Տիգրան Բալայան. Եմենից տարհանված ՀՀ քաղաքացիներն արդեն Երևանում են (թարմացված)

Տիգրան Բալայան. Եմենից տարհանված ՀՀ քաղաքացիներն արդեն Երևանում են (թարմացված)

PanARMENIAN.Net - Եմենից տարհանվել է Հայաստանի երեք քաղաքացի: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, հայտնում է Panorama.am-ը: «Տարհանված քաղաքացիներն արդեն Երևանում են», -հավելեց խոսնակը:

Եմենում, որը վերջին օրերին դարձել է ռազմական հակամարտության թատերաբեմ (միայն արաբական երկրների զինված ուժերի կոալիցիայից 3000–5000 հոգանոց ռազմական կոնտինգենտ է տեղափոխվել) եղել են տարհանված ՀՀ քաղաքացիներ, ավելի վաղ հայտարարել էր ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը, հայտնել է Tert.am–ը:

«Հայ համայնքի մասին չեմ կարող ասել, բայց եղել են ՀՀ քաղաքացիներ, որոնք, հիմնականում պայմանագրային աշխատողներ են»,- ասաց ԱԳՆ խոսնակը և հավելեց, որ ՀՀ քաղաքացիները տարհանվել են Ռուսաստան:

Մարտի լույս 26-ի գիշերը արաբական 9 երկիր` Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, ռազմական գործողություններ էին սկսել Եմենում` օդային հարվածներ հասցնելով այդ երկրում իրենց տիրապետությունը հաստատած զինյալների դիրքերին: Գործողության նպատակն է ստիպել հուսիթներին և նրանց կողմնակիցներին վերադարձնել իշխանությունը նախագահ Աբդ Ռաբբ Հադիին և կառավարությանը, որոնք հեռացվել են իշխանությունից: Հադին այժմ գտնվում է Եմենի սահմաններից դուրս:

Տարհանման հնարավորություն տված ակցիան ռուսաստանյան կողմն իրականացրել է Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Եմենի հետ համատեղ ջանքերով:

Ավելի վաղ շիա խռովարար հուսիթները հարձակում գործեցին Եմենի Ադեն քաղաքում գտնվող ՌԴ գլխավոր հյուպատոսության վրա: Հյուպատոսության շենքը թալանվեց, դուրս բերվեց այն ամենն, ինչ գոնե փոքր արժեք ուներ: Ապստամբները բեռնել են թալանված տեխնիկան և թղթապանակներով փաստաթղթերը մեքենաներն ու հեռացել անհայտ ուղղությամբ: Ավելի ուշ հյուպատոսության աշխատակիցներն ու ՌԴ քաղաքացիները տարհանվեցին երկրից:

Եմենը վաղուց արդեն ապաստան էր դարձել ծայրահեղական իսլամիստների համար թույլ կենտրոնական իշխանությունների և դժվարհասանելի վայրերի պատճառով: Վերջին տարիներին երկրում բազմաթիվ էին ահաբեկչական գործողություններն ու դիվերսիաները, որոնց թիրախը հաճախ օտարերկրացի զբոսաշրջիկներն էին, դիվանագիտական առաքելություններն ու դրանց աշխատակիցները, անվտանգության ուժերն ու ենթակառուցվածքները, հիմնականում նավթային:

Հուսիթների դեմ ագրեսիան սկսվեց այն բանից հետո, երբ նրանք գրոհեցին Ադեն հարավային քաղաքն ու ստիպեցին Եմենի նախագահ Աբդ Ռաբբ Մանսուր Հադիին փախչել երկրից: Եմենի փախած նախագահը ժամանել է Էր Ռիադ: Ըստ al-Arabiya TV-ի, նախագահը Սաուդյան Արաբիայի հովանավորությամբ մեկնել է Շարմ էլ Շեյխ: Մարտի 28-ին նա մասնակցել է արաբական պետությունների գագաթնաժողովին Եգիպտոսում:

Հադին հրաժարական տվեց 2015-ի հունվարին, երբ հուսիթները իրենց հսկողության տակ առան Սանայի մեծ մասը: Ավելի ուշ նախագահը փախավ հայրենի Ադեն, որտեղ զորք հավաքեց ու հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում իշխանությունից իր հեռանալը: Սակայն առաջին իսկ մարտերում Հադիի կողմնակիցները պարտվեցին ու ապստամբները լայնածավալ հարձակում սկսեցին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---