Եվրադատարան. Ադրբեջանը մոտ €14.000 կվճարի լրագրողին հետապնդելու համար

Եվրադատարան. Ադրբեջանը մոտ €14.000 կվճարի լրագրողին հետապնդելու համար

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունիսի 18-ին «Մեհթիևն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռ է կայացրել, ըստ որի՝ Խաքիմելդոսթու Մեհթիևի իրավունքները խախտվել են Նախիջևանի ազգային անվտանգության նախարարության կողմից իր լրագրողական գործունեության հետևանքով ազատազրկվելու ու վատ վերաբերմունքի հետևանքով:

Եվրադատարանը վճռել է, որ Ադրբեջանի կառավարությունը Մեհթիևին պետք է 10 հազար եվրո վճարի որպես փոխհատուցում, և 4000 դոլար՝ դատական ծախսերի համար, Contact.az-ին հղումով գրում է Tert.am-ը:

Մեհթիևին հետապնդելու պատճառը եղել են նրա հրապարակումները 2007-ին մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, ինչից հետո նրան կանչել են Ազգային անվտանգության նախարարության տեղական բաժանմունք և ծեծել մահակներով՝ պահանջելով դադարեցնել լրագրողական գործունեությունը։

Ավելի ուշ նրան դատարանի միջոցով կալանավորել են 15 օրով՝ ոստիկաններին դիմադրելու համար: Կալանավայրում նրան թողել են առանց սննդի ու ջրի, և չորս օր անց, առանց բացատրություն տալու, ազատ են արձակել։

Իշխանություններն այդպես էլ չէին խոստովանել նրա ձերբակալությունը:

ՄԻԵԴ-ը հունիսի 16-ին հրապարակեց «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռները։ Մեծ պալատի լսումներում ընդգրկված 2 գործը կապված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում առաջացած փախստականների խնդրին։

Եվրոպական դատարանը հարցերին մոտեցել է միայն մարդու իրավունքների տեսակետից՝ սահմանելով, որ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով խախտվել են մարդկանց իրավունքները, սակայն, նկատի ունենալով, որ խնդիրը կապված է, ըստ էության, առանձին՝ թեկուզ միջազգային իրավունքի տեսակետից դեռևս չճանաչված մի պետության հետ, հետևաբար 1 տարի ժամանակ է տվել կողմերին, որպեսզի քննարկման առարկա դառնա փախստականներին փոխհատուցման հարցի կարգավորումը:

Զուգահեռ անցկացնելով «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով՝ ՄԻԵԴ-ը կրկին գտել է, որ Ադրբեջանը պատասխանատու է այդ անձանց՝ այս դեպքում հայ փախստականի, իրավունքների խախտման համար և ճանաչել է խախտման փաստը և միևնույն սկզբունքով ժամանակ տալով կողմերին՝ 1 տարվա ընթացքում քննարկել փոխհատուցման չափերը։

Եվրոպական դատարանի որոշումներն օրենքի ուժ են ստանում հրապարակվելուց անմիջապես հետո, բողոքարկման ենթակա չեն եւ պարտադիր են կողմերի համար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---