Amnesty International-ն Իտալիայի վարչապետին կոչ է արել Ալիևի հետ խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին

Amnesty International-ն Իտալիայի վարչապետին կոչ է արել Ալիևի հետ խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին

PanARMENIAN.Net - Իտալիայում Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր տնօրեն Ջաննի Ռուֆինին նամակ է գրել երկրի վարչապետ Մատեո Ռենցիին՝ խնդրելով նրան հուլիսի 9-ին նախատեսված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման խնդրին:

Կազմակերպության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ նամակին կցված է «Ադրբեջան. Բռնաճնշումների խաղերը» վերնագրով զեկույցը, որում Amnesty International-ը դատապարտում է երկրում այլախոհների նկատմամբ ճնշումները, ավելի քան 20 խղճի բանտարկյալի ազատազրկումը և մարդու իրավունքների այլ ոտնահարումները, որոնք նախորդել, ուղեկցել և հաջորդել են հունիսի վերջին տեղի ունեցած առաջին Եվրոպական խաղերին:

«Իշխանությունների ցուցադրած հեռատես և ժամանակակից երկրի իմիջի հետևում մի պետություն է, որտեղ պարբերաբար և քննադատներն ավելի ու ավելի են բախվում իշխանությունների կողմից բռնաճնշումների: Լրագրողները, քաղաքական ակտիվիստները և մարդու իրավունքների պաշտպանները, որոնք համարձակվում են մարտահրավեր նետել իշխանություններին փաստացիորեն բախվում են շինծու մեղադրանքների, անարդար դատավարությունների և երկար ազատազրկման ժամկետների»,- գրել է Ռուֆինին, մեջբերում է Tert.am-ը:

Ըստ զեկույցի, Ադրբեջանում փակվել են իշխանություններին նկատմամբ առավել քննադատական դիրքորոշում ունեցող ոչ կառավարական կազմակերպությունների գրասենյակները, իսկ մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունները ստիպված են եղել հեռանալ երկրից:

Լրատվամիջոցների մեծ մասը պատկանում է պետությանը և իշխանամետ է։ Իշխանությունները մամուլի և հեռուստատեսության նկատմամբ ունեցած իրենց մենաշնորհը օգտագործել են ընդդիմադիրներին վարկաբեկելու համար:

Ռուֆինին հիշեցրել է, որ Եվրոպական խաղերի մեկնարկին նախորդող 12 ամսվա ընթացքում առնվազն 20 լրագրող, իրավաբան, երիտասարդական շարժումների ակտիվիստ և ընդդիմադիր է ձերբակալվել:

Վարչապետին ուղարկված նամակում Amnesty International-ն անդրադարձել է նաև խղճի բանտարկյալների մի քանի դեպքերի:

Բացի այդ, ինչպես հաղորդում է «Ազատություն» ռաադիոկայանը,ամերիկացի 16 սենատոր նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում իրենց անհանգստությունն են հայտնել այդ երկրում քաղաքացիական հասարակության ու մամուլի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների կապակցությամբ։

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանն ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: Վերջին շրջանում ընթացքում բազմաթիվ լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների արգելվել է մտնել Բաքու կամ հավատարմագրվել խաղերը լուսաբանելու համար:

Հունիսի 10-ին, Խաղերի բացումից 2 օր առաջ Amnesty International-ի առաքելությանն արգելվեց մուտքը երկիր նոր զեկույցի հրապարակման համար: Հաջորդ օրը պարզվեց, որ Ադրբեջան թույլ չեն տվել մուտք գործել նաև The Guardian, Radio France International-ի և գերմանական ARD ալիքի լրագրողներին:

Չնայած Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման լայն լուսաբանմանը ԶԼՄ-ներում, Միջազգային օլիմպիական կոմիտեն` մարմին, որը պատասխանատու է այդ արժեքների ապահովման համար, լռեց: Եվրոպական օլիմպիական կոմիտեն և ազգային կոմիտեների մեծամասնությունը նույնպես չդատապարտեցին հետապնդումները: Միայն Գերմանիայի և Շվեդիայի օլիմպիական կոմիտեները հրապարակավ հայտարարեցին, որ Ադրբեջանի իշխանությունները խախտում են մարդու իրավունքները:

Այնուամենայնիվ, 2 կարևոր միջկառավարական մարմին դատապարտեց մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում: ԵԽԽՎ-ն բանաձև ընդունեց` պահանջելով ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին:

ՄԱԿ Մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն արեց 24 եվրոպական պետության ու ԱՄՆ անունից` մտահոգություն հայտնելով Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման վերաբերյալ և հետապնդումները կասեցնելու կոչով:

Կարդացեք նաև՝ Amnesty International. Բռնաճնշումները արատավորեցին Եվրոպական խաղերը Բաքուն մոտ 1 մլրդ դոլար է ծախսել հետապնդումների ֆոնին անցած Եվրոպական խաղերի համար

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---