Բաքվի խաղերը դեռ չսկսված, արդեն լուրջ խնդիրներ են հարուցել

Բաքվի խաղերը դեռ չսկսված, արդեն լուրջ խնդիրներ են հարուցել

PanARMENIAN.Net - Առաջին Եվրոպական խաղերը Բաքվում, որոնք մեկնարկում են հունիսի 12-ին, արդեն գլխացավանք են դարձել ինչպես կազմակերպիչների, այնպես էլ մասնակիցների համար:

Հունիսի 11-ին տեղի ժամանակով 8:30-ին Ավստրիայի սինխրոն լողի հավաքականի անդամ երեք լողորդուհիները լրջորեն տուժել են Բաքվի Մարմնամարզիկների ավանի տարածքում:

Աղջիկները քայլում էին մայթով, երբ նրանց վրաերթի ենթարկեց ավտոբուսը: «Մենք շոկի մեջ ենք և անմիջապես անհապաղ միջոցներ ձեռնարկեցինք»,-հայտարարել է Ավստրիայի Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Պիտեր Մեննելը:

Ըստ նրա, Վերենա Բրեյտը փոքր վնասվածքներ է ստացել՝ վնասելով աջ ոտքի ազդրը: Մյուս երկու աղջիկները՝Վանեսսա Շաինովիչը և Լունա Պաժերը ավելի լուրջ վնասվածքներ են ստացել: Առաջինը բազմակի կոտրվածքներ ունի, երկրորդը՝ ձեռքն է վնասել: Երկուսին էլ ուղարկել են հետ՝ Վիեննա հետագա բուժման համար: Աղջիկներին ուղեկցում է թիմի բժիշկը՝ Ռոբերտ Կանդեգարդտը, ասվում է Ավստրիայի Օլիմպիական կոմիտեի հայտարարության մեջ, գրում է Contact.az-ը:

Ավելի ուշ Բաքվի կենտրոնում ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել՝ կռվել են Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանած մարզիկները:

Ինչպես հայտնում է Haqqin.az-ը, սկզբում լեզվակռիվ է սկսվել մարզիկների միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի: Իրավապահների միջամտությունից հետո միջադեպը հարթվել է:

Ավելի վաղ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարեց, որ Առաջին Եվրոպական խաղերը կմեկնարկեն Ադրբեջանում հունիսի 12-ին կառավարության աննախադեպ հետապնդումների ֆոնին: Իշխանությունները ձերբակալել են կառավարության տասնյակ քննադատների և թույլ չեն տալիս հիմնական եվրոպական կենտրոնների լրագրողներին մուտք գործել երկիր խաղերը լուսաբանելու համար: Նրանք նաև արգելել են Amnesty International կազմակերպությանը մամուլի ասուլիս հրավիրել Բաքվում:

«Կառավարության հետապնդումները սխալ են դարձնում եվրոպական խաղերը բազում պատճառներով»,-ասել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնսական Ասիայի գծող փոխտնօրեն Ռեյչել Դենբերը: Վերջին շաբաթներին ադրբեջանական իշխանությունները չեն հավատարմագրել և մուտքի արտոնագիր չեն տրամադրել առաջատար եվրոպական ԶԼՄ-ների առնվազն 3 լրագրողի:

Բացի այդ, հունիսի 10-ին Բաքվի օդանավակայանում ձերբակալվել և վտարվել է երկրից Red Pepper հանդեսի խմբագիր, հասարակական ակտիվիստ և լրագրող Էմմա Հյուզը, որը հավատարմագրված էր խաղերը լուսաբանելու համար: Ավելի վաղ նա կոչ էր արել ազատ արձակել կառավարության ընդդիմախոսներին, իսկ իր գրքում քննադատել էր Ադրբեջանի կառավարությանը:

«ԶԼՄ-ների ազատությունը ցանկացած օլիմպիական շարժման հիմքն է: Մերժելով մուտքի արտոնագրի տրամդրման հարցում թղթակիցներին` Ադրբեջանն ու նախագահ Ալիևը մերժում են միջոցառման անցկացման հիմնական կանոններից մեկը: Միջազգային օլիմպիական կոմիտեն և ԵՕԿ-ը պետք է բացատրություններ պահանջեն և հրաժարվեն նման գործելաոճից»,-ասել է Դենբերը:

Հունիսի 10-ին Amnesty International-ը հայտնեց, որ իր պատվիրակներին թույլ չեն տվել մուտք գործել Բաքու, որտեղ նրանք հատուկ զեկույց պետք է ներկայացնեին:

HRW մշտապես կոչ է արել Եվրոպական օլիմպիական կոմիտեին պաշտոնական Բաքվի առջև բարձրացնել բոլոր այս հարցերը, սակայն ըստ էության պատասխան չստացավ: ԵՕԿ ներկայացուցիչները հայտարարել են, որ կազմակերպությունը «չի կարող քաղաքական պարտավորություններ ստանձնել» կամ «թելադրել ինքնիշխան պետությանը` ինչ անել»:

Սակայն ԵՕԿ-ը և նրա անդամները Օլիմպիական շարժման մաս են և գործում են Օլիմպիական խարտիայի շրջանակում, որը երաշխավորում է ԶԼՄ-ների ազատությունը:

Ադրբեջանի կառավարության աննախադեպ քայլերն ու հետապնդումները ամենավատթարն են հետխորհրդային շրջանում, նշում է HRW-ն:

2014-ից ի վեր իշխանությունները հետապնդել և ձերբակալել են առնվազն 35 լրագրողի, իրավապաշտպանի ու քաղաքական ակտիվիստի անհիմն մեղադրանքներով: Մյուսներին դա ստիպել է փախչել երկրից կամ անցնել ընդհատակ: Կառավարությունը նաև սառեցրել է տասնյակ անկախ ՈԿԿ-ների բանկային հաշիվները` անհնարին դարձնելով նրանց աշխատանքը մարդու իրավունքների ոլորտում:

«ԵՕԿ-ը ոչ միայն չի կատարել Օլիմպիական խարտիային սատարելու և օլիմպիական արժեքներին հավատարիմ լինելու պարտավորությունները, այլ նաև բաց է թողել ադրբեջանական ղեկավարության վրա ճնշում գործադրելու եզակի հնարավորությունը»,-ասել է Դենբերը:

Ավելի վաղ Եվրախորհրդարանում Գերմանիայի ներկայացուցիչ Մարիետ Շաակեն կոչ արեց գործընկերներին ու Եվրոպայի քաղաքական գործիչներին բոյկոտել Եվրոպական խաղերն ու հրաժարվել մասնակցությունից այդ միջոցառմանը:

Մինչդեռ հունիսի 8-ին Եվրախորհրդարանի նիստում մի խումբ պատգամավորներ ակցիա անցկացրեցին` կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպաններին ու լրագրողներին: Նախաձեռնությունը Եվրախորհրդարանի փոխնախագահ, «կանաչների» խմբակցության ներկայացուցիչ Ուլրիկե Լունաչեկինն էր: Նիստի բացմանը պատգամավորները շապիկներ էին հագել Լեյլա Յունուսի, Խադիջա Իսմայլովայի, Անար Մամեդլիի և մյուսների լուսանկարներով:

Լունաչեկն իր ելույթում հայտարարեց, որ Եվրոպան չի կարող անտեսել քաղբանտարկյալների հարցը և կոչ է արել ԵԽ-ին հատուկ բանաձև ընդունել:

Նիստին ընդառաջ հայտնի իրավապաշտպան կազմակերպությունները` Amnesty İnternational, Freedom House, Humaт Right Watch և Մարդու իրավունքների նորվեգական տունը, համատեղ հայտարարություն տարածեցին` մտահոգություն հայտնելով Ադրբեջանում Եվրախաղերի շեմին քաղաքացիական հասարակության հետապնդումների առնչությամբ: Ավելի վաղ գերմանական Tagesspiegel թերթն իր աղբյուրներին հղումով գրում է, որ Գերմանիայի առաջին դեմքերն ու Կառավարության անդամները չեն մեկնի Բաքու՝ հունիսի 12-ին կայանալիք Եվրոպական առաջին խաղերի բացմանը: «Կանցլեր Անգելա Մերկելը չի մեկնի Բաքու: Բացի այդ, ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը, որը սպորտի կուրատորն է, նույնպես հրաժարվել է Ադրբեջանի մայրաքաղաք այցից: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ևս հունիսի 12-ին Բեռլինում կմնա»,- գրում է թերթը:

Այցելությունից հրաժարվելու պատճառը, ըստ հոդվածի հեղինակ Կլաուդիա ֆոն Զալզենի, Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---