Միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել ԻՊ դիրքերին Սիրիայում և Իրաքում

Միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել ԻՊ դիրքերին Սիրիայում և Իրաքում

PanARMENIAN.Net - Միջազգային կոալիցիան ԱՄՆ գլխավորությամբ 27 ավիահարված է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին Սիրիայում և Իրաքում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: 20 հարված է հասցվել Իրաքի թիրախներին, 7-ը` Սիրիայի:

Ավելի վաղ ԱՄՆ գլխավորած կոալիցիան 20 ավիահարված էր հասցրել «Իսլամական պետության» դիրքերին Սիրիայում և Իարքում, գրում է «Գազետա.ռու-ն»:

Ըստ Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի հայտարարության, զոհվել է 2 ԻՊ բարձրաստիճան հրամանատար` Աբու Օսամա ալ Իրաքին և Ամեր ալ Ռաֆդանը:

Միևնույն ժամանակ, իրաքյան զորքերն ու շիա զինյալների ստորաբաժանումները շարունակում են գրոհը «Իսլամական պետության» կազմավորումների դեմ Իրաքի ամենամեծ Անբար գավառում: Գավառի ազատագրման գործողությունը սկսվել է երկուշաբթի, գրոհը զարգանում է Ֆալուջա քաղաքի ուղղությամբ, որը 50 կմ հեռավորության վրա է Բաղդադից: «Իսլամական պետությունը» մի քանի պատասխան գրոհ է իրականացրել, այդ թվում ահաբեկիչ մահապարտների մասնակցությամբ, ինչպես նաև հրետանային հարվածներ է հասցրել իրաքյան զորքերի դիրքերին:

Մալիում ձերբակալվել է 20 իսլամիստ, այդ թվում Բամակոյի կենտրոնում ռեստորանի վրա հարձակման կազմակերպիչը, ինչպես նաև 2 ֆրանսիացի, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հարձակումը Բամակոյի ռեստորանի վրա իրականացվել է մարտի 7-ին: Արդյունքում 5 մարդ զոհվեց, երկուսը տեղաբնակ, 3-ը` Ֆրանսիայի և Բելգիայի քաղաքացի, որոնք աշխատում էին Մալիում կայունացման ՄԱԿ առաքելությունում: Եվս 9 մարդ, այդ թվում Շվեյցարիայի 2 քաղաքացի վիրավորվեց:

«Իսլամական պետության» էքսպանսիան աշխարհի գլխավոր հիմնախնդիրներից մեկը դարձավ 2014-ին: Ըստ ԿՀՎ տվյալների, խմբավորումը մոտ 30 հազար գրոհային ունի:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---