Թուրքիան մտադիր է Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի ստեղծել

Թուրքիան մտադիր է Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի ստեղծել

PanARMENIAN.Net - Թուրքիան քննարկում է Սիրիայի տարածքում Հալեպ, Իդլիբ քաղաքների ու թուրքական սահմանի մոտ, ինչպես նաև` սահմանամերձ Այն ալ-Արաբ (Քոբանի), Ջարաբլուս շրջաններում անվտանգության գոտի ստեղծելու հնարավորությունը։

Tert.am-ը՝ «Միլլիյեթ» թերթի վրա հղումով գրում է, որ երկրի զինուժն արդեն դիմել է կառավարությանը նման որոշում կայացնելու պահանջով:

Ըստ որոշ տվյալների, Սիրիայի և Իրաքի հետ սահմանակից շրջաններում Թուրքիան տեղակայել է հազարավոր զինվորականների, որոնք տեղափոխվել են կենտրոնական շրջաններից: Գլխավոր շտաբը նման միջոցներ է ձեռնակում ազգային անվտանգությանը վերահաս վտանգի պատճառով, որը հիմնականում գալիս է Սիրիայի տարածքից, որտեղ գործում են «Իսլամական պետության» գրոհայինները և սիրիական բանակը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ՄԱԿ-ին կոչ էր արել Սիրիայի տարածքում անվտանգության գոտի ստեղծելու մասին որոշում կայացնել:

Պարբերականը նաև հաղորդում է, որ երկրի ներքին գործերի նախարարությունը երկրի սահմանն ապահովելու նպատակով առաջարկել է 3,5 մետրանոց բետոնե պատ կառուցել, որի նպատակը ահաբեկիչների մուտքը Թուրքիայի տարածք կանխելն է լինելու։

2015-ի մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվեց ու ապաստանեց Լաթաքիայում: Քեսաբում մոտ 2,5-3 հազար հայ էր բնակվում, կա 11 հայաբնակ գյուղ, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ, հիվանդանոցներ: Հայկական եկեղեցու գմբեթի խաչի փոխարեն գրոհայինները սև դրոշ կանգնեցրին:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մեղադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանին ավելի քան 80 պետությունից ծայրահեղականներին Սիրիայի հետ Թուրքիայի սահմանն հատելը թույլատրելու մեջ: Նա զգուշացրել է հարևան Թուրքիային, որ այն «թանկ կվճարի» Սիրիայում ահաբեկիչներին սատարելու համար: 2014-ին ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին հայտարարեց, որ Դամասկոսը ցանկանում է Թուրքիային և Սաուդյան Արաբիային տեսնել «բարեկամների խմբում», եթե Թուրքիան վերանայի իր քաղաքականությունն ու հրաժարվի ահաբեկիչներին սատարելուց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---