Նախագահ. Քաղաքական հավանություն կտամ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին

Նախագահ. Քաղաքական հավանություն կտամ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 13-ին, հանդիպել է նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և ներկայացրել հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր տեսակետը:

«Վստահ եմ՝ տեղյակ եք, որ ինձ ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ որոշում կայացնելու համար ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական դերակատարների մեծ մասի հետ: Ինքս ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել եմ հայեցակարգի նախագիծը և դրա վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Շարունակում եմ մնալ այն կայուն կարծիքին, որ մեր երկրի համար սահմանադրական բարեփոխումներն իսկապես կարևոր են և, որ դրանք կարող են իրականացվել միայն լայն քաղաքական կոնսոլիդացիայի պայմաններում», - ասել է նախագահը, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ոչ իշխանական երեք ուժը` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը», դեմ են սահմանադրական փոփոխություններին և այդ գործընթացը որակում են որպես «իշխանության վերարտադրման փորձ»: Խորհրդարանական ոչ իշխանական ուժերից միայն ՀՅԴ-ն է կողմ արտահայտվել բարեփոխումներին:

Նա ընդգծել է, որ անշուշտ, հայեցակարգն առաջադիմական փաստաթուղթ է և կարող է նոր հնարավորություններ ապահովել Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման համար:

«Իհարկե, կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի փաստարկներն ու հիմնավորումները ծանրակշիռ են: Ավելին՝ նույն Վենետիկի հանձնաժողովը ևս գտնում է, որ կառավարման խորհրդարանական համակարգը կարող է ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում: Միևնույն ժամանակ քաղաքական ուժերի հետ անցկացված կոնսուլտացիաները ցույց են տալիս, որ այս հարցում չկան և օբյեկտիվորեն չեն էլ կարող լինել միանշանակ համընկնող մոտեցումներ. կան կառավարման խորհրդարանական համակարգին թե՛ կողմ, թե՛ դեմ արտահայտվողներ, կան նաև ուժեր, որոնք վերջնական կողմնորոշում ունենալու համար կարևորում են իրենց մասնակցությունն այս գործընթացին, և այսպիսի ուժերը շատ ավելի մեծաթիվ են», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, այդուհանդերձ, կառավարման գործող համակարգի օգտին նախկինում իր արտահայտած դիրքորոշման հիմքում ընկած օբյեկտիվ նախադրյալները էապես չեն փոխվել. «Ես դեռ ունեմ մտահոգություններ, որոնք կապված են կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ ձեր մասնագիտական մոտեցման հետ: Եթե ավելի կոնկրետ լինեմ, ես դեռևս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը, ինչն, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում: Պատահական չէ, որ հայեցակարգում դուք ևս մտահոգություն եք հայտնել խորհրդարանական կառավարման համակարգի կայունության վերաբերյալ և առաջարկել այդ խնդրի լուծման նախնական մոտեցումներ: Բնականաբար, հաշվի առնելով հայեցակարգի օբյեկտիվորեն ակնկալվող ընդհանրության աստիճանը, այդ լուծումները չէին կարող խիստ մանրակրկիտ և լիարժեք լինել»:

Նախագահը տեղեկացրել է, որ քաղաքական հավանություն կտա հայեցակարգին, որովհետև համոզված է, որ պարտավոր ենք օգտագործել մեր պետության համար դրական զարգացում ապահովող ցանկացած հնարավորություն: Առավել ևս, որ իր հանդիպումների ժամանակ քաղաքական որևէ ուժ առարկություն չի ունեցել հայեցակարգի հաստատման վերաբերյալ:

«Միաժամանակ խնդրում եմ ձեզ նախագծել սահմանադրական այնպիսի կարգավորումներ, որոնք աներկբա կերաշխավորեն կառավարման ավելի ժողովրդավարական մոդելի ներդաշնակ համատեղումը պետության անվտանգության և կայունության հետ», - ասել է Սերժ Սարգսյանը և սահմանադրական փոփոխությունների տեքստը պատրաստելիս անհրաժեշտ համարել նաև մշակել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ մասնագիտական քննարկումներն ապահովող արդյունավետ ձևաչափ:

«Երեկ բոլորը դրա մասին շատ հանգամանալից և հիմնավորված խոսում էին: Ինձ համար կարևոր է, որպեսզի նախագծի մշակման բոլոր փուլերում՝ բաժին առ բաժին, գլուխ առ գլուխ հետադարձ կապի սկզբունքով քննարկումներ լինեն քաղաքական ուժերից յուրաքանչյուրի հետ: Այստեղ ես կարևորում եմ նաև, որպեսզի այն քաղաքական ուժերի հետ քննարկումների ժամանակ, որոնք կողմ են ներկա, գործող կառավարման համակարգը կատարելագործել, քննարկումներ անցկացնել նաև այս ուղղությամբ. արդյունքում հնարավոր է ունենալ, թե՛ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու, թե՛ գործող կառավարման համակարգի կատարելագործված ձևը: Շատ հնարավոր է, որ դրանով բոլորը համոզվեն նոր ձևի արդյունավետության և ճիշտ լինելու մեջ», - ասել է նախագահը և վստահություն հայտնել, որ ամիսներ անց ունենալու ենք հստակ մոտեցումներով ու լուծումներով փաստաթուղթ:

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակում նախագահՍերժ Սարգսյանն մարտի 12-ին հանդիպել է Միավորված աշխատանքային», «Բարգավաճ Հայաստան» , «Օրինաց երկիր» , Հայոց համազգային շարժում », «Ազատ դեմոկրատներ», «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ, քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:

Մարտի 5-ին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ Սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի՝ նշելով, թե չի կարող կոնկրետ ասել՝ աշնանը, թե 2016 թվականի գարնանը, դեռևս քննարկումներ չկան: Ըստ ԱԺ նախագահի, Սահմանադրական բարեփոխումները հանրաքվեի կներկայացվեն, բայց քննարկումները կշարունակվեն, որովհետև տարբեր մոտեցումներ կան, թե կուսակցությունում, թե այլ կուսակցություններում:

Բարեփոխումների մասին Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանամփոփիչ հատվածում նշվում էր, որ հայեցակարգի նախագիծը լավ և արժեքավոր հիմք է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխման կոնկրետ առաջարկությունների փաթեթի մշակման համար, որը կամրապնդի ժողովրդավարական սկզբունքները և անհրաժեշտ պայմաններ կհաստատի երկրում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարգումն ապահովելու համար: Այն հիմնված է երկրի իրավիճակի համապարփակ և հետևողական վերլուծության վրա:

Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ Սահմանադրական բարեփոխումների հիմնական դրական միտումն այն է, որ տվյալ փոփոխությունները կբերեն իշխանության բաշխմանը տարբեր գործող անձանց միջև, քանի որ ներկայիս Սահմանադրությունը չափից դուրս իշխանություն է կենտրոնացնում նախագահի ձեռքում: Երկրորդ կարևոր հանգամանքը օրենքի գերակայության ուժեղացման միտումն է. փորձ է արվում ուժեղացնել անկախ դատական համակարգի, Սահմանադրական դատարանի դերը:

1995-ին ընդունված Հայաստանի Սահմանադրությունն էական դեր ունեցավ ՀՀ-ում ժողովրդավարության հաստատման, իրավական պետության հիմքերի ամրապնդման, ճգնաժամային իրավիճակներում սահմանադրական ճանապարհով լուծումներ գտնելու, պետական իշխանության ինստիտուտների աստիճանական կայացման, մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքներ ապահովելու գործում:

Հայաստանի Հանրապետությունում 2005-ի նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքում իրականացված սահմանադրական բարեփոխումները համակարգային լուծումների առումով առաջընթաց գրանցելով հանդերձ, բովանդակեցին նաև մի շարք կիսալուծումներ, որոնք ներկայումս հաղթահարելու և համակարգային մոտեցումներն ամբողջականացնելու անհրաժեշտություն ունեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---