ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար. Առաջիկա ամիսներին կլինեն ԵՄ-ՀՀ համապարփակ և ծավալուն հարաբերություններ

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար. Առաջիկա ամիսներին կլինեն ԵՄ-ՀՀ համապարփակ և ծավալուն հարաբերություններ

PanARMENIAN.Net - ԱլԳ անդամ երկրների հետ հարաբերությունների հարցում ԵՄ հիմնական բանաձևը հետևյալն է՝ այն երկրները, որոնք ընտրել են Եվրամիության հետ ասոցացման ճանապարհը, նրանց հետ կլինի հարաբերությունների լայն մոդել, իսկ երկրները, որոնք չեն կարողացել այս ճանապարհը բռնել, նրանց հետո համագործակցությունը կնեղացվի և կկենտրոնացվի ամենաէական ոլորտների վրա՝ միգրացիա, անվտանգություն, պետական կառավարում. այս մասին այսօր Երևանում շարունակվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նստաշրջանի շրջանակում ընթացող քննարկմանը հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

Մարտի 16-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեc Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը, որն անցկացվում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Բացման խոսքով հանդես եկավ Եվրանեսթի փոխնախագահ Հեիդի Հաութալան, որը ողջունեc ներկաներին ու շնորհակալություն հայտնել կազմակերպչական աշխատանքների համար: Նիստը վարում էր Տարածքաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա նշեց, որ ԵՄ-ն պետք է ճկուն գտնվի, հարմարվի փոփոխվող հանգամանքներին, հաշվի առնի ճգնաժամերը, որ առաջանում են անդամ երկրներում:

Ըստ Յոհաննես Հանի՝ հետագա երկկողմ համագործակցությունը մշակվելու և իրականացվելու է՝ հաշվի առնելով Հայաստանի «այլ միջազգային պարտավորությունները»: ԵՄ-ն աջակցելու է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական բարեփոխումների, ազատ տեղաշարժի համաձայնագրի, ռեադմիսիոն պայմանագրից բխող բարեփոխումների և այլ ուղղություններով, հայտնուիմ է Tert.am-ը:

«Ավելին՝ կշարունակենք աջակցություն ցուցաբերել ՀՀ քաղհասարակությանը»,-ասաց նա և հավելեց, որ առաջիկա երեք-չորս ամիսների աշխատանքներից հետո կլինեն ԵՄ-Հայաստան համապարփակ և ծավալուն հարաբերություններ:

«Նախ, տարբերակված մոտեցման մասին. մենք պետք է ընդունենք, որ մեր գործընկերները տարբեր են ոչ միայն աշխարհագրությամբ. Վրաստանն ու Մոլդովան, օրինակ, առավել սերտ ինտեգրման ճանապարհն են ընտրել»,-ասաց ԵՄ հարևանության ընդլայնման հարցերով պաշտոնյան՝ կոչ անելով Վրաստանին կյանքի կոչել Ասոցացման համաձայնագիրը մասնակցային ոգով, իսկ Մոլդովային՝ էլ ավելի արագ իրականացնել բարեփոխումները:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ ԵՄ ընդլայնման հարցերով պաշտոնյան, արձանագրելով, որ Ադրբեջանի պատվիրակությունը Երևանում չէ, նկատեց, որ ԵՄ-Ադրբեջան երկկողմ համաձայնագիրը շահեկան կլինի երկու կողմերի համար և որ «Հարավային Կովկասի գազատարը կնպաստի անվտանգ և բարեկեցիկ Ադրբեջանին»:

Պաշտոնյան ընդգծեց, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը ոչ մի դեպքում չպետք է դիտվի որպես Եվրոպայի կողմից պարտադրված քայլ և հավելեց, որ ԵՄ-ն ցանկանում է հիմնական գործընկեր հանդիսանալ հարևանության բոլոր երկրների համար՝ ճանաչելով նրանց՝ իրենց ուրույն քաղաքականությունն իրականացնելու իրավունքը:

«Խոսքն ընդհանուր արժեքի հիման վրա, կայուն և բարեկեցիկ ապագա կառուցելու մասին է. այս հարցն այնչափ ակտուալ է այսօր, ինչպես տասը տարի առաջ, երբ Հարևանության քաղաքականությունը մեկնարկեց: Սա կարևոր է, քան երբևէ»,-ասաց Եմ ընդլայնման հարցերով հիմնական պաշտոնյան:

Նաև ընդգծեց, որ թեև ԵՄ ուշադրության կենտրոնում ԵՄ արժեքային համակարգի վրա կառուցված հիմնական սկզբունքներն են, սակայն առկա են բազմաթիվ նոր մարտահրավերներ:

Խոսքը 2008-ին Վրաստանում, ապա՝ Ուկրաինայում Ռուսաստանի վարած, ըստ Հանի, «գնալով կոշտացող քաղաքականության» հետևանքների, ինչպես նաև Սիրիայում քաղաքացիական պատերազմի, Եգիպտոսում ու Լիբիայում մարտահրավերների մասին է, որոնց հետևանքով վտանգված է այս երկրներում ժողովրդավարությունը:

Այս ուղղություններով աշխատանքներ տանելու առաջարկներ ստանալու հարցում ԵՄ-ն ակնկալում է առաջիկա երեք-չորս ամիսներին առաջարկների ներկայացում: Ըստ որում՝ երկխոսության մեջ ներգրավված են լինելու երկրների կառավարությունները:

«Մենք կուզենայինք լսել բոլորի կարծիքները՝ կառավարությունից մինչև քաղհասարակություն, գործարար, գիտահետազոտական շրջանակներ»,-նշեց ԵՄ պաշտոնյան:

Նրա հավելմամբ՝ ապրիլի 13-ին Բարսելոնայում, ապա՝ Լյուքսեմբուրգում 20 անդամ երկրների նախարարներ կքննարկեն այս խնդիրները, իսկ մայիսի 23-ին Ռիգայի գագաթնաժողովի շրջանակներում գործընկեր երկրները կկարողանան իրենց կարծիքները հնչեցնել ամենաբարձր մակարդակով: Աշնանը բոլոր առաջարկներն ու կարծիքներն ի մի կբերվեն:

Եվրանեսթի ադրբեջանական պատվիրակությունը բողոքի ալիք էր բարձրացրել նստաշրջանը Հայաստանում անցկացնելու որոշման դեմ: Պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը դեռ փետրվարի 11-ին Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրանեսթի Բյուրոյի հերթական նիստի ժամանակ հայտարարել էր, թե իրենք դեմ են Խորհրդարանական վեհաժողովի, Բյուրոյի և հանձնաժողովների նիստերը Երևանում անցկացնելուն և Վեհաժողովում ՀՀ համանախագահությանը:

«Քանի դեռ Հայաստանը չի դադարեցրել Ադրբեջանի նկատմամբ իր ագրեսիան, Բյուրոյի և հանձնաժողովների նիստերը Հայաստանում անցկացնելը, ինչպես նաև Եվրանեսթում ՀՀ նախագահությունը անընդունելի է և ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի ՀՀ-ում անցկացվող այդ աշխատանքներին: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նստաշրջանը տեղի է ունենալու Երևանում՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին: Կասկած չկա, որ Հայաստանը կօգտվի այդ միջոցառումից՝ քարոզելու Հայոց «հորինված» ցեղասպանությունը»,- հայտարարել էր Սուլեյմանովը:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրեց, որ, Եվրանեսթ ԽՎ 4-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով Երևան կժամանի ադրբեջանական պատվիրակությունը՝ Թուրքիայի կառավարության խնդրանքով: Թուրքիայում համոզված էին, որ եթե ադրբեջանցիները չգան, Ցեղասպանության 100-րդ տարելիցի բանաձևը կընդունվի առանց առարկությունների, գրում է թերթը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---