Դեպի հաշտություն տանող ուղին ժխտողական կեցվածքը չէ, այլ գիտակցված հիշողությունը. Նախագահ (թարմացված)

Դեպի հաշտություն տանող ուղին ժխտողական կեցվածքը չէ, այլ գիտակցված հիշողությունը. Նախագահ (թարմացված)

PanARMENIAN.Net - Երևանի մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով երկօրյա գլոբալ ֆորումը, որի աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 600 մասնակից՝ ավելի քան հինգ տասնյակ երկրից:

Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացմանը, ցեղասպանությունների հետևանքների վերացմանը և պատասխանատվության խնդիրներին վերաբերող հարցեր: Նախատեսվում է խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության լիագումար նիստ, որի ընթացքում ելույթներով հանդես կգան խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ համաժողովը կվերածվի հանցագործությունների հանցագործության` ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների մշակմանն ու կատարելագործմանն ուղղված համընդգրկուն քննարկումների կարևոր հարթակի:

«Վստահ եմ, որ այստեղ հնչած ելույթները, ներկայացված տեսակետները կստանան լայն միջազգային արձագանք, ինչն անգնահատելի նշանակություն կարող է ունենալ հիմնախնդրի վերաբերյալ համաշխարհային իրազեկվածությունը բարձրացնելու գործում»,- ասել է նա:

Նախագահը շեշտել է, որ համաժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող կենտրոնական միջոցառումներից է.

«Ինչպես տեղյակ եք, այդ տարելիցի առթիվ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են ոգեկոչման միջոցառումներ, որոնք հիմնված են չորս առանցքային հենասյուների վրա: Դրանք են՝ հիշողությունը, երախտագիտությունը, կանխարգելումը և վերածնունդը: Միաժամանակ դրանք այն ուղերձներն են, որոնք Հայաստանի Հանրապետությունը և տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության հետևանքով առաջացած հայկական համայնքները ցանկանում են 100-րդ տարելիցի կապակցությամբ հղել միջազգային հանրությանը և գալիք սերունդներին: Այս չորս գաղափարները հիմնարար նշանակություն ունեցող խորհուրդ են պարունակում նաև մարդկության պատմության ընթացքում իրականացված բոլոր ցեղասպանությունների ոգեկոչման համար»:

Համաժողովի ընթացքում քննարկվելիք թեմաներից մեկը վերնագրված է այսպես. «Ո՞րն է հիշողության և ճշմարտության դերը ցեղասպանությունների հետևանքների հաղթահարման հարցում»: Այս առթիվ Սերժ Սարգսյանը նշել է.

«Իսկապես շատ դիպուկ ձևակերպված հարցադրում է, քանզի ցեղասպանությունների հարցում հիշողությունն ու ներկա իրականությունն անխուսափելիորեն փոխկապակցված են: Ցեղասպանությունը հանցագործություն է, որի մասշտաբներն այնքան մեծ են, որի պատճառած վնասներն այնքան խոր են, որ անգամ տասնամյակներ անց նրանց ազդեցությունն իրենց վրա զգում են թե՛ ցեղասպանության ենթարկվածների ու այն իրականացնողների ժառանգները և թե՛ ամբողջ միջազգային հանրությունը:

Հայերիս համար հիշողությունը բարոյական պարտավորություն է և, միաժամանակ, անբաժանելի անհատական և կոլեկտիվ իրավունք: Բարոյական պարտավորություն և իրավունք է հիշելու մեկուկես միլիոն մեր նահատակներին, հարյուր հազարավորների կրած անմարդկային զրկանքները, հազարամյակների ընթացքում մեր ժողովրդի կուտակած նյութական և հոգևոր ժառանգության կորուստը, 20-րդ դարասկզբի հայ մտավորականության՝ հիմնականում Կոստանդնուպոլսում ապրող այն ստվար հատվածին, որին ոչնչացնելով՝ սկիզբ դրվեցին զանգվածային ջարդերին: Իրավունքի և պարտավորության այս միասնականությունն է պատճառը, որ մենք ոգեկոչման միջոցառումներն իրականացնում ենք «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով:

Հայ ժողովուրդը չի մոռանում և շնորհակալ է այն քրդերին և թուրքերին, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ ծածուկ փրկում էին իրենց հարևան հայի կյանքը, արաբ ժողովրդին, որն ապաստան տվեց յաթաղանից մազապուրծ եղած հայերին, որբախնամ և այլ տեսակի մարդասիրական գործունեություն իրականացրած ռուս, ամերիկացի և եվրոպացի անհատներին:»:

«Ցեղասպանությունների` Մեծ եղեռնի, Շոայի զոհերի, ինչպես նաև Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ցեղասպանությունների հիշատակի օրերը պետք է ոգեկոչվեն ոչ միայն զոհերի, այլ նաև ցեղասպանությունն իրագործածների ժառանգների կողմից: Դեպի հաշտություն տանող ուղին ժխտողական կեցվածքը չէ, այլ գիտակցված հիշողությունը»:

Նախագահն անդրադարձել է նաև ժխտողականության փաստին՝ ասելով.

«Ժխտողականությունը ցեղասպան միջավայրի սերմանման և հենց բուն սպանդի իրականացման հետ նույն եռանկյունու գագաթներից է: Ցեղասպանության ժխտումը նաև ազգային ատելության նոր ալիքի բարձրացման տարրեր է պարունակում, հաճախ ուղեկցվում է անհանդուրժողականությամբ և իրականացված ցեղասպանությունների արդարացմամբ: Իսկ միջազգային ուժեղացող ճնշման պարագայում ժխտողականությունը ձեռք է բերում ավելի փափուկ, բայց նույնքան վտանգավոր երանգներ կամ տարրալուծվում է պատմության վերաշարադրման արշավներում:

Ցեղասպանությունների ու մարդկության դեմ գործված հանցագործությունների կրկնության պատճառներից մեկը նաև այն է, որ միջազգային հանրության հետևողականությունը, միասնականությունն ու վճռականությունը բավարար չափով չի դրսևորվել իրականացված ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման, ինչպես նաև ցեղասպան միջավայրի ու ժխտողականության բացառման գործում: Որպես ժողովրդավարական արժեքների հենասյուն-կառույցներ՝ վերը նշված ուղղություններով զգալի դերակատարություն ունեն հատկապես խորհրդարանները և խորհրդարանականները»,- շեշտել է Սերժ Սարգսյանը՝ կարևորելով այն հանգամանքը, որ օրենսդիրների անգնահատելի դերին նվիրված հատուկ քննարկում է նախատեսվում այս համաժողովի շրջանակներում, քանի որ նրանց ուղերձները, որոշումները և հայտարարություններն էական նշանակություն ունեն ինչպես արդարության վերականգնման, այնպես էլ հասարակություններին ու նրանց ապագա սերունդներին ցեղասպանության չարիքի հետևանքների ճիրաններից ազատելու առումով:

Նա նաև ողջունել և կարևորել է նաև ՀՀ ԱԺ կողմից այս տարի ընդունած երկու փաստաթղթերը` Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարությունն ու «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությունը, համաձայն որի ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օրը նշվում է դեկտեմբերի 9-ին, ինչը խիստ խորհրդանշական է, քանի որ հենց այդ օրն է ընդունվել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան:

«Այս համատեքստում մեր կարևորագույն ուղերձներից մեկն էլ վերածնունդն է: 100 տարի առաջ հայ ժողովուրդը վերապրեց իր պատմության ամենամութ և դաժան էջը: Արհավիրքը, որ բաժին ընկավ մեր նախնիներին, իրոք աննախադեպ էր իր մասշտաբներով, սակայն այսօր՝ 100 տարի անց, ոգեկոչելով իր զոհերին, հայ ժողովուրդը համայն աշխարհին ներկայանում է անկախ պետությամբ, ազատ Արցախով, հայապահպանության և հանուն Հայաստանի զարգացման արժեքներով ապրող կենսունակ սփյուռքով՝ համամարդկային քաղաքակրթության զարգացման մեջ նոր ներդրումներ ունենալու ձգտումով:

Ուստի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մենք բաց ճակատով ենք և վստահաբար հայտարարում ենք, որ այն, ինչին ցանկանում էին հասնել Հայոց ցեղասպանության կազմակերպիչները, չի հաջողվել: Ավելին, հայ ժողովրդին ոչնչացնելու փորձին մեր պատասխանը պետականության կառուցումն է, մեր վերածնունդն է, որն այսօր այլևս անշրջելի է»,- շեշտել է նախագահը:

Եզրափակելով խոսքը՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօրվա համաժողովը քննարկումներին զուգահեռ պետք է հզոր գործնական ուղերձ հղի միջազգային հանրությանն առ այն, որ ցեղասպանությունները բնավ չեն դադարել սպառնալիք հանդիսանալ մարդկության համար, որ դրանց հետևանքների հաղթահարումն ու կանխարգելումը պետք է դառնա կարևորագույն առաջնահերթություն:

«Անցյալի դասերը մեզ պարզապես պարտավորեցնում են դա անել: Քաղաքակիրթ մարդկությունը պետք է մեկտեղի իր ջանքերը՝ վերջնականապես արմատախիլ անելու ցեղասպանության չարիքը և այն ծնող հանգամանքները:

Հետևապես՝ «այլևս երբեք» ասելու վճռականությամբ մեր համեստ ներդրումն ունենանք հանուն բոլորիս միավորող համամարդկային նպատակի՝ ցեղասպանության կանխարգելման՝ միջազգային հանրության այդ առաքելության առավել լիարժեք իրականացման»,- նշել է ՀՀ նախագահը:

Համաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի և օրհնության խոսք է ասել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը.

«Բազմաթիվ փորձություններ տեսած մեր ժողովրդի նորագույն պատմության ամենամռայլ և ողբերգական էջը 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանությունն է, որին զոհ գնացին շուրջ մեկ ու կես միլիոն հայորդիներ: Այսօր` 100 տարի անց, այդ ոճրագործությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Մի շարք պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը` իբրև մարդկության դեմ գործված ծանրագույն հանցագործություն, վստահություն է ներշնչում Մեզ, որ այն պիտի ստանա համընդհանուր ճանաչում ու արդար գնահատական։

Քիչ են դեպքերը, երբ մի պետություն, որ ցեղասպանություն է կազմակերպել, ճանաչում և ընդունում է իր հանցանքը: Այս առումով Գերմանիան կարող է օրինակ հանդիսանալ Թուրքիայի ներկա իշխանությունների և ցեղասպան այլ պետությունների համար»,- շեշտել է կաթողիկոսը՝ հավելելով, որ ցեղասպանության ժխտումը ոչ միայն ցեղասպանության ենթարկված ժողովրդի իրավունքների, արժանապատվության ու արդարության ոտնահարում է, այլև խարխլում է միաջազգային իրավունքի և համընդհանուր բարոյականության հիմերը և ծանր հարված հասցնում ազգերի և ժողովուրդների հարաբերություններին ու խաղաղ համակեցությանը:

Թորբյորն Յագլանդն էլ իր խոսքում նշել է, որ հարյուր տարի առաջ հայերը դաժանաբար սպանվել են, հազարավոր հայեր աղքատության մատնվել. «Միայն հայերի կորուստը չէր, աշխարհի կորուստն էր»:«Տխուր եմ, մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքը կորցրեցին այդ ողբերգության ընթացքում: Հուզված եմ, որ այստեղ եմ: Ֆրիտյոֆ Նանսենի երկրից եմ, այդ կապակցությամբ առավել հուզված եմ»,-«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն էլ իր խոսքում նշել է, որ հարյուր տարի առաջ հայերը դաժանաբար սպանվել են, հազարավոր հայեր աղքատության մատնվել. «Միայն հայերի կորուստը չէր, աշխարհի կորուստն էր»:

«Նման նոր ողբերգությունները կանխելու համար մենք պետք է ապրումակցենք նրանց, ովքեր տառապել են, կյանքի գինն են վճարել: Ֆրիտյոֆ Նանսենը դա ուներ, տեսնում էր տառապանքը, ողբերգությունը, անկախ որևէ քաղաքականությունից անում էր այն, ինչի կարիքը կար, փրկում էր հազարավոր մարդկանց: Այսօրվա լավագույն պատգամն էր արդի աշխարհում, երբ տեսնում ենք մարդկանց տառապանքը, պարզապես պետք է գործել»,- ասել է Նանսենի հայրենակիցը՝ ընդգծելով, որ քաղաքականությունը խանգարում է կարեկցանքին.

«Բոլոր պետություններն ունեն պատասխանատվություն կանխելու անմեղ մարդկանց նկատմամբ մարդու իրավունքների խախտումները: Առաջին հերթին պետություններն են պարտավոր կանխել էթնիկ զտումները, իսկ միջազգային կազմակերպությունները պետք է սատարեն, եթե չեն ցանկանում, մենք միջամտում ենք: Բոլորս ունենք պաշտպանելու պարտավորություն»:

Ցեղասպանագետների միջազգային ասոցացիայի նախագահ Դանիել Ֆեյերստեյնն էլ ցանկություն է հայտնել վերահաստատել, որ ցեղասպանագետների հանրությունը պատրաստ է պայքարել ընդդեմ ժխտողականության և հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման համար:

Նա նշել է, որ հարյուր տարի առաջ թուրքերը հայերի, հույների և ասորական փոքրամասնությունների նկատմամբ գործել են ցեղասպանություն:

«Այն, ինչ կատարվեց 1915 թվականին, ասում են` ողբերգություն է: Ողբերգություն չէ, միջազգային հանցագործություն է, որը մենք անվանում ենք Ցեղասպանություն»,-իր հերթին նշել է մարդու իրավունքների ոլորտում Միացյալ Թագավորության առաջատար «Դավթի Սթրիթ Չամբերսը» կառույցի հիմնադիր և ղեկավար Ջեֆրի Ռոբերտսոնը:

Ըստ նրա, այդ ժամանակ գերտերությունները գիտեին, թե ինչ է կատարվում, խոստումներ էին տվել, որ քրեական հետապնդումների կենթարկեն կազմակերպիչներին, բայց ոչինչ չարեցին: Ջեֆրի Ռոբերտսոնը նաև ասաց, որ Թուրքիան այս տարի Հայոց ցեղասպանության խնդրից շեղող միջոցառում է նախաձեռնել և որոշ պետություններ էլ մասնակցելու են այդ միջոցառումներին:

«Թուրքական ժխտողականությունը վատ ազդեցություն է ունեցել, նրանք պնդում են, որ թուրքերն իրավունք ունեին սպանելու մեկ ու կես միլիոն հայերի, որովհետև հինգերորդ շարասյուն էին, կարող էին միանալ իրենց հակառակորդներին»,- մանրամասնել է նա՝ հավելելով, որ այս շաբաթ աշխարհը հիշում է հայերի սպանդը, և դա անվանում են Ցեղասպանություն, որը զանգվածային սպանություններ են՝ իրականացված ռասսայական և կրոնական հիմքերի վրա:

Նիստերը կնախագահեն միջազգային իրավունքի հայտնի մասնագետներ Լուիզ Մորենո Օկամպոն, Ջեֆրի Ռոբերտսոնը, քաղաքական գործիչներ Օ դը Սեն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ, Ֆրանսիայի Ժողովրդական շարժման միություն կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանը, Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության հիմնադիր ու գործադիր տնօրեն, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Հայաստանի ազգային հերոս, ՌԴ Դաշնային խորհրդի բնական մենաշնորհների հարցերով կոմիտեի նախագահ, Տեղական ինքնակառավարման հանձնաժողովի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը:

Զեկույցներով հանդես կգան միջազգային իրավունքի ականավոր մասնագետներ, հայտնի պատմաբաններ, ցեղասպանագետներ, այդ թվում՝ Ֆրանկ Չոքը, Ուիլիամ Շաբասը, Իսրայել Չարնին, Ռագըփ Զարաքոլուն, Մայքլ Բոլանդերը, Դոննա Ֆրիզը, Դոնալդ Բլոքսհամը, Ռոջեր Սմիթը, Հենրի Թերիոն, Պատրիկ Դամբըրին, Ջենգիզ Աքթարը, Էսթեր Մուջավայոն, Յաիր Աուրոնը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---