Օպտիկամանրաթելային ցանց՝ Կենդանաբանական այգում. Ընդարձակվել է Wi-Fi հասանելիությունը

Օպտիկամանրաթելային ցանց՝ Կենդանաբանական այգում. Ընդարձակվել է Wi-Fi հասանելիությունը

PanARMENIAN.Net - Պաշտոնապես ազդարարվել է Երևանի կենդանաբանական այգու տարածքում գերարագ Wi-Fi գոտու ընդլայնման և օպտիկամանրաթելային ցանցի գործարկումը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող անվճար Wi-Fi կապի միջոցով այցելուները, տպագիր ցուցանակներից բացի, հնարավորություն կունենան օգտվելու նաև այգու էլեկտրոնային ինտերակտիվ քարտեզներից և ուղեցույցներից:

Միջոցառմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը և Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Կազմակերպիչները կարևորում են նախաձեռնության տեղեկատվական և կրթական բաղադրիչները: Այգու ամբողջ տարածքում գործող Wi-Fi գոտում այցելուները կկարողանան անխոչընդոտ այցելել այգու պաշտոնական կայք, ծանոթանալու լրահոսին և դիտելու այգու և նրա բնակիչների մասին պարբերաբար թարմացվող տեսանյութերը:

Օպտիկամանրաթելային ցանցի ստեղծումը նաև հնարավորություն կտա գործարկել կենդանիների մասին պատմող ցուցատախտակների վրա տեղադրված QR կոդերը (մատրիցային կամ եռաչափ շտրիխկոդ): Համապատասխան ծրագիր ունեցող այցելուները կարող են վայրկյանների ընթացքում ստանալ տվյալ կենդանատեսակի մասին բազմաֆորմատ ինֆորմացիա: Առանձին աուդիո փաթեթներ կմշակվեն տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար:

Օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը հնարավոր է դարձել Յիրիկյանի անձնական՝ 3.8 միլիոն դրամի ներդրման շնորհիվ՝ հիմք ընդունելով այն հիմնարար արժեքներից մեկը, որն ընկերությունը գործունեության առաջին իսկ օրվանից խրախուսում է իր աշխատակիցների և հասարակության շրջանում, այն է՝ հանրային բարիք ստեղծելու գործում կամավոր հիմունքներով մասնակցելը: Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամը (FPWC) նույնպես մասնակցել է նախագծին՝ հատկացնելով ևս 3.8 միլիոն դրամ:

Օպտիկամանրաթելային ցանցի գործարկումը կնպաստի նաև կենդանիների խնամքի մակարդակի բարձրացմանը: Ցանցի առկայությունը հնարավորություն է ընձեռում այգու ամբողջ տարածքում տեղադրել օնլայն տեսախցիկներ՝ ապահովելով կենդանիների նկատմամբ անընդհատ վերահսկողություն, իսկ առկա տեսագրական նյութերը կարող են օգտագործվել ինչպես գիտամեթոդական, այնպես էլ կրթական նպատակներով:

«Վերջին շրջանում կատարված բարեփոխումներից հետո Երևանի կենդանաբանական այգին իրապես դարձել է էկոկրթական, դաստիարակչական կարևոր կենտրոն, որտեղ երեխաները սովորում են հոգ տանել բնության, կենդանիների մասին, համալրում են իրենց գիտելիքներն այս բնագավառում, մասնակցում են հետաքրքրասիրություն և առողջ ապրելակերպ խրախուսող միջոցառումների, դիտում են ուսուցողական ֆիլմեր: Բնական է, որ այդ ամենը պատշաճ կերպով կազմակերպելու, առավել գունեղ դարձնելու և շրջայցերը տեխնիկական միջոցներով առավել հարմարավետ դարձնելու համար անհրաժեշտ է ինտերնետ հասանելիություն: Որպես մասնավոր անձ ես ուրախ եմ աջակցելու կենդանաբանական այգու նախաձեռնություններին», - ասել է Յիրիկյանը:

Նա ընդգծել է, որ օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը հնարավորություն է ընձեռում այգու տարածքով մեկ գործարկել տեսախցիկներ, ինչպես նաև էականորեն ընդլայնել անվճար Wi-Fi կապի հասանելիությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---