Երևանը ողջունում է Կիպրոսում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը

Երևանը ողջունում է Կիպրոսում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը

PanARMENIAN.Net - Երևանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2-ին ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում», – նշվում է Նալբանդյանի հայտարարության մեջ։

Ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանում քննարկվում էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ներկայացրել էին խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Կիպրոսի խորհրդարանը 54 կողմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:

Ըստ օրենքի, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների ժխտումը, եթե այն ճանաչված է Միջազգային դատարանի կողմից, պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ և/ կամ 10 000 եվրո տուգանքով:

2014-ի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ՝ 54 կողմ, 42 դեմ ու 3 ձեռնպահ, ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Դրա լրամշակված տարբերակով Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն հրեաների, այլև հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտման համար: Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում: Ֆիզիկական անձինք նման խախտման համար կարող են տուգանվել՝ 10-ից մինչև 100 000 եվրոյով: Ժխտում ենթադրող միջոցառումներին մասնակցության համար նախատեսվում է 5-20 000 եվրո տուգանք:

Մարդկության դեմ հանցագործությունները, այդ թվում և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկվել էր նաև սեպտեմբերի 5-ին կայացած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հանդիպմանն Ուելսում։

Էրդողանը Հունաստանի վարչապետին զգուշացրել էր, որ այդ օրինագիծը թուրք-հունական հարաբերություններում խնդիրների պատճառ կդառնա: Հունական կողմն էլ ընդգծել էր, թե օրինագիծը համապատասխանում է միջազգային իրավունքին և Եվրոպայում ընդունված որոշումներին: Ըստ հունական կողմի՝ օրենքը պատրաստվել է ի նշան զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքի և որևէ կերպ չի առնչվում ժամանակակից Թուրքիայի հետ հարաբերություններին:

Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն էր, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

Նմանատիպ օրինագիծ է քննարկվում նաև Ֆրանսիայում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---