ԵԱՀԿ. Էրդողանն ակտիվ էր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում, չնայած պետք է անկուսակցական լիներ

ԵԱՀԿ. Էրդողանն ակտիվ էր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում, չնայած պետք է անկուսակցական լիներ

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկել մասնակցության և ակտիվության բարձր մակարդակով, ընդ որում ինչպես քարոզարշավի ժամանակ, այնպես էլ ընտրությունների օրը: Այս մասին ասված է ԵԱՀԿ-ի տարածած հայտարարության մեջ, մեջբերում է Panorama.am-ը:

«Ընտրողները քվեարկության ժամանակ ընտրանքի մեծ հնարավորություն են ունեցել՝ ի դեմս ընտրություններին մասնակցող բազմաթիվ կուսակցությունների, սակայն 10%-ի շեմը սահմանափակում է քաղաքական բազմակարծությունը»,- ասված է դիտորդների հայտարարության մեջ:

Քվեարկության նախնական արդյունքներն ունեն հետևյալ պատկերը. «Արդարություն և զարգացում կուսակցություն»՝ 40,8%, «Ժողովրդահանրապետական կուսակցություն»՝ 25,1%, «Ազգայնական շարժում» կուսակցություն՝ 16,4%, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»՝ 12,9%, այլ կուսակցությունները տատանվում են՝ 4-8% հարաբերակցությամբ:

Դիտորդները նշում են, որ մամուլի ոլորտի ազատությունը լուրջ անհանգստություն է առաջացնում, քանի որ տարբեր ԶԼՄ-ներ ներկայացնող և անհատ լրագրողներ, ովքեր քննադատում են իշխող կուսակցությանը, ահաբեկվում և ճնշումների են ենթարկվում ընտրարշավի ընթացքում:

«Ես զարմացած էի երեկ՝ տեսնելով մարդկանց այդ աստիճան ակտիվությունը և ներգրավվածությունը ընտրական գործընթացին, մանավանդ վերջին ճնշումներից և ողբերգական կորուստներից հետո: Նրանց ներգրավվածությունը ընտրություններին ցուցադրում է հավատարմությունը ժողովրդավարական ընտրություններին: Մնացած մարտահրավերները, այդ թվում ԶԼՄ-ների ազատությունների սահմանափակումը, խորհրդարան մտնելու բարձր շեմի առկայությունը, պետք է լուծվեն, որպեսզի ավելի լավ արտացոլվի մարդկանց ընտրությունը»,-նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Վիլիա Ալեկնայթ Աբրամիկիեն:

Դիտորդների կարծիքով՝ հիմնարար ազատություններն ընդհանուր առմամբ հարգվել են: Ցավոք, քարոզարշավն աչքի է ընկել մրցակից կուսակցությունների գրասենյակների վրա հարձակումներով, ֆիզիկական բռնաճնշումներով: Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահ Էրդողանն ակտիվ դերակատարություն է ունեցել նախընտրական քարոզարշավում, չնայած սահմանադրությունը պարտավորեցնում է լինել անկուսակցական, վերջինս հրապարակային միջոցառումները օգտագործել է իշխող կուսակցության օգտին քարոզչություն իրականացնելու և քննադատելու ընդդիմադիր թեկնածուներին:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 13 տարվա ընթացքում առաջին անգամ կորցրել է բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում՝ հավաքելով ձայների 40,8%-ը:

Մինչև այդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրությունների մասին հայտարարություն է արել, որում ասվում է.

«Հավատում եմ, որ ներկա իրավիճակը, որը թույլ չտվեց որևէ կուսակցության միայնակ կառավարություն կազմել, առողջ և իրատեսական կերպով կգնահատվի բոլոր կուսակցությունների կողմից, որոնք մասնակցել են ընտրություններին», մեջբերում է «Սիվիլնեթ»-ը:

Էրդողանը նշել է նաև, որ «պետության արժանապատվությունն ամեն ինչից վեր է» և հավելել, որ ընտրողների մեծ ակտիվությունն ու բարձր ներկայությունը վկայում է, որ «ժողովուրդը վճռական է ժողովրդավարության և քվեախցիկում իր կամքն արտահայտելու հարցում»: Էրդողանը նաև բոլոր կուսակցություններին կոչ է արել ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում պատասխանատու կերպով գործել: Ըստ նրա, կարևոր է, որ բոլոր կուսակցությունները դրսևորեն անհրաժեշտ զգայունություն և պատասխանատվություն երկրում կայունությունն ու վստահության մթնոլորտը, ինչպես նաև ժողովրդավարության ձեռքբերումներն պահպանելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---