Դավութօղլուն կոչ է արել ԱՄՆ թուրքական համայնքին պայքարել հայերի, հույների և հրեաների դեմ

Դավութօղլուն կոչ է արել ԱՄՆ թուրքական համայնքին պայքարել հայերի, հույների և հրեաների դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, որն ԱՄՆ-ում է գտնվում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով, կոչ է արել թուրքական համայնքին ակտիվ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցող խմբերի ու կազմակերպությունների դեմ:

Ըստ Armenian Weekly-ի, Դավութօղլուն, մասնավորապես, կոչ է արել պայքարել հրեական, հունական, հայկական և մի շարք այլ լոբբիստական կազմակերպությունների դեմ, և շնորհակալություն է հայտնել թուրքական համայնքին Ցեղասպանության փաստի ճանաչման դեմ ուղղված քայլերի համար:

Ավելի վաղ Դավութօղլուն հանդիպում էր ունեցել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ, որի հիմնական թեման Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հուլիսին Բելգիայի խորհրդարանի ընդունած բանաձևն էր:

2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ հայկական կողմը ստացավ հրեական սփյուռքի կառույցների աջակցությունը: Դա արտահայտվեց ինչպես համապատասխան բանաձևերի ընդունմամբ մի շարք եվրոպական կազմակերպությունների կողմից, այնպես էլ համատեղ միջոցառումների կազմակերպմամբ: Ամերիկայի հրեաների կոմիտեի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում բարձր գնահատեց նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որի մասին հայտարարվեց ՄԱԿ ԳՎ շրջանակում Կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, որը գլխավորում էր կազմակերպության գործադիր տնօրեն Դևիդ Հարրիսը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորեց համատեղ միջազգային ջանքերը մարդկության դեմ կատարված հանցագործությունների դատապարտման և կանխարգելման գործում:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել է ԱՄՆ 44 նահանգ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---