Կառավարությունը հաստատել է ՀՀ նոր ՔՕ հայեցակարգը. Այլընտրանքային պատժատեսակների ցանկը կընդլայնվի

Կառավարությունը հաստատել է ՀՀ նոր ՔՕ հայեցակարգը. Այլընտրանքային պատժատեսակների ցանկը կընդլայնվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգին: Ինչպես նշեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, օրենսգրքում մինչ այժմ առկա են եղել բազմաթիվ թերություններ և պատահական չէ, որ մինչ այժմ կատարվել է մոտ 100 փոփոխություն և լրացում։

Նրա խոսքերով՝ շատ հաճախ արված փոփոխությունները ոչ թե շտկել են վիճակը, այլ ընդհակառակը՝ ավելացրել օրենսգրքում առկա հակասություններն ու թերությունները։

«Փոփոխությունների մի մասը կատարվել են պահի ազդեցության տակ, կոնկրետ դեպքի կապակցությամբ, առանց հաշվի առնելու օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը։ Մյուսները զուրկ են կրիմինալոգիական հիմնավորվածությունից կամ հակասում են քրեական իրավունքի տեսության ժամանակակից միտումներին»,- նշեց Հ. Մանուկյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նախարարն ակնկալում է, որ նոր հայեցակարգով կբարձրանա մարդու իրավունքների քրեաիրավական պաշտպանվածության մակարդակը, կբացառվեն հանցագործությունների որակման կանոնների սահմանման և հանցակազմերի հստակ ձևակերպման միջոցով քրեաիրավական նորմերի սխալ կիրառումը, դատական սխալները, կբարձրանա պատժի նշանակման կանոնների սահմանմամբ` պատժի արդյունավետության մակարդակը:

«Միաժամանակ, այլընտրանքային պատժատեսակների ցանկի ընդլայնմամբ` ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակների նշանակման ծավալներն էականորեն կնվազեն, կկատարելագործվեն քրեական պատասխանատվությունից ու պատժից ազատելու ինստիտուտները, կստեղծվեն հանցանք կատարած անձի ուղղման և վերասոցիալականացման նպատակի իրագործման արդյունավետության նախադրյալներ»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ հայեցակարգը կնպաստի նաև քրեական օրենսդրության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովմանը:

Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրքը (ՀՀ քրեօր) քրեական իրավունքի հիմնական և միակ աղբյուրն է, միակ նորմատիվ ակտը, որը սահմանում է հանցավորությունը և պատժելիությունը Հայաստանի Հանրապետության տարածքում։

ՀՀ Քրեական օրենսգրքի գործող խմբագրությունը ստորագրված է եղել Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից 2003 թվականի ապրիլի 29-ին և ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ից, փոխարինելով մինչև այդ ժամանակը օգտագործվող Հայկական ԽՍՀ-ի 1961 թվականի Քրեական օրենսգիրքը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---