Հունաստան. Գործադուլը, փակ բանկերը, ԱՄՀ կանխատեսումն ու Եվրոպայի ճնշումը «ուժեղի իրավունքով»

Հունաստան. Գործադուլը, փակ բանկերը, ԱՄՀ կանխատեսումն ու Եվրոպայի ճնշումը «ուժեղի իրավունքով»

PanARMENIAN.Net - Հունաստանում պետծառայողները գործադուլ են սկսել` բողոքելով խիստ տնտեսման վերաբերյալ օրինագծի դեմ, որը քվեարկության է դրվելու խորհրդարանում հուլիսի 15-ի երեկոյան: Օրինագիծն անհրաժեշտ է ընդունել միջազգային վարկատուների հետ համաձայնագիր կնքելու համար: Գործադուլը կտևի 24 ժամ:

Հունաստանի պետծառայողների ամենամեծ արհմիությունը (ADEDY) կոչ է արել աշխատավորներին փողոց դուրս գալ: «Մենք 24-ժամյա գործադուլի կոչ ենք անում և հանրահավաքի Աթենքի Սինտագմա հրապարակում»,-ասվում է արհմիության հայտարարության մեջ: Մինչ այդ բողոքի ցույցեր կանցնեն Կլատմոնաս հրապարակում և ADEDY տարածաշրջանային գրասենյակների մոտ` «պայքար մինչև վերջնական հաղթանակ», «Ոչ` հուշագրերին, ոչ`հարկային թալանին, ոչ` սեփականաշնորհմանը» կարգախոսներով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Գործադուլի է դուրս եկել նաև Տեղական ինքնակառավարման համահունական ֆեդերացիան: «Հուլիսի 5-ի հանրաքվեից ընդամենը մի քանի օր հետո, երբ հույների 61 տոկոսը դեմ քվեարկեց խսիտ տնտեսման նոր միջոցներին, մենք տեսնում ենք, որ հանրաքվե կարծես չի էլ եղել»,-ասել են ֆեդերացիայում:

Մինչդեռ Հունաստանի ֆինանսների նախարարությունը ևվս մեկ օրով երկարացրել է բանկերի արձակուրդը` դրանք չեն աշխատի նաև հուլիսի 16-ին: Սակայն հուլիսի 16-ից արդեն հնարավոր կլինի մարել պարտքերը պետական մարմիններին, պետձեռնարկություններին, պետական կենսաթոշակային հիմնադրամին, մասնավոր ապահովագրական ընկերութուններին` կանխիկ գումարով կամ միջոցների փոխանցմամբ բանկային հաշվեհամարից:

Մինչդեռ ԱՄՀ նոր հետազոտության մեջ ասվում է, որ եվրոպացի վարկատուները պետք է թեթևացնեն Հունաստանի պարտքային պարտավորությունները` օգնելու համար երկրին դուրս գալ խորը ֆինանսական ճգնաժամից ու վերականգնելու համար ֆինանսական աճը: Ըստ փորձագետների, «մինչև 2018-ի ավարտը Հունաստանին կպահանջվի 85 մլրդ եվրո ֆինանսավորում, ինչը 25 մլրդ եվրոյով ավելի է, քան կանխատեսվում էր ընդամենը 2 շաբաթ առաջ»: Հունաստանի պարտքը հաջորդ 2 տարում կհասնի երկրի ՀՆԱ 200%: ԱՄՀ-ում նշել են, որ կանխատեսումները հարկ եղավ շտկել Հունաստանում տնտեսական վիճակի վատթարացման պատճառով:

Հիմնադրամի փորձագետները վստահ են, որ «Հունաստանը կկարողանա սպասարկել իր պարտքը միայն այն դեպքում, եթե նրա պարտքային բեռը ավելի շատ թեթևացվի, քան մինչ օրս նախատեսում էր Եվրոպան»:

Այս շաբաթ ԱՄՀ-ն արդեն երկրորդ անգամ չի ստացել Հունաստանից հերթական վճարումը նախկինում տրված արտոնյալ վարկի շրջանակում: «Այս պահի դրությամբ, Հունաստանի ընդհանուր պարտքն ԱՄՀ-ին կազմում է 2 մլրդ եվրո»,-ասել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջերի Ռայսը: Ըստ նրա, «հունական կառավարության խնդրանքը պարտքի մարման ժամկետը երկարացնելու մասին» քննարկվելու է տնօրենների խորհրդում: Հունաստանն առաջին զարգացած երկիրն է, որը ժամանակին չի կատարել իր պարտավորությունները Հիմնադրամի առջև:

Մինչդեռ, Հունաստանի վարչապետ Ալքեսիս Ցիպրասն ավելի վաղ հայտարարեց, որ Բրյուսելի գագաթնաժողովում նրան կանգնեցրին երկընտրանքի առջև` համաձայնություն կամ Հունաստանը սնանկ է հայտարարվում և դուրս է գալիս եվրոյի գոտուց, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Դա վատ գիշեր էր Եվրոպայի համար: Դա ճնշում էր մեկ երկրի, ժողովրդի հանդեպ «ուժեղի իրավունքով»: Բանակցությունների սեղանին համաձայնագիրն էր կամ անկառավարելի ելքը եվրոյի գոտուց»,-ասել է Ցիպրասը ERT հեռուստաալիքին:

Նա նշել է, որ համաձայնագիրը դեռ փակ չէ: Սակայն այն պետք է ապահովի ֆինանսավորման պահանջը, ավանդների երաշխիքը, 35 մլրդ եվրոյի ներդրումներ և պարտքի խնդրի լուծում, ինչը հեռացնում է Grexit-ն, ասել է Ցիպրասը: Հունաստանի վարչապետը նաև ասել է, որ ձեռնարկվող միջոցները 7,9 մլրդ եվրո կտան 3 տարում:

Հունաստանն ու նրա վարկատուները համաձայնության են եկել բարեփոխումների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ էին այդ երկրին օգնության երրորդ ծրագրի շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի համար: Բրյուսելի գագաթնաժողովը միաձայն համաձայնության եկավ, որը լուրջ ֆինանսական բարեփոխումներ է ենթադրում և ֆինանսական աջակցություն: Խոսքը 82-86 մլրդ եվրո արժողությամբ 3-ամյա ծրագրի մասին է, այն պայմանով, որ Հունաստանը արդեն առաջիկայում կշարունակի առանցքային բարեփոխումները, այդ թվում կենսաթոշակային, սննդամթերքի շուկայի և աշխատանքի բորսայի բարեփոխումները:

Հունաստանն, իր հերթին պետք է մասնավորեցնի 50 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ օբյեկտներ: «Ինտերֆաքսը» Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումի վրա հղումով հայտնում է, որ գումարը փոխանցվելու է հատուկ հիմնադրամի: Այդ միջոցների մի մասը` 25 մլրդ եվրո, կօգտագործվի հունական բանկերի վերակապիտալիզացման համար: Եթե Հունաստանի խորհրդարանը հաստատի համաձայնագիրն առաջիկա 2 օրերին, մյուս երկրների խորհրդարանները կկարողանան սեփական քվեարկությունը կազմակերպել այդ հարցի վերաբերյալ, հավելել է նա:

Ճգնաժամի ընթացքում Հունաստանին հատկացվել է 240 մլրդ եվրո վարկ, որոնք, սակայն «կորան» անարդյունավետ տնտեսության «սև փոսում»` ծանր բեռ դառնալով հույն և եվրոպացի հարկատուների համար: 6 տարում` 2008-2014 թթ. երկրի ՀՆԱ-ն 240 մլրդ եվրոյից նվազել է մինչև 180 մլրդ եվրո, բնակչության եկամուտները նվազել են 40 տոկոսով, գործազրկությունն աճել է 27 տոկոսով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---