2007 թվականին Հայաստանը կսկսի երկրորդ խաղաղապահ գումարտակի ձեւավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրում է 2007 թվականին սկսել երկրորդ խաղաղապահ գումարտակի ձեւավորման գործընթացը: Այդ մասին նոյեմբերի 14-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը հայ խաղաղապահների վեցերորդ հերթափոխին Կոսովո ճանապարհելու հանդիսավոր արարողության ժամանակ: Նրա խոսքերով, «ի վերջո այդ գումարտակը պետք է վերածվի հրաձգային գումարտակի, որտեղ կծառայեն պրոֆեսիոնալ զինծառայողներ, եւ պետք է դառնա մեր ԶՈՒ ամենամարտունակ հիմնական ստորաբաժանումներից մեկը: Այսօր այն խաղաղապահ առաքելություն է կատարում, վաղը անհրաժեշտության դեպքում կարող է առաքելություն կատարել հանրապետության սահմաններում»: Արթուր Աղաբեկյանը հաղորդել է նաեւ, որ հայ զինծառայողները համագործակցության մեծ փորձ են կուտակել: «Եթե նախկինում համագործակցությանը մասնակցում էին միայն սպաներ, ապա այժմ սերժանտներն ու շարքայինները նույնպես մասնակցում են մասնագիտական պատրաստվածության բարձրացման տարբեր միջազգային միջոցառումների»,-նշել է փոխնախարարը:



«Կա պաշտպանության նախարարի հրամանը գումարտակի շարքերի լրացման ժամանակացույցի վերաբերյալ: Միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում ստանձնած պարտավորությունների համաձայն, մինչեւ 2010 թվականը մենք պետք է ունենանք լիովին կոմպլեկտավորված խաղաղապահ գումարտակ»,-հաղորդել է գեներալ-լեյտենանտը, նկատելով, որ ներկայումս կոմպլեկտավորումը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի «առաջ չգնանք շատ արագ տեմպերով եւ չխախտենք ժամանակացույցը»: «Մենք կարծում էինք, թե անձնական կազմի առումով դժվարություններ կառաջանան խաղաղապահ գումարտակի կազմավորման գործընթացում: Սակայն կյանքը ցույց տվեց, որ երիտասարդությունը ցանկություն ունի ծառայելու այդ գումարտակում»,-այդ առիթով ասել է Ա.Աղաբեկյանն` անդրադառնալով խաղաղապահ գումարտակի ամբողջական կոմպլեկտավորման կոնկրետ ժամկետին: Ընդ որում, փոխնախարարը հաղորդել է, որ այս պահի դրությամբ արդեն կա 60 դիմում եւ «եթե մենք շարունակենք հավաքագրումը, մինչեւ տարեվերջ կամ հաջորդ տարվա առաջին եռամսյակում մենք կունենանք 100 տոկոսով կոմպլեկտավորված խաղաղապահ գումարտակ»: Նա նաեւ հավելել է, որ խաղաղապահ գումարտակում կարող են ծառայել Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումներում պարտադիր զինծառայությունն անցած երիտասարդներ: «Մենք ակնկալում ենք, որ ապագայում խաղաղապահ գումարտակը կվերածվի բրիգադի»,-նշել է նա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---