Հայաստանը նայում է դեպի ապագա, բայց մտադիր չէ հրաժարվել անցյալի հիշողությունից

PanARMENIAN.Net - Անցած տարիների ընթացքում Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանը շարունակել է փոխլրացման իր քաղաքականությունը, հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովի բացման խոսքում: Նրա խոսքերով, Ռուսաստանի Դաշնության հետ սկիզբ է դրվել մի շարք փոխշահավետ խոշոր տնտեսական ծրագրերի, խորանում է ռազմա-քաղաքական համագործակցությունը: Հարեւան Իրանի հետ սկսել ենք խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրագործումը: Ձեւավորվել են կայուն եւ արդյունավետ հարաբերություններ: Միեւնույն ժամանակ, հավելել է ՀՀ նախագահը, Հայաստանն ակտիվ քայլեր է կատարում Եվրոպական միության հետ իր հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Ավարտվել է նոր հարեւանության եվրոպական քաղաքականության փաստաթղթի շուրջ բանակցային գործընթացը: Համաձայնեցված է եւ արդեն ընթացքում է գործընկերության անհատական ծրագիրը ՆԱՏՕ-ի հետ: Ինչպես նշել է Ռ.Քոչարյանը, ահաբեկչության դեմ միջազգային պայքարի համատեքստում ընդլայնվել է Հայաստան-ԱՄՆ ռազմական երկկողմ համագործակցությունը: Հայկական բանակը մասնակցում է խաղաղապահ գործողություններին Իրաքում եւ Կոսովոյում: «Այսպես կբնութագրեի մեր քաղաքականությունը` մենք խորացնում ենք մեր միջազգային ներգրավվածությունը` միաժամանակ ամրապնդելով կապերը ավանդական բարեկամների հետ»,-հայտարարել է ՀՀ նախագահը:



Ռ.Քոչարյանը հատուկ նշեց, որ միջազգային սուր հարցերին վերաբերող բոլոր որոշումները մեր կողմից կայացվում են Սփյուռքի շահերը հաշվի առնելով: Խոսքը գնում է զգայուն տարածաշրջանի եւ զգայուն հարցերի մասին:



«Արտաքին քաղաքականության համատեքստում կարեւոր գործոն է Սփյուռքի ներուժը քաղաքական լոբբինգի ոլորտում: Երկար տարիներ գործելով այլ քաղաքական մշակույթների միջավայրում` Սփյուռքի կազմակերպությունները յուրացրել են աշխատելու մեծ փորձ եւ արհեստավարժություն: Քաղաքական դաշտում ճանաչված հայկական կազմակերպությունները մեծ աջակցություն են ցուցաբերում հայ դիվանագիտությանը եւ առավել լսելի են դարձնում Հայաստանի ձայնը միջազգային ասպարեզում,-նշել է Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, շնորհիվ Սփյուռքի հետ համատեղված ջանքերի` մեծ առաջընթաց է արձանագրվել Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացում: Մի շարք երկրների խորհրդարաններ ընդունել են համապատասխան բանաձեւեր, կայացել են միջազգային համաժողովներ: Հայաստանը նախաձեռնել է ցեղասպանությունը դատապարտող միջազգային փաստաթղթերի ընդունումը ՄԱԿ-ում: «Այս գործընթացում կարեւոր դեր է խաղացել Հայաստանի դիրքորոշման հստակ ձեւակերպումը` մենք նայում ենք դեպի ապագա, բայց մտադիր չենք հրաժարվել անցյալի հիշողությունից: Հետագայում եւս մենք պետք է պահպանենք այս գործելաոճը»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---