Չարնեցկի. ՌԴ-ի հետ կապերը ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրին չեն խանգարի

Չարնեցկի. ՌԴ-ի հետ կապերը  ԵՄ-ՀՀ  նոր համաձայնագրին չեն խանգարի

PanARMENIAN.Net - Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների հարթակը պետք է հստակեցվի: Այս մասին ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին:

«Այժմ հարմար ժամանակ է ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր փուլ սկսելու համար: Սա նոր շրջան է, և Բրյուսելը շուտով ներկայացնելու է երկկողմ համաձայնագրի նոր փաթեթ: Ես հույս ունեմ, որ Հայաստանի և Եվրամիության միջև կձևավորվեն նոր տիպի հարաբերություններ: Գուցե այդ համաձայնագիրը չլինի նախկինում եղած Ասոցացման համաձայնագրի պես, բայց այն կներառի նոր մոտեցումներ, որով մենք կշարժվենք առաջ»,- նշել է Եվրախորհրդարանի փոխնախագահը, գրում է Tert.am-ը:

Նա հավելել է, որ ՀՀ-ԵՄ միջև մշակվող նոր համաձայնագիրը լինելու է «շատ կոնկրետ». «Կարծում եմ, որ պետք է խիստ հստակեցվի հարաբերությունների հարթակը: ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է սկսվեն տնտեսական բլոկով: Կարծում եմ՝ Հայաստանի բնակչությունը եվրոպական տնտեսական համակարգի, ներդրումների կարիքն ունի: Այստեղից է պետք սկսել նոր հարաբերությունները»:

Հարցին, թե արդյո՞ք տնտեսական գործակցությունը չի հակասի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը, Չարնեցկին պատասխանել է.

«Ո՛չ, ես կարծում եմ, որ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ իր ազգային հետաքրքրությունները, շահերը համագործակցության բալանսավորված լինելու մեջ են, իհարկե՝ ոչ առանց Ռուսաստանի: Հասկանում եմ, որ ՌԴ-ի հետ ունեք խոր կապեր, բայց չեմ կարծում, որ սա կխանգարի ԵՄ նոր համաձայնագրին»:

Եվրախորհրդարանի փոխնախագահը նշեց նաև, որ հայերը խելացի ժողովուրդ են, և հասկանում են, որ ԵՄ հետ գործակցությունը Հայաստանի համար կլինի դրական:

Հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

Նոյեմբերին 4-ին Հայաստանում կանցկացվի Հայաստան-ԵՄ գործակցության կոմիտեի նիստը, իսկ նոյեմբերի 19-20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու կարևոր փաստաթուղթ:

2013-ի նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար դարձրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Կարդացեք նաև՝ ԵՄ ներկայացուցիչ. ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ազդեցությունը կարող է սահմանափակ լինել

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---