ԱԳ նախարար. Չիրագովի հայցով ՄԻԵԴ-ի որոշումը չի ազդում ԼՂՀ կարգավորման բանակցային գործընթացի վրա

ԱԳ նախարար. Չիրագովի հայցով ՄԻԵԴ-ի որոշումը չի ազդում ԼՂՀ կարգավորման բանակցային գործընթացի վրա

PanARMENIAN.Net - Բաքուն հերթական անգամ մարդու իրավունքների, մասնավորապես՝ փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը փորձում է ներկայացնել կամայական մեկնաբանություններով՝ ըստ այդմ, խեղաթյուրելով գործի ամբողջ էությունը: Չիրագովի հայցով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը վերաբերում է անհատական դատական գործի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքներին և չի կարող ազդել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա։ Այս մասին «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարի խոսքով՝ աշխարհում մարդու իրավունքների ոտնահարմամբ տխրահռչակ Ադրբեջանն իր քաղաքական հաշվարկներում չի խորշում օգտագործել նաև մարդու իրավունքների պաշտպանության ամենահեղինակավոր կառույցներից մեկի` ՄԻԵԴ-ի որոշումը: Մինչդեռ, Դատարանն ինքն ընդգծում է, որ իր որոշումը չի վերաբերում հակամարտության կարգավորմանը և ոչ էլ դրա տարրերին` այսպիսով ևս մեկ անգամ հերքելով ադրբեջանական խեղաթյուրումները: Շարունակելով իր միտքը՝ Դատարանը շեշտում է, որ այնպիսի հարցերի համապարփակ լուծումը, ինչպիսիք են` իրենց նախկին բնակության վայրերը փախստականների վերադարձը, կամ փոխհատուցում ստանալը, կարող է իրականացվել միայն խաղաղության համաձայնագրի միջոցով:

ՄԻԵԴ-ը հունիսի 16-ին հրապարակեց «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռները։ Մեծ պալատի լսումներում ընդգրկված 2 գործը կապված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում առաջացած փախստականների խնդրին։ Եվրոպական դատարանը հարցերին մոտեցել է միայն մարդու իրավունքների տեսակետից՝ սահմանելով, որ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով խախտվել են մարդկանց իրավունքները, սակայն, նկատի ունենալով, որ խնդիրը կապված է, ըստ էության, առանձին՝ թեկուզ միջազգային իրավունքի տեսակետից դեռևս չճանաչված մի պետության հետ, հետևաբար 1 տարի ժամանակ է տվել կողմերին, որպեսզի քննարկման առարկա դառնա փախստականներին փոխհատուցման հարցի կարգավորումը:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի մեկնաբանություններին, թե իբր Չիրագովի հայցով ՄԻԵԴ որոշման համաձայն Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, անհրաժեշտ է ընդգծել, որ վճռի մեջ նման պնդում չկա: Իր հայտարարություններով Բաքուն փորձում է թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը: Ավելին, վճռի 168-րդ հոդվածում ՄԻԵԴ-ը վերահաստատել է իր սկզբունքային այն դիրքորոշումը, որ այս որոշումը նշանակություն ունի միմիայն Եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքների պաշտպանության համար և ոչ ավելին: Դատավճիռը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից բխող իրավունքների պաշտպանությանը` սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, փոխհատուցման իրավունքներին», - ասել է Նալբանդյանը, հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը:

Նախարարը տեղեկացրել է, որ գործը դատարանի վարույթ ընդունելու ՄԻԵԴ որոշման մեջ նշվում է, որ ողջամիտ կլիներ, եթե դիմումատուները սպասեին քաղաքական գործընթացների` խաղաղ բանակցությունների ավարտին, ինչը ներկա իրավիճակում կարող էր տրամադրել հարցի լուծման միակ իրական հնարավորությունը: Միաժամանակ, որոշման մեջ նշվում է, որ, անկախ բանակցային գործընթացից, անհատներն իրավունք ունեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում հետամուտ լինել իրենց իրավունքների պաշտպանությանը: Հայաստանի այն դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրականացրել է ինքնապաշտպանության իր իրավունքը, դատավճռի 197-րդ հոդվածում Դատարանը հաշվի է առել, որ Լաչինի շրջանն ունեցել է ռազմավարական նշանակություն և որ անհրաժեշտություն կար սննդամթերքի, դեղորայքի և այլ մթերքների մատակարարումը Լեռնային Ղարաբաղ ապահովելու համար: Փաստորեն, դատարանը հաշվի է առնում, որ Լաչինի ազատագրումը կենսական նշանակություն է ունեցել՝ Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առաջնային անհրաժեշտության ապրանքների հասանելիությունն ապահովելու համար:

Նալբանդյանը հիշեցրել է, որ Չիրագովի գործով ընդունված որոշման հենց նույն օրը ՄԻԵԴ-ը մեկ այլ որոշում է կայացրել` պաշտպանելով Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները:

Զուգահեռ անցկացնելով «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով՝ ՄԻԵԴ-ը կրկին նշել է, որ Ադրբեջանը պատասխանատու է այդ անձանց, այս դեպքում՝ հայ փախստականի իրավունքների խախտման համար և ճանաչել է խախտման փաստը և միևնույն սկզբունքով ժամանակ տալով կողմերին՝ 1 տարվա ընթացքում քննարկել փոխհատուցման չափերը։

«Վերը նշված երկու գործերում էլ Դատարանի կայացրած վճիռները գրեթե կրկնում են միմյանց, երկու դեպքերում էլ Դատարանն արձանագրել է, որ առկա են Կոնվենցիայի նույն իրավունքների խախտումներ: Հատկանշական է, որ Բաքուն փորձում է խուսափել Սարգսյանի գործով Դատարանի վճռի որևէ հիշատակումից», - նշել է արտգործնախարարը:

Նալբանդյանի խոսքով՝ Բաքուն մոռացության է մատնում, որ համանախագահներն այդ տարրերը դիտարկում են որպես մեկ ամբողջություն, որոնցից մեկին նախապատվություն տալը անհնար կդարձնի հավասարակշռված կարգավորումը: «Սա ևս մեկ ապացույց է, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից ներկայացված՝ միջազգային իրավունքի նորմերի, սկզբունքների և տարրերի հիման վրա, որոնք արտացոլված են լ’Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում, Էնիսքիլենում եռանախագահող երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Ադրբեջանի այդ մոտեցումները թույլ չեն տալիս հասնել համապարփակ կարգավորման, ինչի պարագայում կլուծվեին նաև փախստականների և ներքին տեղահանված անձանց հարցեր», - եզրափակել է արտգործնախարարը:

Եվրոպական դատարանի որոշումներն օրենքի ուժ են ստանում հրապարակվելուց անմիջապես հետո, բողոքարկման ենթակա չեն և պարտադիր են կողմերի համար։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---