Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել վարկատուներից օգնություն ստանալու օրինագծին

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել վարկատուներից օգնություն ստանալու օրինագծին

PanARMENIAN.Net - Հունաստանի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը հավանություն է տվել «Եվրոպական աջակցության մեխանիզմի (ESM) հետ բանակցելու և համաձայնություն կնքելու համար հրատապ միջոցների» մասին օրինագծին, որի ընդունումը հունական բանկերին միջոցների տրամադրման ու երկրի տնտեսության փրկության համար օժանդակության նոր ծրագրի մեկնարկի պայմանն էր:

300 պատգամավորից «կողմ» է քվեարկել 229-ը, «դեմ»` 64-ը, «ձեռնպահ»՝ 6-ը: Օրենքին կողմ են քվեարկել կառավարական ՍԻՐԻԶԱ կոալիցիայի անդամները և «Անկախ հույներ» կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաև ընդդիմադիր «Նոր ժողովրդավարությունը», «ՊԱՍՕԿ» և «Պոտամի» կուսակցությունների անդամները: Դեմ էին Հունաստանի կոմկուսը և ծայրահեղ աջակողմյան «Ոսկե արևածագ» կուսակցությունը:

«Դեմ» քվեարկողների թվում էին նաև ՍԻՐԻԶԱ-ի անդամ, էներգետիկայի նախարար Պանայոտիս Լաֆազանիսը, ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը, հրաժարական տված ֆինանսների փոխնախարար Նադյա Վալավանին, առողջապահության փոխնախարար Դիմիտրիս Ստրատուլիսը, պաշտպանության առաջին փոխնախարար Կոստաս Իսիհոսը: Դեմ է քվեարկել ՍԻՐԻԶԱ-ի մոտ 30 պատգամավոր, եղան նաև ձեռնպահներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մինչդեռ Հունաստանում բողոքի զանգվածային ցույցեր են անցել տնտեսման մասին օրինագծերի ընդունման դեմ, դրանք որոշ դեպքերում ուղեկցվում էին ոստիկանության հետ բախումներով: Աթենքի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք պայթուցիկներ են նետել ոստիկանների վրա: Ի պատասխան ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: Ընդհանուր առմամբ ցույցին մասնակցել է 12.500 մարդ: Տնտեսման նոր միջոցների դեմ բողոքողները 24-ժամյա բողոքի ակցիայի են դուրս եկել Սալոնիկում, հայտնում է The Guardian-ը:

Նախօրեին Հունաստանի ֆինանսների նախարարությունը ևս մեկ օրով երկարացրել է բանկերի արձակուրդը` դրանք չեն աշխատի նաև հուլիսի 16-ին: Սակայն դրանից հետո արդեն հնարավոր կլինի մարել պարտքերը պետական մարմիններին, պետձեռնարկություններին, պետական կենսաթոշակային հիմնադրամին, մասնավոր ապահովագրական ընկերութուններին` կանխիկ գումարով կամ միջոցների փոխանցմամբ բանկային հաշվեհամարից:

Հունաստանի վարչապետ Ալքեսիս Ցիպրասն ավելի վաղ հայտարարեց, որ Բրյուսելի գագաթնաժողովում նրան կանգնեցրին երկընտրանքի առջև` համաձայնություն կամ Հունաստանը սնանկ է հայտարարվում և դուրս է գալիս եվրոյի գոտուց, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:«Դա վատ գիշեր էր Եվրոպայի համար: Դա ճնշում էր մեկ երկրի, ժողովրդի հանդեպ «ուժեղի իրավունքով»: Բանակցությունների սեղանին համաձայնագիրն էր կամ անկառավարելի ելքը եվրոյի գոտուց»,-ասել է Ցիպրասը ERT հեռուստաալիքին:

Հունաստանն ու նրա վարկատուները համաձայնության են եկել բարեփոխումների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ էին այդ երկրին օգնության երրորդ ծրագրի շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի համար: Բրյուսելի գագաթնաժողովը միաձայն համաձայնության եկավ, որը լուրջ ֆինանսական բարեփոխումներ է ենթադրում և ֆինանսական աջակցություն: Խոսքը 82-86 մլրդ եվրո արժողությամբ 3-ամյա ծրագրի մասին է, այն պայմանով, որ Հունաստանը արդեն առաջիկայում կշարունակի առանցքային բարեփոխումները, այդ թվում կենսաթոշակային, սննդամթերքի շուկայի և աշխատանքի բորսայի բարեփոխումները:

Ճգնաժամի ընթացքում Հունաստանին հատկացվել է 240 մլրդ եվրո վարկ, որոնք, սակայն «կորան» անարդյունավետ տնտեսության «սև փոսում»` ծանր բեռ դառնալով հույն և եվրոպացի հարկատուների համար: 6 տարում` 2008-2014 թթ. երկրի ՀՆԱ-ն 240 մլրդ եվրոյից նվազել է մինչև 180 մլրդ եվրո, բնակչության եկամուտները նվազել են 40%-ով, գործազրկությունն աճել է 27%-ով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---