
Սահմանին լարվածությունը մեծացնելով Ադրբեջանը թերագնահատում է ԵԱՀԿ միջնորդների աշխատանքը և փորձում շանտաժի ենթարկել Մինսկի խմբի համանախագահող երկրներին, «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
Նրա խոսքով, ամեն անգամ, երբ միջնորդները սկսում են ակտիվացնել հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը, հանդիպումներ կազմակերպել, հակառակորդը փորձում է սահամանին դրությունը լարելով իր նախապայմաններն առաջ տանել:
Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր: Անկանոն բնույթի կրակահերթեր են արձակվել ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Նախորդ օրերի համեմատությամբ` հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է: ՀՀ զինված ուժերի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հակառակորդի ակտիվությունը ճնշելու և կրակակետերը լռեցնելու նպատակով: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը և սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով:
Իսկ վերջին շրջանում հրադադարի խախտումնեի ժամանակ թուրքական արտադրության զինատեսակների գործածմանն անդրադառնալով՝ Հակոբյանը նկատեց. «Որ ադրբեջանական բանակը տիրապետում է թուրքական զինատեսակների, մենք տեղյակ ենք դրանց ձեռքբերման հենց նախնական փուլից: Զարմանալի չէ, որ Թուրքիան օգնում է Ադրբեջանին: Հիշեցի, թե երբ ենք առաջին անգամ թուրքական զենքի հետ առնչվել՝ 1994-ի ապրիլի 5-ին թուրքական արտադրության առաջին ականանետներն ու կապի միջոցներն առգրավեցինք»:
Մեկնաբանելով Թուրքիայի՝ Ադրբեջանին աջակցելու ենթատեքստը, գեներալ-լեյտենանտը նշեց, որ այդ կերպ Անկարան փորձում է իր կանխակալ դերակատարությունն ունենալ հակամարտության կարգավորման գործում:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 ևՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14.000 կրակոց: Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:
Ներկայացնելով «Շանթ-2015»-ի ընթացքը՝ Հակոբյանը նշեց, որ ներգրավված 180 գերատեսչություններից և կառույցներից քաղաքացիականների համար դրանք կավարտվեն սեպտեմբերի 6-ին, իսկ զինվորականների համար կշարունակվեն մինչև սեպտեմբերի 15-ը:
Հայաստանում սեպտեմբերի 3-ից 6-ն անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունը ղեկավարում է ՀՀ նախագահը:
«Իրադրության զարգացման հետ կապված ներմուծականների շարքը շարունակվում է՝ երեկ ՀՀ նախագահը ռազմական դրություն հայտարարեց, որից բխող մի քանի օրենքների նախագծեր են պատրաստվել, գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու նախագահի՝ ռազմական դրության հայտարարելու մասին հրամանագիրը», - ասաց Մովսես Հակոբյանը և, ներկայացնելով միջանկյալ գնահատականներ, կարևորեց՝ գերատեսչությունները ոգևորված են, չեն ուզում պատրաստվածության աստիճանով մեկը մյուսից հետ մնալ, արագ որոշումններ կայացնելու և միջոցներ ձեռնարկելու մթնոլորտ է:
Համապետական նշանակության այս զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Ամփոփելով նախնական արդյունքները՝ Մովսես Հակոբյանը ընդգծեց՝ զորավարժության ղեկավարությունն իր նպատակին հասել է. «Այն խնդիրները, որ դրել էինք մեր առջև, իրականացրել ենք»:
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը: