Չինաստանն աշխարհի առաջատարն է էնէրգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ

Չինաստանն աշխարհի առաջատարն է էնէրգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ

PanARMENIAN.Net - Չինաստանը ձեռնարկությունների քանակի պատճառով անվանում են «համաշխարհային ֆաբրիկա» և մինչև վերջերս այն նաև առաջատար էր մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների քանակով: Սակայն 2014 թ. նոր վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ածխաթթու գազի արտանետումների քանակը մնացել է նախորդ տարվա մակարդակում, թեև համաշխարհային տնտեսությունն աճել է 3 տոկոսով: Այս հաճելի փոփոխությունների պատճառը փորձագետները համարում են Չինաստանի նոր էներգետիկ քաղաքականությունը:

REN21 հետազոտական կենտրոնը, որն աշխատում է ՄԱԿ Շրջակա միջավայրի ծրագրի հովանու ներքո վերջերս ներկայացրեց իր զեկույցը: Հրապարակված թվերը, ըստ մասնագետների, վկայում են «նշանակալի խզման մասին» համաշխարհային տնտեսության աճի և ածխաթթու գազի արտանետումների միջև, որոնք մինչ օրս տառացիորեն հավասար էին աճում: Իսկ այս ամենի «մեղավորը» Չինաստանն է, որը կտրուկ շրջադարձ է կատարել դեպի էներգիայի վերականգնվող աղբյուրների ակտիվ շահագործում:

Անցյալ տարի Չինաստանը շահագործման հանձնեց ավելի շատ արևային, հողմային ու հիդրոէլեկտրակայաններ, քան աշխարհի ցանկացած այլ երկիր, և առաջին անգամ նվազեցրեց ածխի սպառումը: Եթե իրավիճակն այս ուղղությամբ զարգանա, ապա, ըստ Էներգետիկայի միջազգային գործակալության, մինչև 2030 թվականը համաշխարհային տնտեսության աճը կկազմի 88 տոկոս, իսկ ածխաթթու գազի գլոբալ արտանետումները կավելանան ընդամենը 8 տոկոսով:

Այս միտումները փորձագետները տեսնում են նաև շատ զարգացած երկրներում. այլընտրանքային էներգիայի առաջատարների թվում են նաև ԱՄՆ-ն, Ճապոնիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան: Ավելին, 2014-ին ներդրումները ոլորտում արդեն 5-րդ տարին շարունակ գերազանցում են ներդրումները ավանդական «վառելիքային» էներգետիկայում, որի շնորհիվ վերականգնվող աղբյուրներից էներգիայի արտադրության աճը հասել է 59 տոկոսի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---