Վիգեն Սարգսյանը՝ Էրդողանի փաստաթղթերի պահանջի մասին. Երևաց Թուրքիայի կեղծավորությունը

Վիգեն Սարգսյանը՝ Էրդողանի փաստաթղթերի պահանջի մասին. Երևաց Թուրքիայի կեղծավորությունը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայկական սփյուռքին ուղղված՝ Ցեղասպանությունն ապացուցող փաստաթղթերի պահանջը, գրում է ArmenianGenocide100.org-ը:

«Ես չգիտեմ՝ կոնկրետ ինչ փաստաթղթեր է նախագահ Էրդողանն ակնկալում սփյուռքից, բայց կարծում եմ, որ նա բավականաչափ տեղեկացված է պատմական իրողություններին ու փաստաթղթերի այն հոծ բազմությանը, որը պահվում է թուրքական արխիվներում, կամ հենց հայկական արխիվներում, որոնք բազմիցս ուսումնասիրվել են նաև թուրք հետազոտողների կողմից, և միջազգային բազմաթիվ կենտրոններում», - Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման եթերումասել է Սարգսյանը և ավելացրել, - «Խնդիրն այն է, որ Ցեղասպանությունը, ժխտումը այսօր ակտուալ քաղաքականության խնդիր է, և Թուրքիան, փորձելով մտցնել այդ հարցը պատմական ուսումնասիրությունների դաշտ, փորձում է ցույց տալ, որ դա անցած, շուռ տված էջ է»:

Սարգսյանի կարծիքով այսպիսի կոչն անարգանքի նշան է, որովհետև պահանջել ապացուցել իր զոհ լինելն այն ժողովրդից, որը բնաջնջվել է այն քաղաքականության արդյունքում, որը դու հերքում ես, «առնվազն ցինիզմ է» և 100-րդ տարելիցի օրերին հատուկ բացասական ազդեցություն է թողնում:

«Հենց դա է ցույց տալիս Ցեղասպանության ոգեկոչման ամբողջ արդիականությունը: Դա միայն պատմության հարց չի, դա Թուրքիայի այսօրվա քաղաքականության հարց է, քաղաքականություն, որն արտացոլվում է ինչպես Հայաստանի դեմ վարած քաղաքականությամբ, Հայաստանի շրջափակմամբ, այդպես էլ նման դրսևորումների միջոցով: Ասել, որ եղել են զոհեր, նախորդ տարվա ապրիլի 23-ին փորձել ձևական մի ուղերձ հղել, իսկ հաջորդ տարի փաստաթղթեր ուզել, ուղղակի ցույց է տալիս այդ քաղաքականության ցինիկ հիմքն ու հայտարարությունների հետևում կանգնած կեղծավորությունը»,- եզրափակել է Վիգեն Սարգսյանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 19-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի առթիվ, Ստամբուլում՝՝ Օսմանյան արխիվի շենքում, աշխարհի արխիվների ղեկավարների՝ «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը՝ 100-րդ տարում» համագումարի և ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարություններ է արել՝ ուղղված հայկական սփյուռքին և ՀՀ կառավարությանը:

«Հայկակա՛ն սփյուռք, մեր փաստերն այստեղ են: Դու էլ, ինչ փաստեր ունես, հանի՛ր դրանք», – ասել է Էրդողանը և ավելացրել, թե ինքը միշտ կոչ է արել, այժմ էլ է կոչ անում, որ գան, ուսումնասիրեն թուրքական արխիվները. «Համեցե՛ք, խնդրեմ, մեր արխիվները բաց են, փաստերն այստեղ են։ Այժմ մենք հարյուր հազարավոր, միլիոնից ավելի փաստաթղթեր ունենք: Դո՞ւ որքան ունես: Հանի՛ր փաստերդ, մասնագետներին հանձնարարենք, քաղաքագետներին հանձնարարենք: Անգամ հնագետների, իրավաբանների հանձնարարենք, թող գան ու այս փաստաթղթերի վրա աշխատեն: Ամեն ինչ բացահայտ է»:

Իսկ Հայաստանում և Սփյուռքում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունները, Էրդողանի կարծիքով, Թուրքիային ուղղված թշնամանք են. «Հայերի այդ արշավների նպատակը պատմության այդ ժամանակաշրջանում կրած ցավերը կենդանի պահելուց բացի, Թուրքիային և թուրք ազգին թշնամություն անելն է: Նրանց նպատակը ոչ թե ճշմարտության բացահայտումն է, այլ Թուրքիայի վրա հարձակվելն ու վնաս հասցնելը»:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---