ContourGlobal-ը և ՀՀ-ն հայտարարել են Որոտան ՀԷԿ-ի առուվաճառքի մասին. €50 մլն կներդրվի

ContourGlobal-ը և ՀՀ-ն հայտարարել են Որոտան ՀԷԿ-ի առուվաճառքի մասին. €50 մլն կներդրվի

PanARMENIAN.Net - ContourGlobal-ը և Հայաստանի Հանրապետությունը հայտարարել են Որոտան գետի ափին, Հայաստանի հարավում տեղակայված՝ 405 մՎտ ընդհանուր հզորության երեք հիդրոէլեկտրակայաններից բաղկացած Որոտանի հիդրոկասկադի առուվաճառքի գործարքի ավարտի մասին: Այս մասին հայտնում է ContourGlobal ընկերության մամուլի ծառայունը:

Ընկերությունը նաև հայտարարել է, որ Համաշխարհային Բանկի Խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան ձեռք է բերել ContourGlobal Հիդրո Կասկադ ընկերության բաժնետոմսերի 20%-ը՝ Որոտանի հիդրոկայանների գնման, շահագործման և վերականգնման գործընթացին նպաստելու նպատակով:

Գոծադիրը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունները 2014-ի հունվարի 29-ին գույքի $180 մլն արժողությամբ առուվաճառքի պայմանագիր էին ստորագրել:

Սա Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր միանվագ ներդրումն է և ԱՄՆ առաջին ներդրումը Հայաստանի էներգետիկայի ոլորտում: Նախագծի նպատակն է բարձրացնել էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունը և ամրապնդել երկրի էներգետիկայի ոլորտը:

Համաձայնագրի պահանջներին համապատասխան՝ ContourGlobal Հիդրո Կասկադը սեփականության իրավունքով շահագործելու է Որոտանի ափին գնտվող երեք հիդրոէլեկտրակայանները և էլեկտրականության առուվաճառքի երկարաժամկետ պայմանագրի շրջանակներում՝ Հայաստանի էլեկտրական ցանցին մատակարարելու է էլեկտրականություն:

Կայանների արդիականացման, դրանց շահագործման ցուցանիշների, տեխանվտանգության, հուսալիության և արդյունավետության բարելավման նպատակով՝ մոտակa 6 տարիներին ContourGlobalը նախատեսում է կատարել €50 մլն-ի ներդրում: Ի հավելումն կայաններում աշխատող տեխնիկական ոլորտի 150 հիմնական աշխատողների՝ ընկերությունն ակնկալում է արդիականացման գործընթացի արդյունքում որոշակի ժամկետով ստեղծել ևս 150 աշխատատեղ:

«Որոտան» ՀԷԿ-ի վաճառքից ստացված միջոցներից կկատարվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման սուբսիդավորումը ազգաբնակչության համար:

Ընկերության խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտը հայտարարել է, որ ընկերությունը հանձնառություն է ստանձնել լինել Հայաստանի հուսալի և արդյունավետ գործընկերը:

«Ուրախ ենք հայտարարելու Որոտանի առուվաճառքի գործարքի ավարտի մասին և առ այն, որ համասեփականության իրավունքով որպես գործընկեր է հանդես գալու Միջազգային ֆինանասական կորպորացիան: Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ կառավարությանը վստահության համար և ակնկալում ենք ունենալ զգալի և կայուն ներդրում երկրի առանցքային ենթակառուցվածքում: Նաև ուրախ ենք շարունակել գրեթե մեկ տասնամյակ տևող, զարգացման միջազգային նախագծերում ներդրումներ կատարելու մեր համագործակցությունը Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ», - ասել է Բրանդտը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը իր հերթին նշել է, որ նախարարությունը գոհ է ընկերության ներդրումային ծրագրերից. այդ կապիտալ ներդրումները թույլ կտան առաջիկա տարիներին բարձրացնել Հայաստանի էներգետիկայի համակարգի կայունությունը, անվտանգությունն ու արտադրողունակությունը

« Մենք համոզված ենք, որ ContourGlobal ընկերությունը հաջողությամբ կկառավարի և գերազանց շահագործման վիճակում կպահի այս կարևոր էներգետիկ համալիրը», - ասել է նախարարը:

«Մասնավոր բիզնեսի մասնակցությունը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի գլխավոր ենթակառուցվածքային խնդիրների լուծման գործում, և այս գործարքը կարևոր քայլ է այդ ուղղությամբ», - նշել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Տոմաշ Տելման՝ հավելելով, որ «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի» նախատեսվող վերակառուցումը ավելի մատչելի կդարձնի էլեկտրաէներգիան և աջակցություն կապահովի էներգետիկ ինքնավարության նպատակների իրագործմանը:

Նոր ձեռքբերումը կհամալրի ContourGlobal ընկերության վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման նախագծերի պորտֆելը, որն այսօրվա դրությամբ ներառում է 1000մՎտ ընդհանուր հզորության հիդրո-, արևային, հողմային էլեկտրակայաններ և կենսագազի արտադրության կայաններ Լատինական Ամերիկայում, Եվրոպայում և Աֆրիկայում:

Որոտան հիդրոկասկադը կազմում է ՀՀ էլեկտրականության համակարգի դրվածքային հզորության մոտ 15%-ը և բավարար էլեկտրականություն է թողարկում 250000 տնտեսություններ էլեկտրաէներգիայով ապահովելու համար:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ի նիստում հավանություն տվեց ամերիկյան «ContourGlobal Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ին Սյունիքի մարզի «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» հիդրոէլեկտրակայաններում՝«Որոտան» ՀԷԿ-երի կասկադում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու որոշման նախագծին՝ 25 տարի գործողության ժամկետով:

ContourGlobal ընկերությունն էներգիա արտադրող միջազգային ընկերություն է, որի գործունեությունը ծավալվում է 20 երկրներում և 4 մայրցամաքներում: Ընկերության կայանների և շինարարական փուլում գտնվող օբյեկտների ընդհանուր հզորությունը կազմում է մոտավորապես 4000 մՎտ: Ընկերության 1650 աշխատակիցներ ապահովում են տարբեր վառելիքով, նաև վերականգնվող՝ քամու, արևի և կենսազանգվածի էներգիայով աշխատող 58 էլեկտրակայանների, ինչպես նաև մի շարք ջերմային կայանների աշխատանքը:

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ContourGlobal-ը տնօրինում և շահագործում է 1 220 մՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիայի արտադրության ընկերություններ, որոնք գտնվում են Ավստրիայում, Իտալիայում, Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում և Լեհաստանում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---