Փոխնախարար. Եթե Ադրբեջանն այսպես շարունակի, բանակցային սեղանին զինադադարի նոր պայմանագիր կդրվի

Փոխնախարար. Եթե Ադրբեջանն այսպես շարունակի, բանակցային սեղանին զինադադարի նոր պայմանագիր կդրվի

PanARMENIAN.Net - Տավուշի մարզում գյուղերի հրետակոծման դեպքերը, որոնց հետևանքով հայկական կողմն ունեցավ քաղաքացիական զոհեր և 1994-ի մայիսից ի վեր ադրբեջանական կողմն առաջին անգամ 122 մմ տրամաչափի հրետանի օգտագործեց, ինչպես նաև առաջնագծի թիկունքում տեղակայված ենթակառույցի և այնտեղ վարժանք անցկացնող անձնակազմի` ռազմական առումով չհիմնավորված խոցումը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող դեպքերը, գրում է Panorama.am-ը:

«Իմ խորին համոզմամբ, նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը»,- ասել է նա:

Վերջին շրջանում ինչպես Տավուշի հատվածում, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շձման գծում իրավիճակը լարված է: Հակառակորդը սեպտեմբերի 28-ին և լույս 29-ի գիշերը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Նշված ժամանակահատվածումշփման գծի ուղղությամբհրադադարը խախտվել է մոտ 110 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (76 արկ), 82 (31 արկ), և 120մմ (5 արկ) ականանետերից ու ՀԱՆ-17 (15 արկ) տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:

Տոնոյանը մեկնաբանել է նաև ՄԱԿ-ի առաքելություններին մասնագիտացված ստորաբաժանումներ տրամադրելու վերաբերյալ սեպտեմբերի 28-ին ՀՀ նախագահի հայտարարությունը՝ ըստ որի, Հայաստանը ստանձնում է նոր հանձնառություն` պատրաստել և ՄԱԿ-ի առաքելություններին տրամադրել մասնագիտացված ստորաբաժանումներ:

Մանրամասնելով, թե ինչ է իրենից ներկայացնում այս նոր հանձնառությունը և ինչ կարողություններով են օժտված լինելու այդ ստորաբաժանումները, Տոնոյանը նշել է, որ միջազգային խաղաղապահության բնագավառում վերջին 10-11 տարիների ընթացքում ՀՀ ձեռքբերած փորձը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և գործընկեր երկրների մոտ հայ խաղաղապահների` որպես վստահելի և պրոֆեսիոնալ զինակցի վաստակած հարգանքը, հիմք են հանդիսացել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունները համակարգող կառույցների համար դիմելու Հայաստանին ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում պահանջվող մասնագիտացված կարողություններ պատրաստելու և տրամադրելու խնդրանքով:

«Սա է նաև պատճառը, որ Հայաստանն ընդգրկվել է մոտ չորս տասնյակ երկրների ցանկում, որոնք հրավիրվել են գագաթնաժողովին: Այս պահին աշխարհի տարբեր մասերում ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում ներգրավված են մոտ 120 երկրից 100.000 ավելի խաղաղապահ, որոշ երկրներ տրամադրում են մի քանի հազար խաղաղապահների, սակայն շատ քիչ երկրներ են կարող տրամադրել մասնագիտացված ստորաբաժանումներ»,- ասել է նա:

Դավիթ Տոնոյանի խոսքով, ՀՀ ՊՆ կողմից առաջարկվող առաջին ստորաբաժանումը միջազգային չափորոշիչներով ԴԵՐ2 (Role 2) մակարդակի դաշտային հոսպիտալ է, որն իրենից ներկայացնում է շարժական արագ տեղափոխվող հոսպիտալային համակարգ. այն տեղակայվում է վտանգավոր գոտու անմիջական հարևանությամբ, ունի առաջին մասնագիտական բժշկական օժանդակություն տրամադրելու կարողություն, խնդիրն է հիվանդ կամ մարտի դաշտից դուրս բերված վիրավոր անձնակազմի վիճակը կայունացնել` անհրաժեշտության դեպքում իրականացնել անհետաձգելի վիրահատական միջամտություն, և ապահովել նրա ապահով էվակուացիան դեպի հոսպիտալներ` հետագա բուժումը անցնելու նպատակով:

«Համակարգն ունի վիրահատական և կարճատև հոսպիտալացման հնարավորություններ: Մեր այս ստորաբաժանումը ստեղծվելու է ԱՄՆ կողմից 2007-ին տրամադրված ԻՄԵԴՍ դաշտային հոսպիտալի հիման վրա: Երկրորդ ստորաբաժանումը ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասավորավորային գումարտակն է, որն այժմ Հայաստանի տարածքում իրականացնում է հումանիտար ականազերծում: Այն համալրվելու է վերջին տարիներին ահաբեկչական խմբավորումների կողմից լայնորեն կիրառվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման տեխնիկայով, անձնակազմն անցնելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան վերապատրաստում և տեղակայման դեպքում ապահովելու է միջազգային ուժերի կամ տարածաշրջանի բնակչության անվտանգ տեղաշարժը»,- նշել է փոխնախարարը:

Անդրադառնալով հարցին, թե այժմ ինչ ընթացքում է ստորաբաժանումների պատրաստման և գնահատման գործընթացը, երբ դրանք պատրաստ կլինեն տեղակայման համար և արդյոք ՀՀ նախագահի առաջարկը վերաբերում է ՄԱԿ-ի կոնկրետ առաքելությանը, Տոնոյանը նշել է.

«Ստորաբաժանումների պատրաստման համար պլանավորել ենք բավականին հավակնոտ ծրագիր, նախատեսում ենք աշխատանքներն ավարտել 2-3 տարվա ընթացքում: Սակայն ոչ բոլոր հարցերն են կախված հայկական կողմից: Անձնակազմի պատրաստումը պետք է իրականացվի մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, ունենք նաև տեխնիկական վերազինման խնդիր, որի լուծման հարցում նույնպես ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը»,- ասել է Տոնոյանը:

Ըստ նրա, առաջին փուլում նախատեսվում է գնահատող անձնակազմի վերապատրաստում, այնուհետև մինչև հիմնական գնահատման զորավարժությունը, ստորաբաժանումները կմասնակցեն մի քանի միջազգային զորավարժությունների: Նշված երկու ստորաբաժանումն էլ զուգահեռ հավաստագրում են անցնելու թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՄԱԿ-ի կողմից:

«Ստորաբաժանումների պատրաստումից և հավաստագրումից հետո դրանք կհամալրեն ՄԱԿ-ի այսպես կոչված «Խաղաղապահ կարողությունների պահեստային ուժերը», այսինքն` ՄԱԿ-ը նման ստորաբաժանումների անհրաժեշտության դեպքում կդիմի Հայաստանին դրանք այս կամ այն առաքելության շրջանակում տեղակայելու խնդրանքով, ինչին Հայաստանը կարձագանքի համաձայն ներպետական ընթացակարգերի»,- ասել է փոխնախարարը:

Դավիթ Տոնոյանի խոսքով, ստորաբաժանումները կլինեն ճկուն և պատրաստ տարածաշրջանային յուրահատկությունների առկայության դեպքում հատուկ նախատեղակայման վարժանք անցնելուց հետո` տեղակայվել ցանկացած տարածաշրջանում:

Կարդացեք նաև՝ ՀՀ նախագահը՝ ՄԱԿ-ում. Չնայած միջազգային հանրության ջանքերին, խաղաղապահությունը փխրուն է և խոցելի

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---