Պյատիգորսկում հրատարակվել է «Հայերը ռուսական պատմական փաստաթղթերում» նյութերի ժողովածուն

PanARMENIAN.Net - Պյատիգորսկում հրատարկվել է «Հայերը ռուսական պատմական փաստաթղթերում» նյութերի ժողովածուն: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հրատարակված ժողովածույում ներկայացված են որոշ պատմական ռուսական նյութեր հայերի մասին Մ.Կարամզինի «Ռուսական պետության պատմությունից», Ս.Սոլովյովի «Ռուսաստանի պատմության հնագույն ժամանակներից» եւ Կովկասի հնեաբանական հանձնաժողովի արձանագրություններից: Բերված փաստաթղթերում կարելի է գտնել թագավորող անձանց վերաբերմունքը հայերի հանդեպ, որոնք, ինչպես նշվում է Պավել Առաջինի հրովարտակում, աչքի են ընկնում «մեծ աշխատասիրությամբ, մանրակրկիտ տնաշինությամբ, իրենց պարկեշտությամբ եւ օրինակելի վարքով», բերվում են նաեւ գեներալների եւ արքունիքի պաշտոնյաների կարծիքներն անդրկովկասյան գործերի մասին, ինչպես նաեւ նկարագրվում են առանձին պատմական փաստեր: Ժողովածույում ներկայացված պաշտոնական նամակագրությունը լուսաբանում է առանձին անձանց դերը ռուս-հայկական հարաբերություններում, մասնավորապես Ա.Գրիբոեդովի, որը ակտիվորեն մասնակցել է հայերի վերաբնակեցմանը Ռուսաստանում: Ինչպես նախաբանում նշում են ժողովածուի հեղինակներ Գ.Ադամյանը, Ս.Ֆեդոտովը եւ Դ.Ադամյանը, «հատկանշական է Ռուսաստանի իշխող շրջանակների զգուշավոր, մտածված եւ հետեւողական դիրքորոշումը հայերի վերաբնակեցման, տեղավորման, հայկական մարզի վարչական եւ հոգեւոր կառավարման հարցերում»:



Գրքում ընդգրկվել են նաեւ հայկական եկեղեցաշինության, գեղարվեստական իրերի նմուշներ, նկարիչ Յու.Գուդիեւի կտավներում պատկերված հայազգի որոշ ականավոր գործիչների դիմանկարները: Գուդիեւին է պատկանում նաեւ ժողովածուի ընդհանուր ձեւավորումը:



Ընդամենը 200 նմուշ տպաքանակով հրատարակված ժողովածուի նպատակն է առավել հասանելի դարձնել պատմական նյութերը, չվերարտադրելով եւ չմեկնաբանելով դրանք, որպեսզի ընթերցողն ինքը կարողանա ձեւավորել իր վերաբերմունքը կատարվածի հանդեպ: Այս նյութերով ժողովածու կազմողները ցանկացել են նշել այն հսկայական սոցիալական ներդրումը, որոնք ունեցել են հայերն այն ժողովրդների մշակույթներում եւ կյանքում, որոնց շրջանում ապրում են:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---