Քերին և Զարիֆը՝ խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդներ

Քերին և Զարիֆը՝ խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդներ

PanARMENIAN.Net - Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը առաջադրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի թեկնածությունները 2016-ի խաղաղության Նոբելյան մրցանակի համար, հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը:

Ինստիտուտը նշել է նրանց ավանդը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու գործում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ընթացիկ տարվա մարտի 3-ին Օսլոյի Նոբելյան ինստիտուտը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն 2015թ. խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնում է 276 թեկնածու, որից 49-ը կազմակերպություն է: Այս ցուցանիշը մի փոքր զիջում է 2014-ի ռեկորդին, երբ խաղաղության մրցանակին հավակնում էր 278 թեկնածու:

Դափնեկրի անունը հայտնի կդառնա միայն հոկտեմբերին: Պատվոգիրը, մեդալն ու 8 մլն շվեդական կրոնի ($965 դոլար) չեկը դափնեկիրը կստանա Նորվեգիայի թագավորից դեկտեմբերի 10-ին` հայտնի շվեդացի քիմիկոսի մահվան օրը: Ըստ ավանդույթի, հավակնորդների ամբողջական ցուցակը չի հրապարակվում: Միայն մրցանակի հանձնումից 50 տարի անց Նոբելյան հիմնադրամը հնարավոր է համարում հրապարակել փաստաթղթերը, որոնք հիմք են ծառայել որոշման կայացման համար:

2015-ին խաղաղության մրցանակին հավակնում են ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակից Էդվարդ Սնոուդենը, Թունիսի նախագահ Բեջի Քաիդ էս Սեբսին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որոնց թեկնածությունները առաջադրել են նորվեգացի խորհրդարանականները:

Մինչդեռ Թեհրանում մարդիկ ամբողջ գիշեր փողոցներում տոնել են պատմական իրադարձությունը:

Հուլիսի 14-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության եկան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում:

Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---