ԱՄՆ-ն և Կուբան կվերաբացեն դեսպանատները կեսդարյա ընդմիջումից հետո

ԱՄՆ-ն և Կուբան կվերաբացեն դեսպանատները կեսդարյա ընդմիջումից հետո

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն և Կուբան, վերաբացելով դեսպանատները Վաշինգտոնում և Հավանայում, հարաբերությունների նոր շրջան են սկսում` ետևում թողնելով կես դար տևած փոխադարձ թշնամանքն ու անվստահությունը:

Կուբայի մայրաքաղաքում ԱՄՆ առաքելության շենքը կվերափոխվի դեսպանատան առանց պաշտոնական արարողության: Դա տեղի կունենա առանց ԱՄՆ ազգային դրոշի բարձրացման: Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյայի, որը չի ցանկացել նշել իր անունը և որին հղում է կատարում Կուբայի մամուլը, «չկան օրինական պահանջներ, որով կպարտադրվեր դրոշի տեղադրումը»` դիվանագիտական առաքելությունը պաշտոնապես բացված համարելու համար: «Այդ կարևոր իրադարձությունը տեղի կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Կուբա այցելությունից հետո»,-հավելել է նա` չնշելով սակայն Քերիի այցելության ժամեկտները:

1961 թ. խզված կապերը վերականգնելու համար ուժը կորցրած կհամարվեն համաձայնագրերը Շվեյցարիայի հետ` միջնորդ-երկրի կարգավիճակի մասին երկու երկրների միջև հարաբերություններում: ԱՄՆ շահերի բաժնի աշխատակիցները նոր հավատարմագրում կստանան որպես դեսպանատան աշխատակիցներ, իսկ առաքելության ղեկավարը` որպես ժամանակավոր հավատարմատար: Ամբողջ անձնակազմը կստանա դիվանագիտական կորպուսի կարգավիճակ:

Արարողությունը Վաշինգտոնում կկայանա առավոտյան 10:30-ին տեղի ժամանակով, շենքում, որտեղ նախկինում գտնվում էր Կուբայի շահերի բաժինը: Ինչպես հայտարարել են ԱՄՆ Պետքարտուղարությունում, ամերիկյան կողմի ներկայությունն այդ միջոցառումներին սահմանափակ կլինի: «Մեր կողմից պատվիրակություն կլինի, բայց ելույթներ նախատեսված չեն»,-ասել է նա: Ինչպես իր հերթին հայտնել է արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին, Քերին ներկա չի լինի: Ներկա կգտնվի Կուբայում ԱՄՆ շահերի բաժնի ղեկավար Ջեֆրի դը Լաուրենտիսը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը բանակցություններ կվարի Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսի հետ, որը այցով ժամանում է Վաշինգտոն: «Դրանից հետո տեղի կունենա միջոցառում մամուլի համար երկու կողմերի մասնակցությամբ»,-հավելել է Քիրբին:

Վերականգնելով դիվանագիտական հարաբերությունները` կողմերը փակում են «սառը պատերազմի» վերջին էջը մայրցամաքում: ԱՄՆ նախագահ Օբաման այն ժամանակ հեռուստաուղերձում հայտարարեց, որ կես դար տևած պատժամիջոցներն ու շրջափակումն ավարտվեցին ամերիկյան քաղաքականության հաջողությամբ: ԱՄՆ-ն հանում է զբոսաշրջության, դրամական փոխանցումների ու միջբանկային հաշվարկների բոլոր սահմանափակումները: Կուբան ազատ կարձակի 53 քաղբանտարկյալի:

Այսօրվանից ամերիկացի դիվանագետները Հավանայում, ինչպես նրանց կուբացի գործընկերները Վաշինգտոնում ազատ տեղաշարժի և հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպելու իրավունք են ստանում:

2014-ի վերջում հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն մտադիր է վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ և պատրաստ է դեսպանատուն բացել: Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցներն, այդ թվում՝ առևտրի էմբարգոն, սահմանվել են 1961 թվականին, հեղափոխությունից և կղզում ԱՄՆ քաղաքացիների ու ամերիկյան ընկերությունների սեփականության պետականացումից հետո: Մինչ ԽՍՀՄ փլուզումը հանրապետությունը եղել է Մոսկվայի հովանու տակ, փաստացի Մոսկվան էր պահում «Ազատության կղզին»: ԽՍՀՄ փլուզումից հետո տնտեսական վիճակը կղզում վատթարացավ, սակայն ԱՄՆ հետ հարաբերությունները չկարգավորվեցին. Ֆիդել Կաստրոյի ղեկավարությամբ, իսկ ավելի ուշ նրա եղբոր՝ Ռաուլ Կաստրոյի ղեկավարությամբ, կղզին գտնվում էր հակաամերիկյան արբանյակում, հիմնականում, Վենեսուելայի և նրա հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի շնորհիվ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---