ԵԽԽՎ ղեկավար. ԼՂ-ի բնակչությունը ԵԽ ընտանիքի մասն է, որի մասին պետք է հոգ տանել

ԵԽԽՎ ղեկավար. ԼՂ-ի բնակչությունը ԵԽ ընտանիքի մասն է, որի մասին պետք է հոգ տանել

PanARMENIAN.Net - «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրով զեկույցի շրջանակում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը չի պատրաստվում համագործակցել փաստաթղթի զեկուցող Ռոբերտ Վոլտերի հետ, քանի որ չի հավատում զեկույցի անաչառությանը, աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ հանդիպմանը նշել են ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը և ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլթերը փաստահավաք առաքելությամբ մարտի կեսերին Ադրբեջանում էր։ Մարտի 14-ին նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

ԼՂՀ վերաբերյալ զեկույց պատրաստելու հարցը ԵԽԽՎ-ի քաղաքական կոմիտեն քննարկել է անցյալ տարի աշնանը՝ քվեարկությամբ զեկուցող նշանակելով բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուլթերին։ Նախկինում ևս Ղարաբաղի և «գրավյալ տարածքներ»-ի իրավիճակի մասին ԵԽԽՎ-ում զեկույցներ են պատրաստվել։ Տարբեր տարիներին զեկուցողներ են եղել Դևիդ Աթկինսոնը, Գորան Լենմարկերը, Թերի Դևիսը, բայց ոչ մի զեկույցի վերնագրում չկա «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» ձևակերպումը։

ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ զեկույցը պատվիրված է ադրբեջանական պատվիրակության կողմից: Բրասերի՝ պատվիրակությունների միջև վստահության մակարդակը բարձրացնելուն վերաբերող առաջարկին ի պատասխան՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ դրա նախապայմանը պիտի լինի ԵԽԽՎ-ի կողմից նման զեկույցներից հրաժարվելը, տեղեկացնում են Աժ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խմբակցությունների ներկայացուցիչների գնահատմամբ՝ ԼՂ-ի մասին զեկույց պատրաստողը նախ պետք է այցելի Ղարաբաղ և ծանոթանա արցախցիների հետ: Նրանք առաջարկել են ԵԽԽՎ նախագահին առաջիկայում ԼՂ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելությամբ այցելել Լեռնային Ղարաբաղ և կարևորել են Եվրոպայի խորհրդում ԼՂ-ին առնչվող հարցերի քննարկումների ժամանակ այդ երկրի խորհրդարանի պատգամավորների մասնակցությունը:

Հոկտեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեն, որը քննարկեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի պատրաստման հարցը, խնդրով զեկուցող նշանակեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին, ով ԵԽԽՎ-ում հայտնի է որպես Ալիևի պաշտպան: 2013-ին տեղի ունեցած ադրբեջանական նախագահական ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարն էր հենց Ուոլթերը։ ԵԽԽՎ «դիտորդները» խանի վերընտրությունը գնահատեցին «ազատ, անկախ և թափանցիկ», ի տարբերություն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, որն այն որակել էր, մեղմ ասած, ոչ ժողովրդավարական։

Հայկական կողմը նշել է, որ կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով քննարկումները և խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորմամբ ու ԼՂՀ մասնակցությամբ, իսկ ամառվանից սկսած հաճախակիացել են գնդակոծություններն Ադրբեջանի կողմից, որի հետևանքով մի քանի անգամ ավելացել են զոհերը շփման գծում: Հերմինե Նաղդալյանը նկատել է, որ խնդրի կարգավորման համար բավարար չեն Հայաստանի ջանքերը, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները: Այս համատեքստում խոսվել է վստահության ցածր մակարդակի և անաչառության դեֆիցիտի մասին:

Հերմինե Նաղդալյանը խոսել է նաև ԼՂՀ-ի հետ ԵԽԽՎ-ի համագործակցության անհրաժեշտության մասին՝ մատնանշելով, որ խորհրդարանական ձևաչափը լավագույնն է նման համագործակցության համար, որին ի պատասխան՝ ԵԽԽՎ ղեկավարը նշել է, որ ԼՂ-ի բնակչությունը ԵԽ-ի 820 միլիոնանոց ընտանիքի մաս է կազմում, որի մասին Եվրոպայի խորհրդում պետք է հոգ տանեն:

Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերություններին և արձանագրությունների կասեցմանը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասոց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը կարևորել է հատկապես դրանց կրկնությունը կանխարգելելու տեսանկյունից: Իսկ արխիվները բացելու և պատմագիտական ուսումնասիրություն իրականացնելու առաջարկի վերաբերյալ՝ խորհրդարանական խմբակցությունների անդամները փաստել են, որ Հայոց ցեղասպանությունը վաղուց ուսումնասիրվել է մասնագետների կողմից և ճանաչվել: Նշվել է, որ Հայաստանը արխիվներում ոչինչ չի թաքցնում, իսկ աշխարհասփյուռ հայությունն ապացույցն է այն բանի, որ հենց Ցեղասպանության պատճառով է հայ ժողովուրդը սփռվել աշխարհով մեկ: Հայ-թուրքական հարաբերությունների առումով ԵԽԽՎ նախագահը, կարևորելով երկխոսությունը և շփումները երկու երկրների միջև, նշել է, որ կողմերը պետք է մի կողմ դնեն նախապայմանները՝ ընդգծելով նաև, որ առանց անցյալի հետ հաշտվելու՝ հնարավոր չէ ապագա կառուցել: Նրա գնահատմամբ՝ այն, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Մեծ եղեռնը երեկ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում անվանել է Ցեղասպանություն, դա ևս մեկ քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը անդրադարձել է նաև սահմանադրական բարեփոխումներին, ընդգծել դրանց համապատասխանության անհրաժեշտությունը ԵԽ չափանիշներին և նշել, որ սահմանադրական բարեփոխումները չպետք է լինեն ինքնանպատակ. նրա խոսքով՝ դրանք պետք է դառնան գործիք՝ երկիրը զորացնելու համար: Նա նաև կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին հավանություն է տվել նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացրած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քաղաքական կուսակցությունների հետ կկազմակերպի և կիրականացնի քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ և կամփոփի կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները:

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 12-ին հանդիպել է «Միավորված աշխատանքային», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայոց համազգային շարժում», «Ազատ դեմոկրատներ», «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---