Համախմբելով ՏՏ ոլորտի ընկերություններին․ Մեկնարկել է ԴիջիԹեք բիզնես ֆորումը

Համախմբելով ՏՏ ոլորտի ընկերություններին․ Մեկնարկել է ԴիջիԹեք բիզնես ֆորումը

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների մասնակցությամբ 8-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը մեկնարկել է հունիսի 19-ին։ Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Երկօրյա ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:

Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ Աբրահամյանը նշել է, որ արդեն 8-րդ անգամ անցկացվող միջոցառումն իր շուրջն է համախմբում նորագույն տեխնոլոգիաներ ու ծառայություններ առաջարկող ընկերություններին` հնարավորություն ընձեռելով ներկայացնելու տեխնոլոգիական զարգացման ձեռքբերումները, նորագույն մոտեցումներն ու լուծումները:

«ՏՏ ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է: Մենք մեծապես խրախուսում ենք պետական և մասնավոր հատվածների միջև սերտ համագործակցության արդյունքում հեռանկարային ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը և դրանով իսկ նպաստում են օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, ձեռներեցության խթանմանը, նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը»,- ասել է գործադիրի ղեկավարը։

2014 թ․ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ընդունվեց ՏՏ ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթ, որի շրջանակում արդեն այս տարվանից ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Աբրահամյանը վստահեցրել է՝ կառավարությունը հետևողական է ՏՏ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված քաղաքականության շարունակականության ապահովման հարցում:

«Տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ոլորտների նորագույն լուծումներն ու առաջարկություններն այսօր հաջողությամբ կիրառվում են Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում, ինչը նպաստում է տնտեսության ընդհանուր առաջընթացին, արտադրողականության և մրցունակության բարձրացմանը: ԴիջիԹեք բիզնես ֆորումի կազմակերպումն ու անցկացումը ևս կարևոր խթան է հանդիսանում տնտեսության տարբեր ճյուղերում տեխնոլոգիական լուծումների կիրառման մակարդակի բարձրացման համար»,- եզրափակել է նա՝ հավաստիացնելով, որ կառավարությունը լինելու է ՏՏ ոլորտի զարգացման աջակիցը և գործընկերը:

Այնուհետև կառավարության ղեկավարը շրջել է ֆորումին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, ծառայություններին և նոր գաղափարներին:

Ամենամյա ԴիջիԹեք 8-րդ բիզնես ֆորումին մասնակցում է ՏՏ ոլորտի, բիզնեսի այլ բնագավառների և պետական կառավարման ոլորտի շուրջ 70 ընկերություն: Այս տարի առաջին անգամ ֆորումի շրջանակում տեղի է ունենալու Դիջիբիզնես մրցանակաբաշխություն. տարբեր անվանակարգերով մրցանակ է շնորհվելու ոչ ՏՏ ոլորտի՝ իրենց գործունեության մեջ առաջատար տեխնոլոգիական լուծումները հաջող կիրառող 10 ընկերության:

Երկօրյա տեխնոլոգիական ֆորումի ընթացքում տեղի կունենան տեղական և միջազգային փորձի հետ ծանոթություն, պլենար նիստեր, սեմինարներ և այլ քննարկումներ։

Բիզնես ֆորումին մասնակցում են գործընկեր «Ֆորում Բիզնես Կենտոն»-ը, ինչպես նաև «Ամերիա Բանկ», «Արփիար», «Բիզնեսի աջակցման կենտրոն», «Բևեռ կոմպյուտեր», «Երևակ», «ԷԿԵՆԳ», «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ», «Թել-Սելլ», «Ինստիգեյթ», «Ինստիգեյթ Խորհրդատվություն», «Ինստիգեյթ Մոբայլ», «Ինստիգեյթ Ռոբոտիքս», «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն», «Լայմ Տեխ», «Լեվիաթան», «Հիբրիդ սոլյուշնս», «Մասիս Տեք», «Մայ քարդ», «Մոնիտիս», «Նայիրի համընկերություն», «Նիկիտա մոբայլ», «ՍՕՍ սիսթեմս», «Սի-Քյու-Ջի», «ՎՕԼՕ», «Օրակլ Արմենիա» և այլ հեղինակավոր ընկերություններ:

ԻՏՁՄ-ն միավորում է Հայաստանում գործողոլորտի մոտ 70տեղական և միջազգային կազմակերպություն, որոնք ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:

ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000-ին` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---