխությունները կբերեն իշխանության բաշխմանը տարբեր գործող անձանց միջև, քանի որ ներկայիս Սահմանադրությունը չափից դուրս իշխանություն է կենտրոնացնում նախագահի ձեռքում: Երկրորդ կարևոր հանգամանքը օրենքի գերակայության ուժեղացման միտումն է. փորձ է արվում ուժեղացնել անկախ դատական համակարգի, Սահմանադրական դատարանի դերը:

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձաժողովն ապրիլի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ, որը45 էջանոց փաստաթուղթ է: Դրանով որպես կառավարման համակարգի հնարավոր այլընտրանք առաջարկվում է կառավարման խորհրդարանական համակարգը՝ ելնելով հանրապետությունում առկա մի շարք իրողություններից: Փաստաթղթով սահմանվում է.

1. Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Նման կարգով ընտրված Հանրապետության Նախագահը հնարավորություն կունենա լիարժեք կերպով ստանձնել վերկուսակցական նախագահին բնորոշ բոլոր գործառույթները։ Նրա հիմնական առաքելությունը կլինի Սահմանադրության պահպանմանը հետևելը, հակակշռող և զսպող լիազորությունների արդյունավետ գործադրումը, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա չունի ուղղակի ներգրավվածություն քաղաքական ընթացիկ խնդիրներում, վերկուսակցական է, անաչառ և կատարում է, առաջին հերթին, հաշտարարի ու միջնորդի դեր՝ ունենալով երկրի զարգացման դինամիկ հավասարակշռությունն ապահովելու կարևոր առաքելություն։ Դա համակարգային կայունության ապահովման ամենագործուն երաշխիքը կարող է դառնալ։

2. Վարչապետը պաշտոնն ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխա նատու է միայն Ազգային ժողովի առջև:

Սահմանադրական երեք մարմինների միջև իշխանությունների գործառութային բաժանումը տվյալ դեպքում կլինի առավել հստակ։ Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր իշխանություն, վերահսկողություն կիրականացնի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ կառավարության նկատմամբ, իսկ Հանրապետության Նախագահը կհետևի օրենսդրի և գործադրի կողմից Սահմանադրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը։

Նշվում է, որ վերոնշյալ խնդիրների արդյունավետ լուծման համար նման համակարգը պետք է ենթադրի գործադիր իշխանության ղեկավարի համար պառլամենտական կայուն մեծամասնության առկայություն:

ՀՀ գործող Սահմանադրության Գլուխ 8-ը սահմանում է Սահմանադրության ընդունման, փոփոխման ու հանրաքվեի կարգը: Ըստ այդմ`

Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով` Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ: Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները փոփոխվում են միայն հանրաքվեով:

Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը։

1995-ին ընդունված Հայաստանի Սահմանադրությունն էական դեր ունեցավ ՀՀ-ում ժողովրդավարության հաստատման, իրավական պետության հիմքերի ամրապնդման, ճգնաժամային իրավիճակներում սահմանադրական ճանապարհով լուծումներ գտնելու, պետական իշխանության ինստիտուտների աստիճանական կայացման, մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքներ ապահովելու գործում:

Հայաստանի Հանրապետությունում 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքում իրականացված սահմանադրական բարեփոխումները համակարգային լուծումների առումով առաջընթաց գրանցելով հանդերձ, բովանդակեցին նաև մի շարք կիսալուծումներ, որոնք ներկայումս հաղթահարելու և համակարգային մոտեցումներն ամբողջականացնելու անհրաժեշտություն ունեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---