ՄԽ նախկին համանախագահ. Բաքուն կենտրոնացած է միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքի վրա

ՄԽ նախկին համանախագահ. Բաքուն կենտրոնացած է միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքի վրա

PanARMENIAN.Net - Շատ արդարացիորեն Հայաստանը ԼՂ հակամարտության գործընթացում պնդում է այնպիսի միջազգային սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը, ինչպիսիք են ուժի գործոնի բացառումը, ժողովուրդների ինքնորոշումը և տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանն ավելի շատ կենտրոնացած է միջազգային իրավունքի մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Այս մասին ՆԱՏՕ-ի ԽՎ-ի՝ Երևանում անցկացվող 89-րդ Rose-Roth «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում թեմայով» սեմինարին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորը՝ հավելելով. «Բաքուն կենտրոնանում է միայն այդ մեկ սկզբունքի վրա», հայտնում է Tert.am-ը:

Ֆրանսիացի դիվանագետը հավելեց, որ 2014-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ կողմերն ընդունել են, որ Ադրբեջանին այս չկարգավորված կարգավիճակը ձեռնտու է, քանի որ, մեջբերում ենք՝ «Ադրբեջանի համար ժամանակի գործոնը նշանակում է, որ նրանք հուսով են, որ օգուտներ կքաղեն տարածաշրջանում ժողովրդագրական անհամապատասխանություններից»:

Ժակ Ֆորը մանրամասնեց. «Հայտնի է, որ Ադրբեջանը 9 միլիոն է, Հայաստանը 3 միլիոն, և այդ ժողովրդագրական անհամապատասխանությունն ավելի է աճում: Եվ Ադրբեջանը հուսով է, որ օգուտներ կքաղի այդ անհամապատասխանությունից»:

Ինչպես նաև, ըստ ֆրանսիացի նախկին համանախագահի, այդ երկիրը ցանկանում է օգուտ քաղել նավթային էներգետիկ ծրագրերի եկամուտներից, որոնք այս բոլոր տարիներին ուղղվում են սպառազինությունների ձեռք բերմանը:

Ըստ որում, ֆրանսիացի միջնորդը նշեց, որ Ադրբեջանի միայն ռազմակայան բյուջեն շատ ավելին է, քան ՀՀ բյուջեն:

Հակամարտության չկարգավորված լինելը արտակարգ և լիազոր դեսպանը բացատրում է մի շարք գործոններով, որոնցից մեկը կողմերի միջև վստահության պակասն է, մյուսը՝ երկրների ղեկավարների մոտ փոխզիջումների գնալու քաղաքական կամքի բացակայությունը:

Պատճառներից առաջինին մասին խոսելով՝ ֆրանսիացի նախկին համանախագահն ասաց. «Կողմերից յուրաքանչյուրը նշում է պայմանավորվածություններ, որոնք չեն պահպանվել, խոսում է թշնամական վերաբերմունքի մասին՝ մյուս կողմի կողմից, չնայած նրան, որ միջնորդական գործընթացի հիմնական խնդիրներից մեկը դրանցից խուսափելն է: Եվ սա օգտագործվում է կողմի կողմից որպես արդարացում, թե ինչպես կարող եմ վստահել կողմին, եթե նրանք այսպիսի բան են անում կամ՝ ասում»:

Ժակ Ֆորը հայտարարեց, որ ակնհայտ է, որ ինչ-որ որոշակի պահի երկու կողմերն էլ պետք է ընդունեն գաղափարը, որ ինչ-որ որոշակի պահի պետք է հրաժարվեն ինչ-որ այլ բան ստանալու դիմաց:

Ըստ նրա՝ այս փոխզիջումների մթնոլորտը, ցավալիորեն, բացակայում է երկու կողմերի մոտ ու սեփական նկատառումները ներկայացրեց, թե ինչո՞ւ է այդպես. «Քաղաքական կամքի այս բացակայությունը երկու կողմերի համար, հիմնականում, ներքին քաղաքական գործընթացներն են, երկու պետությունների ղեկավարներն էլ վախենում են քննադատությունից, եթե բանակցությունների ընթացքում ինչ-որ քայլ ձեռնարկենք, որը կարող է երկրի ներսում դիտարկվել որպես անընդունելի զիջում։ Ահա, սա է նրանց հետ պահում»:

Հունիսի 18-ին Երևանում մեկնարկեց ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարը, որն անցնում է «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում» կարգախոսով: Առաջին նիստում ելույթ ունեցան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՆԱՏՕ ԽՎ-ում խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, ՆԱՏՕ ԽՎ փոխնախագահ Պաոլո Ալլին, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Սեմինարի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ՆԱՏՕ գործակցության հարցեր, «Իսլամական պետության» վերելքը Մերձավոր Արևելքում և ազդեցությունը հայկական սփյուռքի վրա, միջնորդության դերը ղարաբաղյան կարագվորման հարցում, ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում, փակ սահմանները, Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում և այլ թեմաներ:

Այս տարի սեմինարի մասնակիցների թիվն աննախադեպ է: Ադրբեջանը չի մասնակցում սեմինարին:

2014-ի ապրիլին Der Spiegel պարբերականը հրապարակեց Մոլդովայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի «հարաբերությունների զարգացմանը միտված գործնական միջոցների» գաղտնի ծրագիրը:

Nato Restricted վերտառությամբ 7-էջանի փաստաթղթում երեք երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսված է միջոցառումների անհատական համալիր: Օրինակ, Դաշինքը Քիշնև կգործուղի կապի մեկ սպայի, Ադրբեջանի հետ կզարգանա գործակցությունը էներգետիկ ու կիբերանվտանգության ոլորտներում, Հայաստանում ՆԱՏՕ-ն գերակա է համարում երկրի ԶՈւ անձնակազմի որակավորման բարձրացումը:

Համագործակցությունը Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև այժմ կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության (Individual Partnership Action Plan - IPAP) ծրագրի հիման վրա, որը ստորագրվել է 2005 թ. դեկտեմբերին: Հայաստանը ոչ միայն գործակցում է ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական ոլորտում, այլև կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում Դաշինքի անդամ պետությունների հետ իրավական պետության, բարեփոխումների թափանցիկության, ահաբեկչության ու կաշառակերության դեմ պայքարի ոլորտներում: Հայաստանը նաև մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---