Սիրիական բանակը 50 բնակավայր է ազատագրել Հալեպ գավառում

Սիրիական բանակը 50 բնակավայր է ազատագրել Հալեպ գավառում

PanARMENIAN.Net - Սիրիական բանակն ազգային պաշտպանության ջոկատների և «Անապատի արծիվներ» աշխարհազորայինների աջակցությամբ մոտ 120 քկմ է ազատագրել` 50 բնակավայր Հալեպ գավառի հարավ-արևելքում: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին իր աղբյուրների վրա հղումով:

Նշվում է, որ կառավարական զորքերն «առաջ են անցնել Իդլիբի ուղղությամբ, Լյուդեհի և Հադդաինի բնակիչները սկսել են վերադառնալ»: Գործողության մասին որոշումն ընդունվել է ռուսական օդուժի կողմից ահաբեկիչների ենթակառուցվածքների ոչնչացումից հետո, հայտնում է Lenta.ru-ն:

Հոկտեմբերի 26-ին սիրիական զորքերն ակտիվացրեցին հարձակողական գործողությունները: Նշվում էր, որ գրոհայինները մեծ կորուստներ են կրում: Արևմտյան Գուտայի շրջանում ամբողջությամբ ոչնչացվել է «Աջնադ աշ Շամ» խմբավորումը: Հաղորդագրություններ ստացվեցին նաև Սնեյսել և Մահատտա գյուղերի ազատագրման, իսլամիստների հրամանատարական կետերի և հրետանային դիրքերի ոչնչացման մասին:

Նույն օրը սիրիական կառավարական ուժերն ազատագրեցին նաև երկրի գլխավոր ավտոմայրուղու մի մասը:

Մինչդեռ Հալեպն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Խանասերը, փակ է, քաղաք մտնելն ու քաղաքից դուրս գալն անհնար: Արդեն երկու օր է էլեկտրականություն չկա, խափանված է նաև ջրամատակարարումը: Սննդամթերքի գները գնալով աճում են: Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթն իր Facebook-յան էջում:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Մինչդեռ ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարեց, որ հոկտեմբերի սկզբից առնվազն 120.000 մարդ է լքել տները Հալեպում, Համայում և Իդլիբում մարտական գործողությունների պատճառով:

Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության 4,5 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 250 հազար մարդ, ավելի քան 4 մլն դարձել է փախստական: Հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում 12 միլիոնը, որոնցից գրեթե 500 հազարը դժվարանցանելի շրջաններում է գտնվում: Ինչպես 2015-ի հոկտեմբերի սկզբին հայտնել է ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությունն, աշխարհում փախստականների, ապաստան հայցողների և ներքին տեղահանվածների քանակը գերազանցել է 60 միլիոնը և շարունակում է աճել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---