ԱՄՆ-ն պաշտոնապես ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում. Օբաման անձամբ կընտրի պատվիրակության անդամներին

ԱՄՆ-ն պաշտոնապես ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում. Օբաման անձամբ կընտրի պատվիրակության անդամներին

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, անդրադառնալով ԱՄՆ պաշտոնական պատվիրակության հնարավոր այցին Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, հայտարարել է, որ Վաշինգտոնն անպայման պաշտոնապես ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում: Դեսպանը հավելել է նաև, որ պատվիրակության անդամներին անձամբ նախագահ Օբաման է ընտրելու, գրում է Armenpress-ը:

Դեսպան Միլզը նշել է, որ պատվիրակության կազմն առաջիկայում կհստակեցվի և դեսպանատունը կհայտարարի այդ մասին:

«Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասնաբար սգում է Օսմանյան կայսրության վերջին տարիներին կոտորածներին ու տեղահանություններին զոհ գնացած շուրջ մեկ ու կես միլիոն հայերի համար: Այս ողբերգությունը մենք երբեք չպետք է մոռանանք ու պետք է վառ պահենք նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել՝ միջազգային հանրության հետ աշխատելով թույլ չտալ, որ կրկին տեղի ունենան նման սոսկալի դեպքեր»,- ասել է Միլզը:

Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ:

Ապրիլի սկզբին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իշխող և ընդդիմադիր կուսակցությունների անդամները համատեղ նամակ են հղել նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով վերջինիս ապրիլքսանչորսյան իր ուղերձում «ինչպես հարկն է» հայտարարել, որ Հայոց ցեղասպանությունը Ցեղասպանության հստակ դեպք է, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը Ամերիկայի հայ դատի հանձնախմբի վրա հղումով: Օբամային ուղղված նամակը նախաձեռնել են Ներկայացուցիչների տան Հայկական հանձնախմբի համանախագահներ Ռոբերտ Դոլդը (հանրապետական) և Ֆրենք Փալոնը (դեմոկրատ):

Ավելի վաղ նույնաբովանդակ մի նամակ էլ, սենատորներ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ) և Քորի Գարդների (հանրապետական) նախաձեռնությամբ, ԱՄՆ նախագահին հղել էին սենատորները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---