Եվրոպայում քննարկում են ԵՄ միասնական բանակի ստեղծման հնարավորությունը

Եվրոպայում քննարկում են ԵՄ միասնական բանակի ստեղծման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Եվրամիության միասնական բանակի ստեղծումը եվրոպական արժեքները պաշտպանելու բնական միջոց է: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն Ֆիննական հեռագրային բյուրոյին: Նա նշել է, որ ԵՄ համար գլխավոր նպատակը խաղաղությունն է, հենց այդ նպատակով է այն ստեղծվել ժամանակին: «Ուստի լուրջ և բնական քայլ կլիներ, եթե ԵՄ-ն ստանձներ իր արժեքների պաշտպանությունը»,-ասել է նա:

Ըստ Ֆինլանդիայի նախագահի, «Ֆինլանդիան կողմ է միասնական բանակի ստեղծմանը», հայտնում է ՏԱՍՍ-ը: Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Կարլ Հագլունդն իր հերթին հայտարարեց, որ նման բանակի ստեղծման գաղափարը ճիշտ է համարում, սակայն, չի կարծում, թե ԵՄ անդամ բոլոր երկրները համամիտ կլինեն:

Ավելի վաղ գերմանական Welt am Sonntag-ը հրապարակել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերսի հարցազրույցը, որտեղ նա կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը պետք է միասնական բանակ ստեղծի որպես Եվրոպայի շահերը պաշտպանող ինստիտուտ: «Ընդհանուր եվրոպական բանակը ցույց կտար աշխարհին, որ ԵՄ անդամ երկրներն այլևս երբեք չեն պատերազմի: Այդպիսի բանակը կօգներ մեզ ընդհանուր արտաքին քաղաքականության ու անվտանտության քաղաքականության իրագործման մեջ»,-ասել է նա:

Եվրամիության միասնական բանակը կարող է սադրիչ դեր կատարել, եթե ստեղծվի, հայտարարել է լրագրողներին Պետդումայում «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ, պաշտպանության կոմիտեի անդամ Ֆրանց Կլինցևիչը:

«Մեր միջուկային դարում լրացուցիչ բանակներն անվտանգություն չեն երաշխավորում: Իսկ ահա սադրիչ դեր կարող են կատարել»,-զգուշացրել է Կլինցևիչը՝ ափսոսանք հայտնելով, որ նման առաջարկներն արդեն աջակցություն են ստանում:

Նա նշել էր, որ եվրոպական բանակի ստեղծման գաղափարի մասին ոչ ոք չէր մտածում նույնիսկ ՆԱՏՕ-Վարշավյան պայմանագրի երկրներ ամենասուր առճակատման ժամանակ: «Իսկ այսօր, երբ արդեն վաղուց գոյություն չունի Վարշավյան պայմանագիրը, հանկարծ նման անհրաժեշտություն է առաջանում»,-ասել է նա:

Վարշավյան դաշինք կամ Վարշավայի պայմանագրի կազմակերպությունը Եվրոպայի սոցիալիստական երկրների պաշտպանական դաշինք էր։ Ստեղծվել է 1955 թվականի մայիսի 14-ին Վարշավայում կնքված բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի հիման վրա, որն ստորագրել են Ալբանիան (1968 թվականից դուրս է եկել), Բուլղարիան, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, Լեհաստանը, Հունգարիան, Չեխոսլովակիան, Ռումինիան և ԽՍՀՄ:

ԽՍՀՄ թուլացման ֆոնի վրա 1991թ. սկզբին Պայմանագրի անդամ երկրները համաձայնեցին դրա գործողության դադարեցման մասին որոշում ընդունել, ինչն էլ արվեց Հունգարիայի մայրաքաղաքում` 1991թ. փետրվարի 25-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---